Սփյուռքի ձայնը

Միջազգային տարբեր գիտական ասպարեզներում աշխատանքներ կան, սակայն համակարգված չեն. «Սփյուռքի ձայնը»

«Պատմական և քաղաքական բազմաթիվ հարցերի բարձրաձայնումը և համամարդկայնացումը հնարավոր է իրականացնել նաև գիտական շրջանակների հետ աշխատանքների շնորհիվ»,- ասում է Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի գիտաշխատող, Բելգիայի հայ համայնքի նախկին նախագահ, ՀԲԸՄ եվրոպական նախկին տնօրեն Նիկոլաս Դավիդյանը։

Նա ցավով նշում է, որ եվրոպական համալսարաններում թեև շատ հայեր կան, այնուամենայնիվ քիչ են թե՛ պետության, թե՛ համայնքի կողմից առաջադրվող հայանպաստ աշխատանքները դասախոսների ու գիտական հանրության հետ։

Իսկ ինչպես են արդյունավետ աշխատել տարբեր ուղղություններով, որոնք արդեն որդեգրել են մեր հարևան պետությունները, Նիկոլաս Դավիդյանը նշում է. «Տարբեր երկրներում ոչ միայն թուրքամետ դասախոսներ կան, այլ նաև կոորդինացված աշխատանքներ են տարվում։ Դեսպանությունները՝ ադրբեջանական կամ թուրքական, գրքեր են ուղարկում տարբեր համալսարաններ, ֆինանսավորում են տարբեր համալսարաններ, ինչը մենք՝ հայերս, չենք անում կամ համակարգված չենք անում»։

Այն, որ մենք տեղյակ չենք միմյանց աշխատանքից, խանգարում է նաև մեր միասնական գործին, ասում է Նիկոլաս Դավիդյանը։ «Այստեղ ֆրանսերենով շատ գրքեր կան: Կարելի է ասել նոր գրքերի կարիք այնքան էլ չունենք: Կան լավ թարգմանություններ, օտարների կողմից գրված աշխատություններ և այլն: Մեր խնդիրը տարածումն է: Օրինակ Բեռլինի հայերը անտեղյակ են Փարիզի հայերի աշխատանքներից: Հայկական կազմակերպություններում անգամ միմյանց հեռախոսահամարները չունեն: Ինչ խոսք, Ֆրանսիայում հայրեն ուժեղ են, և եթե Եվրոպայի մյուս երկրներում էլ այդպես լիներ, մեր գործը ավելի հեշտ կլիներ»։

Ցեղասպանությունից հետո հայկական շրջանակների կարևոր նպատակներից էր արտերկրում հայագիտական կենտրոնների ստեղծումն ու պահպանումը։ Ցավոք, այդ կենտրոններից շատերը տարբեր երկրներում կա՛մ փակվեցին, կա՛մ էլ այսօր փակման եզրին են։

Նիկոլաս Դավիդյանը նշում է, որ Բելգիայում հայագետներ կան, որոնց թիվը քիչ է, համայնքի աշխատանքները նրանց հետ նվազել են, իսկ նոր սերնդի մեջ հետաքրքրություն առաջացնելու համար պետք են նորագույն մոտեցումներ։

«Օրինակ՝ Գերմանիայում ստեղծված Միհրան Դաբաղի հայագիտական կենտրոնը, նրանից հետո սկսել է ավելի վատ աշխատել և գուցե շուտով հայտնվի փակման եզրին: Մեր համայնքները պետք է ուշադրություն դարձնեն հատկապես օտար հայագետներին, նրանց հետ հանդիպումներ կազմակերպվեն և այլն: Այսօր դա գրեթե չի արվում, թեև ես, օրինակ, Բելգիայում ճանաչում եմ հայագետների, որոնք խոսում են Հայաստանի մասին, լրագրողներ գիտեմ, որոնք պարբերաբար անդրադառնում են հայկական հարցերին, սակայն նրանց թիվը մեծ չէ և գնալով նվազում է»,- եզրափակում է զրուցակիցս, որը նաև Բելգիայում գործող Armenolobby բելգիահայ ռադիոյում է աշխատում։ Անդրադառնում Հայաստանի և Արցախի մասին Բելգիայի վարած քաղաքականությանը։

Back to top button