Սփյուռքի ձայնը

Սփյուռքահայ և հայաստանցի գրողների արտահայտման հարթակ «Բագին» գրական հանդեսը՝ 60 տարեկան է․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի ու Հայաստանի միջև գրական կամուրջ հանդիսացած ու ավելի քան վեց տասնամյակ արևմտահայ դասական ու ժամանակակից գրողներին համախմբած «Բագինը» սփյուռքի գրական կյանքի լավագույն արտացոլումն է, երիտասարդ մտավորականների արտահայտման հարթակը, ասում է «Բագինի» այսօրվա խմբագիր Սոնյա-Սանան Քելիջյան-Աճեմյանը:

Սփյուռքի գրական կարևոր հանդեսի` «Բագինի» 60-ամյա գործունեության ընթացքում բազմաթիվ  սփյուռքահայ ու հայաստանցի գրողներ, հրապարակախոսներ իրենց քայլերն են սկսել՝ գրական հանդեսին վստահելով մտքերի թռիչքները, մտորումներն ու անհանգստությունները:

Սոնյա Քելիջյանը, որն այսօր բնակվում է Կանադայում, նշում է, որ հեռավորությունը «Բագինի» խմբագրման համար խնդիր չէ.

«Եթե որևէ երիտասարդ գրական ստեղծագործությամբ գալիս է «Բագին», նրա համար ճանապարհներ ենք հարթում, մղում նոր գործեր գրելու»,- ասում է հանդեսի խմբագիրը, բանաստեղծուհին, ում ժամանակին նույն ուղղությունն է  ցույց տվել  Պողոս Սնապյանը՝ «Բագինի» երկարամյա խմբագիրը:

Ո՞րն է այսօրվա գրականության ու սփյուռքահայ գրողի՝ հասարակություն ձևավորելու առաքելությունը, Սոնյա Քելիջյանը նշում է. «Նախ՝ հայերենով ստեղծագործելը, ինչն այսօր, ցավոք, նվազել է: Լեզվամտածողություն ձևավորելը և այլն»։

Հանդեսի խմբագիրը նշում է շատ օտարագիր գրողներ ստեղծագործելու համար  հասուն տարիքում որոշում են հայերեն սովորել և ստեղծագործել հայերենով:  

Պրոֆսիոնալ գրողներն ու հայեցի մտածող շատ գրողներ, նշում  է Սոնյա Քելիջյանը, իրենց գործերում ոչ միշտ են նշում հայրենիքը սիրելու մասին, Հայաստանի հետ կապի մասին, սակայն գործն ընթերցելուց հետո հայրենասիրության ու հայապահպանության կարևոր զգացում է արթնանում՝ ավելի մոտեցնելով քո արմատներին։

60-ամյա «Բագինի» խմբագիրը իրենց կարևոր աշխատանքներից է համարում հանդեսի բոլոր գործերի թվայնացումը, կայքի հիմնումը:

 «Կարողացել ենք հազարավոր գործեր թվայնացնել: Գործեր, որոնցից շատերը անտիպ են»,- ավելացնում է:

Back to top button