Ազդ անցյալից

Ինչպես էին 19-րդ դարի հայկական թերթերը լուծում ֆինանսական խնդիրները․ «Ազդ անցյալից»

«Տարեկան գինը Կ.Պոլսոյ եւ գաւառաց համար կանխիկ 6 մէճիտիէ… 

4 տառի դիմաց 1 արծաթ կոպեկ…

13 ֆրանկ`արտասահմանի համար…

Վերջերս տեղափոխվել էի 19-րդ դար, թերթում էի հայկական մամուլը Մարսելից Բոստոն, Պոլսից Թիֆլիս, Շուշիից Զմյուռնիա, Մադրասից Երևան: Ուզում  եմ կիսել ձեզ հետ իմ բերկրանքն ու տպավորությունները թեթերի վերջին էջերին տպագրված ծանուցումների, ազդերի և գովազդների մասին:

Եվ այսպես՝ 19-րդ դար. 2-րդ արդյունաբերական հեղափոխության շրջան: Աշխարհի տարբեր անկյուններում բուռն իրադարձություններ են. Նապոլանը սկսում է իր արշավանքները, այստեղ-այնտեղ հեղափոխություններ են, Արևելյան Հայաստանը կցում են ճորտատիրական Ռուսաստանին, ստեղծվում է բրայլյան այբուբենը, Մաքսվելը ասպարեզ է նետում էլեկտրամագնիսական դաշտի գաղափարը, ընդունվում է Օսմանյան սահմանադրությունը, իրագործվում է համիդյան եղեռնը, սուֆրաժիստների շարժումը անակնկալի է բերում տղամարդկանց, հայ կյանքում մշակութային ձեռնարկների առատություն է, իսկ հայ վաճառականությունը մեծամեծ կապիտալներ է դիզում ու նաև ծախսում բարեսիրական նպատակներով: Ահա, պատմական իրադարձություններով լեցուն այս շրջանում աշխարհի տարբեր ծայրերում հայկական տպարաններին զուգահեռ հայտնվում են   մամուլի նոր անուններ՝ հիմնականում հայագիտական, բանասիրական, կրոնական, ճանաչողական, առևտրային: Եվ խմբագրապետերը սկսում են մտածել կոմերցիոն գործունեության մասին: Ֆինանսական հարցերը կարգադրելու համար թերթերը նախևառաջ հոգում են բաժանորդագրության կամ, ինչպես ընդունված էր 19-րդ դարում ասել, ստորագրողների հարցը:

 ««Շառիվառին» կը հրատարակուի շաբաթը երկու անգամ՝ Չորեքշաբթի և Շաբաթ օրերը: Բաժանորդագինը տարեկան 100 ղուրուշ է, վեցամսեայ 50 ղուրուշ, իւրաքանչիւր թերթը 40 փարայ: Դուրս երթալիք փոստային ծախքը  առնողի վրայ է»:

 ««Նոր Դարի» տարեկան բաժանորդագինն է 10 րուբլի,վեց ամիսը 6 րուբլի, երեք ամիսը 3ր 50կ, հատով 5 կոպէկ, Եւրոպայի եւ Թուրքիայի բաժանորդները վճարում են 30 ֆրանկ»:

Իմիջիայլոց, 1865թվականին Լատինական արժութային միության կողմից, որի կազմում էին    գրեթե բոլոր եվրոպական երկրները, անգամ Վենեսուելան, ֆրանսիական ոսկե ֆրանկը ճանաչվել է այդ երկրների դրամական միավորների էտալոն: Այդ է պատճառը, որ թե՛ ռուսական և օսմանյան կայսրություններից և թե՛ Ամերիկայից արտասահման առաքվող հայկական մամուլի գինը մշտապես նշվում էր ֆրանկով:

Տպագիր թերթերի բաժանորդագրության առումով ի՞նչ է վիճակը հիմա, եթե հաշվի առնենք, որ ընթերցողի համար էլեկտրոնային թերթերն անվճար են: Ներկայացնում է «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:   

Բաժանորդագրության վիճակը բնականաբար վատ է, բայց այնուամենայնիվ մեր համեստ տպաքանակների վաճառքի մեծ մասը առաջանում է հենց բաժանորդագրությունից: Իհարկե միայն Երևանի կրպակներում է, ուրիշ տեղ չեն տանում: Կրպակներում կա, մնում է ավելի շատ, իսկ պետական որոշ հիմնարկներ, ինչպես նաև մեծ բիզնեսներ, այնուամենայնիվ նախընտրում են ունենալ թերթի տպագիր տարբերակը: Եվ այդ պատճառով բաժանորդագրությունը շարունակում է մնալ թերթի համար ամենակարևոր մասը: Ինչ վերաբերում է կայքին, ապա այստեղ նշանակություն ունի կայքի դիտողների քանակը, քանի որ այդ ինֆորմացիային ծանոթանում է գովազդատուն, նա տեսնում , որ, ասենք «Առավոտ»-ի յութուբյան ալիքը ունի այսքան բաժանորդ, կամ տեսնում է, որ օրական «Առավոտ» կայքը նայում է, ասենք 50000 մարդ, մոտավորապես այդքան է նայում, և նա, ըստ այդմ, կողմնորոշվում է տալ գովազդ, թե չտալ: 

