Մոռացված ֆիլմերի ստվերները

Անվտանգ երթևեկությունը և Լևոն Իսահակյանի «Երջանկություն» ֆիլմը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հայ կինոյի պատմությունը թերթելիս հասկանում ենք, որ մենք այդ կինոյի անբաժան մասնիկն ենք։ Ժամանակին շատ ենք դժգոհել ու հարցականի տակ դրել դրա որակները՝ հայկական կինոարտադրությունն ավելի ուժեղ, հարուստ տեսնելու մղումով։ Բայց գոհ լինենք, թե դժգոհ, լավ, թե վատ՝ բոլորս էլ գիտակցում ենք, որ ունեցել ենք մեր ազգային կարևորագույն արժեքներից մեկը՝ հայկական կինոն։

Եթե մեր կինոյի պատմությունն ենք թերթում, ուրեմն շատ դրվագներ ճշտելու համար պիտի դիմենք խորհրդային տարիներին լույս տեսնող «Ֆիլմ» թերթի գլխավոր խմբագիր, կինոլրագրող Ռոբերտ Մաթոսյանի օգնությանը։ Նա մեկ անգամ չէ, որ հանդիպել է հայ նշանավոր ռեժիսորներին, զրուցել, հետագայում այդ զրույցը վերծանել և տպագրել «Ֆիլմ» թերթում։ Այդպես է ծնվել նաև հայկական կինոյի ամենաերկարակյաց ռեժիսոր Լևոն Իսահակյանի մասին ակնարկը։

Հանրային ռադիոյի տաղավարում իր ավագ ընկերոջ մասին զրուցելու իմ առաջարկը Ռոբերտ Մաթոսյանը սիրով ընդունեց։ Վերհիշելով Լևոն Իսահակյանին, Ռոբերտ Մաթոսյանն ասաց, որ երկրորդ համաշխարհային պատերազմը կասեցրեց նրա սերնդի մուտքը հայ կինո։  

Հայրենական պատերազմից անմիջապես հետո Լևոն Իսահակյանը ձեռնամուխ եղավ «Երկիր հայրենի» լիամետրաժ վավերագրական ֆիլմի էկրանավորմանը։ Այդ ֆիլմում օգտագործելով կադրեր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայերի ցեղասպանությունից, նա առաջին անգամ կինոյի միջոցով բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին։

Ռոբերտ Մաթոսյան

«Փաստագրական այս ֆիլմը ցուցադրվեց Մերձավոր Արևելքի այն երկրներում որտեղ ապաստան էին գտել եղեռնից մազապուրծ հայերը։ Եվ կարելի է ասել, որ ֆիլմն իր ասելիքով նպաստեց 1946 թվականի հայրենադարձությանը, որովհետև շատերը իմացան Խորհրդային Հայաստանի կազմավորման մասին», —ասում է Ռոբերտ Մաթոսյանը։

Կինոռեժիսորներ Լևոն Իսահակյանն ու Հենրիկ Մալյանը «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի նկարահանման ժամանակ

Խորհդային տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ էին դառնում բազմաթիվ մարդիկ։ Այդպիսի պատահարների մեծ մասը տեղի էր ունենում երթևեկության կանոններն արհամարհող, անբարեխիղճ վարորդների մեղքով։ Այդ դեպքերը կանխելու և նվազեցնելու նպատակով Խորհրդային Հայաստանի պետավտոտեսչությունը «Հայֆիլմ» կինոստուդիային պատվիրեց մի ֆիլմաշար նկարահանել։

Կինոստուդիայի ղեկավարությունն այդ առաջարկին արձագանքեց մեծ ոգևորությամբ։ Ֆիլմաշարի նկարահանումները վստահվեցին «Հայֆիլմ» կինոստուդիայի փորձառու ռեժիսոր Լևոն Իսահակյանին։ Անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին սցենարիստներ Էվերտ Պայազատյանը և Հենրիկ Մարգարյանը գրեցին պետավտոտեսչության պատվերով ստեղծվող ֆիլմաշարի առաջին ֆիլմի սցենարը։

