ՀարցուԳԻՏԱփորձ

Կլինի՞ արդյոք հավերժական ամառ․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Ի՞նչ է մեզ հետ տեղի ունենում, երբ ջերմաստիճանը 36.6-ից ընդամենը մի աստիճանով, կարելի է ասել՝ շատ քիչ, բարձրանում է․ ամբողջ օրգանիզմը խախտվում է, հիվանդանում է»։

Երկիր մոլորակը երկրի վրա ապրող մարդու չափ, գուցե ավելի, զգայուն է։ Եվ մինչև դարի վերջ այն գուցե լուրջ հիվանդանա, քանզի հավանաբար ջերմությունը 3-4 աստիճանով կբարձրանա։

«Գլոբալ փոփոխությունը կապված չէ մեզնից, գլոբալ փոփոխությանը պետք է հարմարվել, դրա դեմ պայքարել չենք կարող»։

Բարև, սա «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր պարզելու ենք՝ կլինի՞ արդյոք հավերժական ամառ։

***

Ջերմաչափին +40 աստիճան ըստ Ցելիսուսի տեսնող մարդիկ չեն կարող պատկերացնել օրերը, որոնցում ջերմաչափը, եթե այն լիներ, -40 ցույց կտար։ Կես մետրը գերազանցող ձյունը որպես էկզոտիկ մի երևույթ դիտարկողներս կարող ենք կարծել՝ ձնագնդի խաղալու լավ հնարավորություն է եղել։ Բայց դա ժամանակն էր, երբ Երկիրն էր ձնագունդ դարձել։ Հարավային Աֆրիկայում գտնված սառցադաշտերը այնքան հաստատուն-սառցե էին, որ հասան մարդուն, ուսումնասիրվեցին ու բացահայտեցին՝ նեոպրոտերոզոյան դարաշրջանում՝ միլիարդից 500 մլն տարի առաջ, «հավերժական ձմեռ» էր ողջ մոլորակում։

Հետո մոլորակը հալվեց։ Դա շարունակվեց՝ ստանալով ահասարսուռ, գրեթե ապոկալիպտիկ նշանակություն։ Մարդուն հորդորեցին մտահոգվել գլոբալ տաքացման հիմնախնդրով, քանզի այն գուցե աղետալի հետևանքներ ունենա։

Երկիրը, որ հավերժական ձմեռ է տեսել, կարո՞ղ է արդյոք հավերժական ամռան բախվել, մա՞րդն է ջերմացնում մոլորակը՝ բառի ուղիղ իմաստով, կարևո՞ր ու հզո՞ր է այնքան, որ եղանակ փոխի։ Կարո՞ղ է մի օր ամառը սկսվել ու այլևս չավարտվել, ասենք, մի քանի միլիոն տարի․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Եթե դիտարկում ենք 1935 թվից ստացած տվյալների շարքերը, տեսնում ենք, որ 90-ականների երկրորդ կեսից արդեն ջերմաստիճանի բարձրացումն առավել հստակ, ցայտուն արտահայտված է։ Այդ ժամանակահատվածից մինչև օրս մենք ունենք միայն տաք տարիներ, այսինքն՝ շեղումները միջինի նկատմամբ եղել են դրական»։

«Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոն»-ի կլիմայի ծառայությունը մոտ 90 տարի, ամեն օր, 3 ժամը մեկ պարբերականությամբ չափում է Հայաստանի օդի ջերմաստիճանը։ Ծառայության պետ Արթուր Գևորգյանը պատմում է՝ այժմ դա արվում է երկրի տարբեր հատվածներում տեղակայված 45 օդերևութաբանական կայաններից։ Այսպես հետևում են ջերմաստիճանի շարժին ու արձանագրում՝ ամառը տարեցտարի ավելի սաստիկ ու երկար է լինում․

«Հայաստանի ամենատաք 3 տարիները դիտվել են վերջին տասնամյակում՝ 2010-ին եղավ ամենատաք տարին, դրան հաջորդեցին 2018-ն ու 2021-ը։ Ամենաբարձր ջերմատիճանը դիտարկումների ամբողջ պատմության մեջ դիտվել է 2011-ի հուլիսի 30-ին՝ Մեղրիում։ Ջերմաստիճանը հասավ 43.7 աստիճանի։ Նման ջերմաստիճան երբևէ չէր գրանցվել»։

