Երաժշտական եռանկյունի

Գրիգոր Առաքելյանի «հայկական վիոլան»՝ միջազգային հարթակներում․ «Երաժշտական եռանկյունի»

Խոսելիս ազգային երաժշտության մասին առաջին հերթին հենվում են այն հարուստ ժառանգության վրա, որը չի սահմանափակվում աշխարհիկ և հոգևոր երաժշտության վավերագրումներով՝ նոտայագրված կամ ժամանակին ձայնագրված, այլ նաև ընդգրկում է նվագարանների այն պաշարը, որը գործածվում է այսօր, կամ գործիքների, որոնց մասին մեզ հասել են միայն հիշատակումներ, կամ պատմական տեղեկություններ։ Այնինչ նույնիսկ ավանդական նվագարանները ժամանակի ընթացքում կատարելագործվում և փոփոխվում են, ըստ ժամանակի պահանջների։

«Հայկական ջութի մասին տեղեկությունները հայտնի են ավելի վաղ շրջանից, քան Եվրոպայում գոյացել է նույն սկզբունքով և արտաքինով աղեղային գործիք՝ ջութակը։ Ջութը չունենք՝ մեզ չի հասել, ինչպես նաև բազմաթիվ այլ նվագարաններ, որոնց պատկերները կարող ենք հանդիպել հայկական մանրապատկերներում և գրքերի ձաղկազարդումներում։ Նման իրադրությունը թույլ է տալիս մեզ ենթադրաբար ստեղծելու «նոր» նվագարաններ, որոնք չկան, բայց կարող էին լինել»-ասում է թավջութակահար, կոմպոզիտոր և դիրիժոր, հայկական վիոլայի նվագող՝ Գրիգոր Առաքելյանը։

Հենց նրա առաջարկով վինահար վարպետ Մարտին Երիցյանը ստեղծել էր նվագարան, որն անվանվել է «հայկական վիոլա»։ Գործիքը պատկանում է միջնադարյան վեց լարանի Վիոլա դա Գամբաների տեսակին, բայց ունի մի շարք առանձնահատկություններ, լարվածքի, կառուցվածքի և արտաքին տեսքի առումով։ Տարիների ընթացքում, Գրիգոր Առաքելյանը այդ նվագարանի համար փաստացի ստեղծել է փոխադրությունների, մշակումների և սեփական ստեղծագործությունների ամբողջական նվագացանկ, որը մշտապես համալրվում է նորանոր ստեղծագործություններով, ինչպես նաև բազմիցս հանդես է եկել ելույթներով և համերգներով Հայաստանի և աշխարհի տարբեր համերգային և փառատոնային հարթակներում։

Վերջին շրջանի կարևոր միջազգային իրադարձություններից, երաժիշտը առանձնացնում է Փարիզում կայացած «Ինալկո» ինստիտուտում կազմակերպված միջազգային գիտական կոնֆերանսը, որին նա հրավիրվել էր առանձին զեկույցով «հայկական վիոլայի» մասին։ Այնտեղ խոսվեց գործիքի կոնստրուկտիվ և նվագելու տեխնիկայի հետ կապված հարցերի շուրջ, ինչպես նաև ներկայացվեցին հնագույն հայկական, դասական և նոր ժամանակակից երաժշտության օրինակները։

Մի քանի ամիս առաջ, Կիևում կազմակերպված երաժշտի երկու համերգները ծանոթացրեցին հայկական եկեղեցական համայնքին և ուկրաինացիներին հայկական երաժշտությանը հայկական վիոլայի կատարմամբ։ Նշանակալից իրադարձություն էր նաև Գրիգոր Առաքելյանի մասնակցությունը Լեհաստանյան Բախի երաժշտական 24-րդ փառատոնում, ուր նա ներկայացրեց նվագացանկ, որի մեջ ընդգրկված էին Բախի և հայկական միջնադարյան երաժշտության կատարումները, որոնք թույլ տվեցին ներկաներին ունկնդրել, ոչ միայն ծանոթանալ հայկական վիոլայի ուրույն հնչեղությանը, այլ նաև համադրել երկու երաժշտական տիրույթների գեղագիտական և գեղարվեստական արժեքը։

Այսպիսով, եզակի նվագարանի՝ եզակի կատարող Գրիգոր Առաքելյանը իր նվագարանի միջոցով հետևողական ներկայացնում և հանրահռչակում է ավանդական, հոգևոր և ժամանակակից հայ երաժշտությունը միջազգային գիտական, համերգային, և փառատոնային հարթակներում, արդիականացնելով հինը՝ նորի միջոցով։

Հաղորդման ընթացքում, առաջին անգամ հանրային ռադիոյի եթերում, հնչում են Գրիգոր Առաքելյանի «հայկական վիոլայի» Լեհաստանի Բախի 24-րդ երաժշտական փառատոնի ելույթի կատարումները։

Back to top button