Ողբերգական ավտովթարից մահացած տարեց մոր միակ զավակի մասին պատմող «Դժբախտ պատահար» վերնագրով սցենարը «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագրական կոլեգիան միանգամից հաստատեց, որից հետո Լևոն Իսահակյանը զբաղված էր դերասանական կազմի ընտրությամբ։

«Դժբախտ պատահար» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերայից հետո, Լևոն Իսահակյանը շարունակեց նկարահանել այդ շարքի հաջորդ ֆիլմերը։ Մեկ տարի անց էկրան բարձրացավ «Հարվածին ընդառաջ» կարճամետրաժը, որին էլ հաջորդեցին «Սովորական հերթապահություն», «Հասարակական պարտականություն» ֆիլմերը։

Շարքի վերջին՝ «Երջանկություն» կարճամետրաժը Լևոն Իսահակյանը նկարահանեց 1990 թվականին։ Այս ֆիլմում ներգրավվեցին և՛ պրոֆեսիոնալ, և՛ ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ Սեփական ավտոմեքենա ունենալը երջանկություն համարող տիկին Արաքսյայի կերպարը ֆիլմում մարմնավորեց Ջուլիետ Բաբայանը։

Սունդուկյանի անվան  թատրոնի բեմում տարբեր կերպարներ մարմնավորող Ջուլիետ Բաբայանի դերասանական խառնվածքը մշտապես հետաքրքրել է նաև կինոռեժիսորներին։ Նա պատմում է, որ թեև Լևոն Իսահակյանը ֆիլմաշարի վերջին կարճամետրաժը նկարահանեց պատկառելի տարիքում, բայց իր երիտասարդական ավյունով նա ոգևորում էր նկարահանող խմբի բոլոր անդամներին։

Ջուլիետ Բաբայան

«Նկարահանման ժամանակ մենք հոգնում էինք, ուզում էինք նստել, հանգստանալ, բայց նա ամբողջ ժամանակ կանգնած հետևում էր կատարվող գործողություններին և երբեք չէր էլ նստում։ Դիտողություն կամ խորհուրդ տալու ժամանակ մոտենում էր՝ շատ մեղմ, ցածր ձայնով իր ասելիքն ասում էր և հեռանում։ Նրա հետ աշխատելը և՛ պարտավորեցնող էր, և՛ հետաքրքիր», —նշում է Ջուլիետ Բաբայանը։

«Երջանկություն» ֆիլմը հեռուստատեսային պրեմիերայից հետո էկրանային կյանք չունեցավ։ Ջուլիետ Բաբայանը դա բացատրում է մի շարք գործոնների՝ իրար հետ շաղկապված լինելու հանգամանքով։

«Այդ ժամանակ շատ խիստ էին ամեն ինչին վերաբերվում և ցանկացած մանրուք չհավանելու դեպքում ֆիլմը դատապարտվում էր մոռացության։ Բայց հիմա, երբ ես հնարավորություն եմ ունենում դիտելու՝ մի կողմ դրված այդ ֆիլմերը, հասկանում եմ, որ այսօր ստեղծվող և ցուցադրվող միանման ֆիլմերի կողքին իրենց ասելիքով այդ կինոնկարները տարբերվում են»,-ասում է Ջուլիետ Բաբայանը։

Լևոն Իսահակյանը հայ կինոյի պատվո մատյանում իր անունը գրանցեց որպես բազմաժանր ռեժիսոր։ Նա նկարահանել է բազմաթիվ լիամետրաժ, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմեր։ Բայց այդ ֆիլմերի ու հատկապես վարորդների համար ուսուցողական ֆիլմաշարի գոյության մասին այսօր գիտեն քչերը, մինչդեռ նրա ֆիլմերում ներկայացվող պատմությունները այսօր էլ արդիական հնչեղություն ունեն։

Back to top button