Փոքրիկ ճշտում․ եթե վստահ եք, որ այս թվերը նվազեցրած են մարդկանց չանհանգստացնելու համար և իրականում «երկնքից կրակ է թափվում», ապա պետք է իմանաք․ Համաշխարհային օդերևութաբանության կազմակերպությունը մշակել է օդի ջերմաստիճանը չափելու հատուկ նորմեր, որոնք ընդհանուր են բոլոր երկրների համար։ Դրա համար ջերմաչափը դրվում է ստվերոտ, արևի ուղիղ ճառագայթներից հեռու հատվածում՝ փայտե հատուկ տնակների մեջ, գետնից 2 մետր բարձրության վրա։ Այսպիսով՝ արևի տակ ջերմաստիճանը պաշտոնական աղբյուրներից հայտնածի համեմատ մոտ 20 աստիճանով ավելի է լինում։

«Համաշխարհային օդերևութաբանության կազմակերպությունը յուրաքանչյուր տարի ամփոփոխում է Երկիր մոլորակի կլիմայի փոփոխության միտումները և ըստ այդ վերլուծությունների՝ 2015-2022-ը ներառյալ եղել են երկրագնդի ամենատաք տարիները։ 8 տարի անընդմեջ գրանցվել են բացարձակ տաք տարիներ»։

Սրա հետևանքով, օրինակ, բարձրացել է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը։ Վերջին 10 տարիներին 5 սմ բարձրացումը տպավորիչ ցուցանիշ է։ Պատճառը՝ սառցադաշտերի հալեցումն է։ Սակայն սա տաքացման հետևանքով առաջացած ու գիտնականներին հետաքրքրած միակ փոփոխությունը չէ․

«Շատ հետաքրքիր է, որ շեշտը դնում են նաև վտանգավոր, էքստրեմալ երևույթների գրանցման և դրանց փոփոխությունների վրա։ Անցած 2 տարիներին Եվրոպայում դիտվեցին շատ ուժեղ ջերմային ալիքներ՝ սաստիկ շոգ եղանակներ, որի արդյունքում, իհարկե ոչ ուղղակի, բայց անուղղակի պատճառներով տասնյակ հազարավոր մահեր դիտվեցին։ Շատ դժվար է ասել, որ սաստիկ շոգից մահացավ այդ մարդը, քանի որ ունեցել է ինչ–որ ուղեկցող հիվանդություններ, բայց անուղղակիորեն գիտնականները կապել են շոգ եղանակների հետ»։

Ամառը վաղուց միայն ամռանը՝ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին չի հանդիպում։ Եղանակների ընդունված բաժանումներն արդեն ժամանակավրեպ են և երբեմնի ամառն արդեն գարուն է, գարունը՝ խոր աշուն։ Բայց Արթուր Գևորգյանը չի հավատում, որ ամառը կերակրի մյուս եղանակներին վերացնելու աստիճան։ Ասում է՝ Արևը մեր լայնությունների հետ «վարվելու» հստակ կերպ ունի, փոխում է ճառագայթների անկյունը տարվա որոշակի հատվածում։ Հետևաբար, միշտ ինչ-որ պահի ավելի ցուրտ է լինելու, քան մյուս ժամանակահատվածներում։ Միակ հարցը այդ ցրտի և շոգի սաստկությունն է։

«Երբ ես սովորում էի դպրոցում և ընդունվեցի համալսարան, այդպես սուր չէր դրված հարցը։ Վերջին 20-30 տարում որոշակի ուժեր գտան մեծ ֆինանսներ ներդնելու և աշխատացնելու հարմար ճանապարհ և մարդկությանը սկսեցին պահել սարսափի մեջ, թե՝ տեղի է ունենում գլոբալ փոփոխություն, հավերժ ամառ կլինի, հավերժ ձմեռ կլինի։ Դա այդպես չի կարող լինել։ Այո, գլոբալ փոփոխություններ կան, բայց դա կախված չէ մարդու գործունեությունից, կախված չէ մարդուց, դա երկրագնդի զարգացման պատմությունն է»։

Կյանքի 83 տարիներից ավելի քան 60-ը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում անցկացրած Մարատ Գրիգորյանը լավ է հիշում այն ժամանակը, երբ թեման ակտուալ դարձավ։ Գլոբալ տաքացում, ասում է, լինում է։ Բայց մարդուն չի կարելի համարել այնքան ամենազոր, որ վերագրել եղանակի վրա ազդություն ունենանալու մեղքը։ Ըստ Գրիգորյանի՝ մոլորակը որոշումների հարցում ինքնաբավ է և մարդու միջամտությունը գլոբալ առումով ոչինչ չի կարող կանխել կամ խրախուսել․

