Վերնատուն

Պատմական ողբերգություններն ու «սառույցի մեջ ապրող կարմիր մեխակներն» արվեստում․ «Վերնատուն»

Արվեստաբանության թեկնածու, ԵՊՀ դասախոս Հռիփսիմե Վարդանյանը խոսում է իր գիտական հետաքրքրությունների մասին՝ անդրադառնալով «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսում տպագրված «Քաղաքակրթությունների պատերազմը հայ նկարիչների ստեղծագործություններում» հոդվածին։

Խոսելով հայ նկարչության մեջ ողբերգական էջերի ու պատերազմների ներկայության մասին, Հռիփսիմե Վարդանյանը նշում է, որ ռազմի տեսարաններն հնագույն ժամանակներում հաճախ քարոզչական նպատակ են ունեցել։ Անդրադառնում է հայ արվեստագետների ստեղծագործություններին, որտեղ պատկերված են հայոց պատմության ողբերգական տեսարարնները՝ Վարդանանց պատերազմից մինչև Ցեղասպանություն։ Հոդվածում արվեստաբանն առաջնորդվել է ըստ պատմական դեպքերի հերթականության։

Ասում է, արվեստագետի ստեղծագործություններում կարևոր դեր ունի ժամանակը, որի մասին խոսում է, ժամանակաշրջանը, որ նա ապրում է և հոգեվիճակը։ Խոսելով ազգային արվեստի առանձնահատկությունների մասին, նշում է որ դա մանրանկարչկան դետալներն ու խորհրդանիշները չեն և էդտեղ որոշակի չափանիշներ չկան՝ եթե հայ ես ու քո արվեստում անկեղծ, ուրեմն դա արդեն ազգային է։

Առաջիկայում հրատարակության է պատրաստում Ռուդոլֆ Խաչատրյանի մասին մենագրությունը։

Խոսելով արվեստի դերի մասին, Հռիփսիմե Վարդանյանն ասում է որ չէր ուզենա արվեստին նայեն որպես կից մի բանի։ Արվեստն ապրելաձևն է։ Պատմում է, որ 90-ականների ցուրտ ու մութ տարիներին հայրը իրենց տան պատուհանագոգին կարմիր մեխակներ էր աճեցրել և գորշ, ճերմակ սառույցների մեջ՝ մեխակների կարմիրը լուսավոր կետի էր նման։ Անցորդները կանգ էին առնում, իրար ցույց էին տալիս ու ժպտում։

«Պարտադիր չէ նկարիչ լինել, պետք է անկեղծ ապրել ու անկեղծությունը փոխանցել՝ անկախ ամեն ինչից», – ասում է Հռիփսիմե Վարդանյանը։

Back to top button