ԿարևորՀասարակություն

«Սևանը մեռնում է մեր աչքի առաջ»․ լճի կանաչելը՝ արդեն կանխատեսում

Սևանի մակարդակն իջել է, ու լիճն այս տարի էլ կկանաչի․ Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Սևանի կանաչումը վերջին հնգամյակում անդադար կրկնվող երևույթ է։ Սկզբում թեմայով զարմանքն ու անհանգստությունն անհամեմատ մեծ էր։ Այժմ բնապահպաններն են ահազանգում՝ չի կարելի այս երևույթին անլուրջ մոտենալ։ Ինչո՞ւ է կանաչում Սևանը և ի՞նչ է արվում այն կապուտակ պահելու համար։

Կանաչած Սևանն այլևս զարմանալի չէ․ արդեն 5 տարի ամռան ամիսներին լիճը  ծաղկում է։ Այս տարի նորությունն այն է, որ լուրը ոչ թե փաստի արձանագրում է, այլ կանխատեսում։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանում հայտնել է՝ Սևանն այս տարի էլ կկանաչի։

«Այս պահին ջրային ռեսուրսների վիճակը լավ չի, մենք հիմա պարտավորված ենք Սևանից ջուր բաց թողնել գյուղատնտեսությանը ոռոգման ջուր հասցնելու համար։ Այս ուղղությամբ ՏԿԵՆ-ի հետ աշխատում ենք, որ Սևանա լճի վրա ճնշումը քչացնենք, որքան հնարավոր է ոռոգման նպատակով Սևանից քիչ ջուր բաց թողնենք։ Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասում և, ցավոք, Սևանն այս տարի էլ երևի կկանաչի և դժվարություններ կունենանք»։

Սևանի գունափոխման մասին առաջին հայտարարությունը 2018-ին էր։ Այդ ժամանակ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը լճի կանաչելու գործընթացը «բնական երևույթ» որակեց ու հայտնեց՝ այն կվերանա երկու շաբաթվա ընթացքում։ Գուլանյանը վստահ էր՝ ջրիմուռների ի հայտ գալը հանրությունը սխալ է հասկացել․ դրանք երկու օրից օրգանական նյութ կդառնան։ Սևանի անաղարտությունն ապացուցելու համար էլ խմեց լճի ջրից։

Բայց Սևանը հաջորդ տարիներին ևս կանաչեց։ Սկզբում առողջապահության նախարարությունն արգելեց՝ չլողաք այդ տարածքներում։ Հետո այս զգուշացումները ևս նվազեցին։ Սևանի կանաչելը բնական ու սովորական դրաձավ ՝ այլևս զարմանք չառաջացնելով։ Բնապահպան Ինգա Զառաֆյանը ահազանգում է՝ սա լրջորեն մտահոգվելու թեմա է։

«Կանաչ ջրիմուռների առկայությունը ցուցանիշ է, որ մենք ոչ թե ուղղակի Սևանի ճահճացման վկան ենք դառնում, այլ, չեմ ուզում իհարկե այդ խոսքն ասել, բայց լիճը մեռնում է մեր աչքի առաջ։ Շատ վատ նշան է ջրիմուռների գոյությունը։ Սևանա լճի մակարդակի բարձրացում մենք չենք տեսել 3 տարվա ընթացքում, ինչն ուղղակի հակասում է Սևանա լճի մասին օրենքին։ Սևանա լճի մակարդակը պետք է բարձրանա մինչև 1903.5 մետրի»։

Բնապահպանի խոսքով՝ ավելի ցածր մակարդակ ունենալու դեպքում լիճը չի կարող պատշաճ իրականացնել ինքնամաքրման գործընթացը։ Իսկ դրա կարիքն, ասում է, մեծ է։ Սևանը հաճախ են աղբավայրի հետ շփոթում։

«Մենք ոչ մի բան չենք անում Սևանա լճի ջրի որակի պահպանման համար։ Սևանի շուրջ ավելացող են տուրիստական օբյեկտներում հիմնականում չեն պահպանվում այն պահանջը, որ նրանք մաքրման կայաններ տեղադրեն և այլն։ Կարող է մի քանի օբյեկտներում ինչ-ոև փոքր կայաններ դրել են, բայց ես չեմ պատկերացնում՝ ինչ պետք է լինի այդ մաքրման կայանը, որ ամեն մի օբյկետի թափոններից պահպանվի այս ջուրը։ Նաև այն ջրերը, որ փաթվում են Սևանա լիճ, եթե ի սկզբանե այդ գետերը մաքուր են, ապա անցնելով գյուղերով, ինչ կա իրենց դաշտերում, ամեն ինչը իրար հետ վերցվում է և թափվում է Սևան»։

Սևանա լճի ափամերձ հատվածում մաքրման աշխատանքների մասին խոսելիս ոլորտային գերատեսչության ղեկավարն ասում է՝ մրցույթ է հայտարարվել։ Հաղթողը կպարտավորվի 400 հեկտար ափամերձ տարածք մաքրել, ցանկալի է՝ մինչև այս տարեվերջ։ Հակոբ Սիմիդյան․

«Նախորդ տարի 118 միլիոն բյուջեով սահմանված էր, որ մենք ափամերձ հատվածները պետք է մաքրենք։ Ազգային պարկը պետք է իր ուժերով դա իրականանցեր։ Բայց ազգային պարկը թեկուզ և ունի տեխնիկա, բայց այդ կարողությունները չունի, որ կարողանա ամբոջղությամբ ափամերձ տարածքները մաքրել։ Մենք վերագնահատեցինք ափամերձ տարածքների մակերեսը, ավելի ճշգրիտ տվյալներ ունեցանք և հիմա նաև բյուջով հատկացում ենք արել, մրցութային կարգով ընկերությունը գալու է, մասնակցի և գնա՝ տարածքները մաքրի։ Նաև զուգահեռ Ազգային պարկն այս աշխատանքները կկատարի»։

Նախարարի փոխանցմամբ՝ այժմ աշխատանքներ են ընթանում, որ Սևանը հաջորդ տարիներին կապուտակ մնա։ Մաքրման աշխատանքներից զատ ուշադրության կենտրոնում է լճի մակարդակը առնվազն նույնը պահելու ջանքերը։ ՏԿԵ նախարարության հետ համատեղ մշակվում են կարգավորումներ, որոնցով սահմանվելու է՝ որ դեպքում է տարին համարվում սակավաջուր, ինչ ռեժիմ է ենթադրելու նման տարին, ոռոգման ջրի հարակից ինչպիսի աղբյուրներ կարելի է գտնել՝ Սևանի այդ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։

Back to top button