Ժամանակի վկան

Քննադատական մտածողություն․ Դեկարտի «մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ»-ից առ այսօր․ Սերոբ Խաչատրյան․ «Ժամանակի վկան»

Հաշվի առնելով մեր ժամանակների վիթխարի մարտահրավերները, որոնք ծառացած են հասարակությունների առջև ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում, մտահայեցողական վերլուծությունների և եզրակացությունների միջոցով հարցերի ու խնդիրների օբյեկտիվ վերլուծությունն ու գնահատումը էական նշանակություն ունի և անհրաժեշտություն է։

Հետխորհրդային Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, ճիշտ հարցեր տալու, ապա այլընտրանքային տեսակետների, մտքերի քննարկման և դիտարկման միջոցով հավաստի և համապատասխան տեղեկատվության հավաքումը, գրեթե բացակայում է:

Այսօր, առավել, քան երբևէ, հատկապես Հայաստանում անհրաժեշտ է քննադատական մտածողության զարգացումը, ի մասնավորի՝ կեղծ լուրերը տարբերակելու համար։

Սերոբ Խաչատրյան

«Ժամանակի վկան» հաղորդաշարի առաջիկա հաղորդումներում պաբերաբար անդրադարձ կանենք քննդատական մտածողության տարբեր հարցերին։ Վերջին տարիներին նաև Հայաստանում մեծ հետաքրքրություն առաջացրած և քննարկումների կիզակետում հայտնված այս թեման կփորձենք վեր հանել տարբեր գիտակարգերի և ոլորտների մակարդակով։ Հաղորդումներին կմասնակցեն քննադատական մտածողությունը ոչ միայն գիտականորեն ուսումնասիրած, այլև տեսությունը գործնականում կիրառության մեջ դրած մասնագետներ։

Այս նախագծի նպատակն է հանրությանը տեղեկացնել, թե ի՞նչ է քննադատական մտածողությունը, ինչպե՞ս է այն գործնականում կիրառվում կամ ի՞նչ հետևանքների կարող  է հանգեցնել դրա պակասը, որպես մտածելակերպ ի՞նչ նշանակություն ունի ակադեմիական և ինստիտուցիոնալ գործունեության և որոշումների կայացման մեջ։

Օրինակ՝ ինչպե՞ս են գիտնականները, փորձագետները, մանկավարժները և այլ գիտակներ խիստ կերպով կասկածի տակ դնում տարատեսակ գաղափարները և ենթադրությունները, այլ ոչ թե դրանք ընդունում սկզբնական վիճակով կամ անվանական արժեքով: Ոչ թե ինտուիցիայով կամ բնազդով, այլ քննադատաբար նրանք բացահայտում, նույնականացնում, վերլուծում և համակարգային լուծումներ են տալիս խնդիրներին։

Տեղեկացնեմ նաև, որ հաղորդումների այս շարքը եթեր է հեռարձակվում Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան (Calouste Gulbenkian Foundation) Հայկական Բաժանմունքի (Armenian Communities) աջակցությամբ, որի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։

Այս շարքի առաջին հաղորդման ընթացքում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ կներկայացնենք քննադատական մտածողության ակունքները, որպես գիտակարգ կամ տեսություն՝ հիմնադրման պատմությունը, էությունը, հիմնական հասկացություններն ու ձևակերպումները։

Քննադատական մտածողությունը, որպես առանձին գիտական համակարգ, սկսեց ինքնուրույն շրջանառվել 17-րդ դարից սկսած։ Սա չի նշանակում, որ մինչև այդ քննադատական մտածողություն ունեցողներ կամ դրա կարևորությունը ընկալողներ կամ այդ մասին բարձրաձայնողներ չեն եղել։ Ավելին․ ռացիոնալ մտածողության և գաղափարների ըմբռնման միջև տրամաբանական կապերը հասկանալու գործընթացի բացատրությունը տվել են դեռևս Հին Հունաստանի իմաստասերները։

Դեկարտից հետո փիլիսոփայական նոր մոտեցումներ եղան, որոնց հեղինակները փորձեցին ավելի խորանալ իմացական խնդիրների մեջ։ Սա հանգեցրեց 18-րդ դարում քննադատական մտածողության նոր փուլին, որը համընկավ լուսավորականության ժամանակաշրջանին։

Համաշխարհային փիլիսոփայության կարկառուն դեմքերից Իմանուիլ Կանտի գաղափարները հիրավի հեղափոխական նշանակություն ունեցան քննադատական մտածողության տեսությունը նոր մակարդակի և նոր ընկալման հասցնելու առումով։

Քննադատական մտածողության տեսության զարգացման հաջորդ փուլը 20-րդ դարում էր, երբ հասարակական, տնտեսական, գիտական, տեխնոլագիական, առաջընթացները նոր պահանջներ ձևավորեցին և նոր մարտահրավերների առջև կանգնեցրին առանձին անհատներին և, ընդհանուր առմամբ, հասարակություններին։

21-րդ դարի մարդու և հասարակությունների առջև ավելի խիստ պահանջներ են դրված՝ քննադատաբար դիտարկելու, քննելու, ընկալելու, վերլուծելու, տրամաբանելու, համեմատելու, համադրելու շրջապատող աշխարհը, առանձին երևույթները, տեղի ունեցող իրադարձությունները և այդ ամենի միջև եղած կապերը։ Քննադատական մտածողություն ունենալը էլիտաների մենաշնորհը չէ այլևս, այլ՝ յուրաքանչյուր անհատի։

Սակայն պարզվում է քննադատական մտածողություն ունեցող մարդիկ նաև վտանգավոր են։ Ինչու՞։

Քննադատական մտածողության զարգացման պատմական փուլերի մասին այս հանգամանալից բացատրությունից հետո ձևակերպենք, թե ի՞նչ ենք հասկանում քննադատական մտածողություն ասելով։ Ի՞նչպես է այն սահմանվում կամ բացատրվում։

Ամփոփելով շարքի առաջին հաղորդումը, հավելեմ, որ Հայաստանում կարիք կա քննադատական մտածողության հարցերը լայնորեն քննարկելու գիտնականների, լրագրողների, փորձագետների, մասնագետների և այլոց հետ, այդպիսով լրացնելու լրատվամիջոցների լուսաբանումներում, բանավեճերում և քննարկումներում եղած բացը, որոնք միասին կարող են ձևավորել թեմայի վերաբերյալ հանրային համապատասխան ընկալունակության որոշակի մակարդակ, հատկապես վիճարկելի հարցերում ավելի հստակություն մտցնելու, նաև նպաստելու ավելի լայն ընկալում ապահովելուն։  Բացի այդ, նկատենք, որ բավարար չեն նաև այս թեմայով եղած և կատարվող հետազոտությունները՝ գրքերը, հոդվածները, հրապարակումները, ուսումնասիրությունները և այլն։

Նշեմ նաև, որ հաղորդման ընթացքում արտահայտված կարծիքները անպայման չեն ներկայացնում Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան տեսակետները։ Հիմնարկության աջակցությունը չի նշանակում որևէ կարծիքի կամ դիրքորոշման հաստատում։

Back to top button