Մոռացված ֆիլմերի ստվերները

Արևի տակ իր տեղի համար պայքարող ֆիլմը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Աղասի Բաբայանի անունը այսօր ոչինչ չի հուշում կինոսերներին։ Բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի հեղինակ Աղասի Բաբայանն այսօր ավելի հայտնի է ռուսական հանդիսատեսին։ Մինչդեռ նա նպաստել է հայկական կինոյում նոր ժանրի ձևավորմանը։

70-ականների հայ կինոյի պատմության հարուստ ու հետաքրքիր տասնամյակը սկսվեց մի քանի վառ դեբյուտներով։ Դրանց շարքում կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Աղասի Բաբայանի «Տեղ արևի տակ» ֆիլմն էր։

Հայկական կինոյում կա մի հետաքրքիր օրինաչափություն՝ հենց դեբյուտներն են գրանցվում կինոյի ձեռքբերումների հաշվեմատյանում։ Այդպիսին էր Աղասի Բաբայանի «Տեղ արևի տակ» ֆիլմը։ Այն ռեժիսորի առաջին խոսքն էր «Հայֆիլմում»։

Աղասի Բաբայանը 1975 թվականին աշխատում էր «Տեղ արևի տակ» ֆիլմի էկրանավորման վրա։ «Հայֆիլմի» հրավերով Մոսկվայից Երևան եկած երիտասարդ ռեժիսորի կինոգործունեությունը հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն «Հայֆիլմում» այլ նաև «Ֆիլմ» թերթի խմբագրությունում։  

Հայ և խորհրդային կինոյի հաջողությունները ներկայացնող թերթի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը որոշեց հարցազրույց վերցնելԱղասի Բաբայանից։ Կինոռեժիսորի հետ նա հանդիպեց նկարահանման հրապարակում։  

Ռոբերտ Մաթոսյան

«Աղասի Բաբայանը ծնվել և մեծացել է Հայաստանում, բայց կրթությունը ստացել է ՎԳԻԿ -ում։ 70-ականների «Հայֆիլմի» կինոարատադրության մեջ պակասում էր մանկական կինոյի ժանրը և Աղասի Բաբայանը ժամանակին դա շատ ճիշտ զգաց։ Այդ ժանրի զարգացման միտումով,  նա եկավ Հայաստան և նկարահանեց «Տեղ արևի տակ» ֆիլմը, որտեղ կենդանիների միջոցով փիլիսոփայական մի ամբողջ աշխարհ ներկայացրեց»,- ասում է Ռոբերտ Մաթոսյանը։  

Անցյալ դարի 70-ականների սկզբին հիպիների ենթամշակույթը ներխուժեց Հայաստան։ Հիպիական ազատությամբ ոգևորված` Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական բաժնի ուսանող Ստեփան Շահինյանի մտքով չէր անցնում, որ իր հիպիական արտաքինը կնկատի «Տեղ արևի տակ» ֆիլմի ռեժիսորի ասիստենտ Էդուարդ Գևորգյանն ու այդ ֆիլմում նկարահանվելու առաջարկ կանի։

  Ստեփան Շահինյան

«Փողոցում զբոսնելիս հանդիպեցի Ռուբեն Հախվերդյանին։ Նա առաջարկեց միասին գնալ «Հայֆիլմ» որտեղ նրան պետք է վճարեին «Գտնված երազ» մուլտֆիլմի հոնորարը։ Ես դրսում սպասում էի նրա վերադարձին, երբ ինձ մոտեցավ մի երիտասարդ և ասաց. «Ֆիլմում կխաղա՞ք», ես պատասխանեցի․ «Իհարկե»»,- պատմում է Ստեփան Շահինյանը։  

Ասում են, որ ֆիլմի հաջողության գրավականը լավ երաժշտությունն է։ Համաձայնեք, առանց դինամիկ երաժշտության ու մեղեդիների կինոն ձանձրալի կլինի, մանավանդ, երբ բացակայում են երկխոսություններն ու գլխավոր հերոսները ոչ թե մարդիկ են այլ շան քոթոթները։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` Աղասի Բաբայանը դիմեց իր վաղեմի ընկերոջը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին։ Սակայն Հարոությունյանը շատ զբաղված էր, ուստի նրա խորհրդով Աղասի Բաբայանը ֆիլմի երաժշտության ստեղծման աշխատանքները վստահեց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին։

Մարտին Վարդազարյան

«Երբ ես դիտեցի նկարահանված նյութը, հասկացա, թե ինչ մեծ համբերությամբ  ու նվիրվածությամբ է կատարել իր աշխատանքը Աղասի Բաբայանը։ Այս ֆիլմում ես օգտագործեցի զուգահեռ հնչող երաժշտության սկզբունքը, այսինքն՝ երաժշտությունը համապատասխանեցրեցի  ամեն մի կադրին։ Աղասին ֆիլմի աշխատանքների ավարտին մի այսպիսի բան ասաց. «Ես համոզված եմ, որ Ալեքսանդր Հարությունյանը լավ երաժշտություն կգրեր, բայց ես շնորհակալ եմ, որ նա քեզ առաջարկեց և դու գրեցիր ճիշտ երաժշտություն»․ սա գնահատական էր»,-հուզմունքովով պատմում էր Մարտին Վարդազարյանը։

2000 թվականին Ռոբերտ Մաթոսյանը գործուղվեց Մոսկվա։ Գործուղման ժամանակ նա ծրագրել էր արդեն տարիներ անց ևս մեկ հարցազրույց վերցնել Աղասի Բաբայանից։ Ցավոք, այդ  մտահղացմանը վիճակված չէր իրականություն դառնալ։

«Զանգահարեցի տուն, կնոջ հետ պայմանավորվեցինք հանդիպման օրն ու ժամը։  Գնալիս մտքումս անընդհատ առանձնացնում էի այն թեմաները, որոնց շուրջ պիտի զրուցեինք։ Մտա տուն և անակնկալի եկա։ Կինն ասաց, որ Աղասին մահացել է։ Ամբողջ երեկո մենք զրուցում էինք Աղասի Բաբայանի մասին։ Կնոջը լսելիս ինձ մոտ ուրվագծվեց Աղասու մարդկային ու նոր՝ ամբողջ աշխարհով մեկ տարալուծված հայի տեսակը»,- ափսոսանքով նշում է Ռոբերտ Մաթոսյանը։

Աղասի Բաբայանի «Տեղ արևի տակ» ֆիլմը հայկական մանկապատանեկան սակավաթիվ կինոնկարներից է, բայց հակառակ այս հանգամանքին` այն մեծ տարածում ու ճանաչում չունեցավ։ Այսօր էլ համացանցը հնարավորություն է տալիս ծանոթանալ այս ինքնատիպ ֆիլմին։ 64 րոպեանոց կինոնկարը անտարբեր չի թողնի ոչ միայն պատանիներին, այլև ավելի մեծ տարիքի հանդիսատեսին։  

Back to top button