Հասարակություն

Սևանի մամռակալման պատճառը միայն բարձր ջերմասիճանը չէ. մասնագետներ

Բնապահպաններն ու քաղաքացիներն ահազանգում են՝ Սևանա լճի մի ամբողջ ափ մամռակալած է:

Մասնագետները սա տարբեր գործոններով են պայմանավորում, պատասխանատուները՝ ջերմաստիճանի բարձրացմամբ միայն:

«Սևան» ազգային պարկի տնօրենը հորդորել է չանհանգստանալ ու շարունակել հանգիստն անցկացնել Սևանա լճում:

Սևանա լճից անկանոն  ջրառ, բարձր ջերմաստիճան ու ոչ միայն. լրագրող «էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը երկար կարող է թվարկել պատճառները, թե ինչու է կանաչել Սևանա լճի ափը՝  Շորժայի  հատվածում՝ նկարիչների միության հանգստյան տան մոտ գտնվող հատվածը:

Կիրակոսյանը հիշեցնում է՝ պետք է մաքրման կետեր լինեն, ցանկացել են դրանք տեսնել, սակայն չեն կարողացել:

Խեցգետնի թիվն է պակասել լճում, խաթարվել է Սևանա  լճի էկոհամակարգը՝ ասում է զրուցակիցս: էկոհամակարգը փոխվել է  նաև արհեստական ձկնաբուծության պատճառով: Զրուցակիցս չի հերքում՝ գուցե Սևանա լիճը «ծաղկել է» նաև ջերմաստիճանի բարձրացման պատճառով:

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի  գիտական կենտրոնի  ղեկավար Բարդուխ Գաբրիելյանն այս պահին դժվարանում է ասել, թե որն է լճի մամռակալման իրական պատճառը: Այսօրվանից դիտարշավ են սկսել.

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը նույնպես պնդում է՝ ջրիմուռները Սևանա լճի անբաժանելի մասն են: Ամեն խումբ ունի այն ջերմաստիճանը, որի ժամանակ ինքը բազմանում է: Սևանա լճի ջրի ջերմաստիճանը սովորաբար չի գերազանցում 21 աստիճանը, ուստի ջրիմուռների բուռն  աճ չի դիտարկվում: Դրանք ակտիվանում են ջրի ջերմաստիճանը բարձրանալիս: Այս տարի տաք եղանակով պայմանավորված, Սևանա լճում ջերմաստիճանը տարբեր հատվածներում  հասել է մինչև 24 աստիճանի:

Այս փուլում ջրիմուռների  աճը   երկու շաբաթ կտևի, եթե քամիներ չլինեն։ Գուլանյանն ասում է՝ նմանատիպ ևս մեկ «ծաղկում» կանխատեսվում է նաև օգոստոսին: Սակայն վստահեցնում է՝ վտանգավոր չէ:

«Ռադիոլուրի» զրուցակիցը պնդում է՝ հանրային լողափերում նմանատիպ երևույթներ չկան:

Back to top button