Խոշորացույց

Հայաստանը քրիստոնեական աթեիզմի բավիղներում. «Խոշորացույց»

Հարյուր տարի առաջ Հայաստանում նոր էին սովորում տոնել հունվարի 1-ը։ Մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը հունվարի 1-ը մեր ժողովրդի համար տոնական չէր։ Նախեւառաջ այն պատճառով, որ դա միշտ սուրբծննդյան պահքի մաս էր կազմում։ Միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո, երբ եկեղեցին բաժանվեց պետությունից, ապա եւ սկսվեց դրա հեղինակազրկումը, Հայաստանում հունվարի 1-ը եկավ փոխարինելու հունվարի 6-ին` Սուրբ Ծննդին։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո կրոնի եւ եկեղեցու հեղինակազրկումը հատուկ էր նաեւ Եվրոպայում։ Մեծ արյունահեղության հանգեցրած այդ պատերազմը եվրոպական հասարակությանը բերեց հավատի ճգնաժամի, որն էլ ավելի խորացավ Երկրորդ աշխարհամարտից հետո։ Դրանից սկսված ավարտվում է Եվրոպայում սեկուլյար կամ աշխարհիկ պետությունների ձեւավորման գործընթացը, որի մեկնարկը, կարող ենք ասել, տրվել էր դեռ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։

Մեր պատմության մեջ ողբերգական տարեթվերն ու իրադարձությունները շատ-շատ են, որ կարող է բաժին ընկնել մի ժողովրդի։ Մեր ողբերգության պատճառը մարդիկ հաճախ փնտրում են 301 թվականի` քրիստոնեությունն ընդունելու մեջ։

Աստվածաբան Գառնիկ Հարությունյանը վտանգավոր է համարում պատմության ողջ ընթացքը մի գործոնով պայմանավորելը։ Նա հարկ է համարում հիշեցնել քրիստոնեական մշակույթ ունեցող մեծ տերությունների օրինակը, որոնք դերակատարություն ունեն համաշխարհային գործընթացներում։

Նա համաձայն է, որ կրոնական ընտրությունը հայ ժողովրդի համար շատ կարեւոր է։ «Տրդատ Մեծը մտածել է մինչ դա անելը, որովհետեւ այդ քայլով ինքը բարեկամներ ձեռք չի բերել»,- ասում է աստվածաբանը։ Իսկ այդ ժամանակ` պետության կրոնը որոշվում էր միապետի կրոնով։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Քրիստոնեական կամ առաքելական աթեիզմ. այս թեմայի շուրջ ենք խոսում աստվածաբան, Մատենադարանի ավագ գիտաշխատող, ԹեոԼաբ գիտավերլուծական կենտրոնի համահիմնադիր Գառնիկ Հարությունյանի հետ։

Back to top button