Թերթերը երկար չէին կարող գոյատևել առանց հովանավորների կամ ֆինանսական լրացուցիչ աղբյուրների՝ լոկ վաճառքից ստացված գումարով: Եվ հրատարակիչները սկսեցին թերթերի, հիմնականում, վերջին էջերը վաճառել գովազդատուներին:

«Ով  որ ուզենայ վաճառականութեան կամ ուրիշ գործի վերաբերեալ յատարարութիւն տպել  լրագրիս մէջ, ամէն 4 տառի համար կը վճարէ 1 կոպէկ արծաթ»: Կարդում ենք Թիֆլիսում հրատարակվող «Մեղու Հայաստանի» թերթում: 

«Նոր Դարը» ավելի պրոֆեսիոնալ է մոտենում հարցին՝ տարանջատելով ծանուցման և գովազդի սակագները. «Յատարարութիւեան վճարը բառին 2 կոպէկ է, րեկլամներինը՝ կրկնապատիկ»:                                      

Բայց հրատարակիչ-տնօրենները շատ զգայուն էին նոր հրատարակված գրքերի հանդեպ. «Գրքերի յատարարութիւնների համար կարելի է վճարել նաև յատարարուած գրքերով՝ սոցա գների  համաձայն»,-կարդում ենք Թիֆլիսում Ավետիք Արասխանյանի հրատարակած «Մուրճ» ամսագրի խմբագրական ծանուցումների մեջ: Իսկ 1856-ից Պոլսում հրատարակվող «Մեղու» հանդեսի էջերում կարդում ենք. «Նորատիպ գիրքէ օրինակ մը խըրւվի նէ, ձրի ծանուցում կըտըրվի»: Այսինքն՝ ընդամենը մեկ նվիրված գրքի դիմաց խմբագրությունը պատրաստ է գովազդել այն: Այսպես էին քաջալերում հեղինակներին և գրահարատարակիչներին Հակոբ Պարոնյանը և Հարություն Սվաճյանը: Ի՞նչ է փոխվել խմբագրապետերի մտայնության մեջ մոտավորապես 1 և կես դար անց:

Ներկայացնում է «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: 

Այդ պրակտիկան կա: Ինչ մնում է համերգներին, ներկայացումներին և այլն, մեզ դիմում է այս կամ այն կազմակերպությունը, ասում է՝ կցանկանաք արդյոք լինել մեր համերգի կամ ներկայացման ինֆորմացիոն հովանավորը: Ես միշտ ասում եմ ՝ այո, որովհետև հիմնականում դասական արվեստի ներկայացուցիչներն են մեզ դիմում: Այնպիսի ներկայացումներ կամ համերգներ չեն, որոնցից ես կկարմրեմ: Եվ հետո նրանք, որպես ինֆորմացիոն հովանավոր, մեր լոգոն դնում են իրենց ազդագրի վրա: Բնականաբար մենք հասկանում ենք, որ մշակույթը պետք է պաշտպանել, պետք է աջակցել և դրա համար երբեք փող չենք վերցնում:

Մկրտիչ Փորթուգալեանի կողմից Մարսելում հրատարակվող «Արմենիա»-ն դրամ շահելու մեկ այլ միջոց էլ էր նախատեսել՝ ընթերցողին առաջարկելով լրացուցիչ ծառայություն՝ գրքերի, օրացույցների, պատկերների առաքում:

«Կիլիկիոյ վերջին թագաւոր Լեւոն Լուսինեանի որ կը հանգչի Փարիզի Սէն-Տընի Կեղեստինեանց վանքին մէջ, շիրմին պատկերը կը գտնուի «Արմէնիա»-ի խմբագրատունը: Շիրմին վրայ կայ տապանագիրէն զատ և Լեւոն թագաւորի արձանը: Պատկերի գինն է 60 սանթիմ: Խմբագրութիւնը կը վճարէ փոստի ծաղքը»:

«Կաթողիկոս Ներսես 5-րդ–ի ֆօտօգրաֆիկական պատկերները վաճառվում են և ցանկացողները կարող են ստանալ կամ օրագրիս խմբագրատանը կամ պ. Ա. Էնֆիաճեանի գրավաճառանոցներում, վճարելով յուրաքանչյուրի համար 40 կօպէկ»: Սա էլ ծանուցում է «Հայկական աշխարհի Կռունկը»:

Խոսքը Ներսես Աշտարակեցու լուսանկարի մասին է, ով 1857-ին արդեն մահացել էր, իսկ  «Հայոց աշխարհի կռունը» տպագրվել սկսել է 1860 –ից, երբ կաթողիկոսը Մաթևոս Կոսանդնուպոլսեցին էր: Հետաքրքրական է, որ եղել են կաթողիկոսներ, որոնց պատկերները մարդիկ մասունքի պես են պահել և չեն իջեցրել պատերից, թեև վաղուց արդեն նրանք չկային: Ժողովրդական սերն անսակարկելի է:

Մի խոսքով, հրատարակիչ-տնօրենները թերթերը անխափան լույս ընծայելու համար   ֆինանսական այլևայլ աղբյուրներ էին փնտրում՝ ընթերցողին առաջարկելով օգտվել վճարովի լրացուցիչ ծառայություններից և իհարկե՝ ծանուցելով իրենց շահի համար հայտարարություն կամ գովազդ տեղադրել ցանկացողներին, որ պատրաստ են համագործակցության:

Մենք շուտով էլի կհանդիպենք և միասին կտեսնենք, թե ինչ ստացվեց գովազդատուների և հրատարակիչների այդ համագործակցությունից:  

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button