«4 միլիարդ տարի առաջ երկրագունդը ծածկված էր լճերով։ Հետագայում տեղի են ունեցել այդ փոփոխությունները՝ երկրաբանական պրոցեսները, լեռնակազմական պրոցեսները և հրաբուխները, որը ձևավորել է ներկայիս երկրագնդի արտաքին տեսքը, ռելիեֆը։ Այդ փոփոխությունները միշտ եղել են ու կլինեն։ Եղել է սառցակալման ժամանակաշրջան։ Սառույցները հասել են մինչև Սև ծովի ափերը։ Դա երկրագնդի զարգացման պատմությունն է ու այդ փոփոխությունները միշտ կլինեն, դա չպետք է մարդկանց հուզի, մարդը պետք է ձգտի հարմարվելուն»։

Մարդն, ասում է, կարող է ազդեցություն ունենալ լոկալ տարածքներում։ Բայց, օրինակ, ջրի պաշարների նվազումը ոչ թե կլիմայական փոփոխություն է, այլ մարդու՝ այդ ռեսուրսները ճիշտ ծախսելու անկարողություն։ Եվ պետք չէ մեղադրել մեքենաներ վարողներին կամ գործարաններ աշխատեցնողներին։ Մոլորակը, Գրիգորյանի կարծիքով, այս ամենի նկատմամբ անտարբեր է․

«Այո, միլիոնավոր մեքենաների գազի արտադրությունը կամ գործարանների արտադրանքը տվյալ տարածքում մարդու համար վնասակար պայմաններ է ստեղծում, ծանր կենցաղային պայմաններ՝ ջրերի աղտոտում, մթերքների աղտոտում և այլն, և այլն։ Բայց դա կապ չունի գլոբալ տաքացման հետ։ Մեկ հրաբուխի ժայթքման ժամանակ հարյուրապատիկ անգամ ավելի շատ թունավոր գազեր են նետվում մթնոլորտ, քան տասնյակ տարիներ այդ գործարանների արտադրության ժամանակ։ Իսկ քանի՞ հրաբուխ է լինում երկրի վրա։ Բազմաթիվ հրաբուխներ են լինում, այն էլ հզոր հրաբուխներ, որոնք այդ թունավոր գազերը դեպի մթնոլորտ են մղում»,- կարծում է Մարատ Գրիգորյանը։

«Մարդը հիմա ցանկանում է կանխի դա, պետությունների առաջին դեմքերի մակարդակով ամեն տարի տեղի են ունենում կլիմայական հանդիպումներ։ Գոյություն ունի 2015-ի Փարիզյան համաձայնագիրը, որը նաև մենք ենք վավերացրել, կանխատեսվող 3-4 աստիճանը մինչև 2 աստիճանի կրճատելու պարտավորություն վերցրել։ Այսինքն՝ թույլ չտալ, որ երկրագնդի ջերմաստիճանը 2-ից ավել բարձրանա, իսկ ցանկալի է 1.5-ից։ Եթե այդ փոփոխությունը տեղի ունեցավ, կատաստրոֆիկ ու աղետալի հետևանքները մենք հավանաբար կտեսնենք»,- ասում է «Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոն»-ի կլիմայի ծառայության պետը։

Արթուր Գևորգյանի խոսքով՝ գիտնականներն այս հարցում հակադիր կարծիքներ ունեն։ Ինքն այն խմբից է, որը մարդուն հորդորում է ավելի զուսպ լինել գործունեության ընթացքում և չնպաստել մոլորակը «հիվանդացնելուն»։

«Գործում են կլիմայական մոդելներ, կարող ենք փորձարկումներ անել այդ մոդելներով։ Օրինակ՝ այդ մոդելից հանել մարդու գործունեության էֆեկտը և ինքը ցույց կտա ջերմաստիճանի շարքը և գումարենք մարդու գործունեության էֆեկտը և ինքը ցույց կտա շարքերի տարբերությունը։ Այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ ավելացնում ենք մարդու գործունեությունը երկրագնդի վրա, այդ դեպքում ջերմաստիճանի աճը բավականին մեծանում է»։

Այնուամենայնիվ՝ մոլորակն ապրում է իր կյանքով։ Եվ քանի դեռ հստակ չէ՝ մարդը գլոբալ ազդեցություն ունի՞ բնական երևույթների վրա, թե՞ ոչ, գիտնականները հորդորում են առավել հոգատարություն ցուցաբերել։ Քանզի հավերժական ամառը վտանգելու է ոչ թե մի քանի հազար կամ միլիոն մարդու, այլ ողջ երկրագնի կյանքը։

Back to top button