Երաժշտական եռանկյունի

«Արս լունգա» դուետի նոր երաժշտական անթոլոգիան․ «Երաժշտական եռանկյունի»

«Արս լունգա» դուետը 2009 թ. հիմնել են ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը և դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը:

Ստեղծման օրվանից նրանք ծավալում են ակտիվ համերգային գործունեություն՝ նախաձեռնելով բազմաթիվ համերգներ, հյուրախաղեր և ստուդիական ձայնագրություններ:

«Արս լունգայի» ստեղծագործական նպատակներից է ոչ միայն ներկայացնել դուետի յուրահատուկ ժանրը՝ կատարելով համաշխարհային երաժշտության հայտնի ստեղծագործություններ, այլ նաև հայկական ժամանակակից կոմպոզիտորների գործերը հնչեցնելն ու հանրահռչակելը:

«Այնպես ստացվեց, որ մեր գործունեության առաջին իսկ տարիների ընթացքում բազմաթիվ ժամանակակից կոմպոզիտորներ խանդավառվեցին մեր գործունեությամբ և նույնիսկ սկսեցին նվիրել մեզ իրենց ստեղծագործությունները, մենք էլ դարձանք նրանց առաջին կատարողները: Այդպես ինքնաբերաբար եկանք հայ կոմպոզիտորների դուետների ամբողջական անթոլոգիայի հրատարակման գաղափարին: Այդ աշխատանքը մի քանի տարի առաջ մենք ի մի բերեցինք՝ հրատարակելով «Արս լունգայի» առաջին հատորը, որը ներառում էր դասական և ժամանակակից կոմպոզիտորների շուրջ 60 դուետներ»,- ասում է Արամ Թալալյանը:

Մի քանի տարի տևած ձայնագրման շրջանն ավարրտվեց բազմասկավառակ ալբոմի հրատարակմամբ: Անթոլոգիայի գաղափարն այնքան կենսունակ էր և կարևոր, որ երաժիշտները որոշեցին նախաձեռնել հաջորդ նախագիծը, որը կներառեր այս անգամ հայ կոմպոզիտորների տրիոների ամբողջական ժողովածուն: Ընդհանուր առմամբ «Արս լունգայի» անթոլոգիայի երկրորդ հատորում ներգրավված են հայաստանցի և արտասահմանաբնակ 19 անվանի ջութակահարներ, 12 ձայնասկավառակներում ընդգրկված են դասական և ժամանակակից կոմպոզիտորների համերգային և ստուդիական ձայնագրություններ՝ թվով 41 ստեղծագործություն:

Դուետը շատ է կարևորում այն հանգամանքը, որ երկու ձայնասկավառակներում ներկայացված են կին կոմպոզիտորներ: Այդպիսով, անթոլոգիաների 2 հատորները գալիս են լրացնելու կամերային երաժշտության բացը, քանի որ փոքր ֆորմայի այդ ստեղծագործությունները բեմերից հնչեցնելու առիթներն ու հնարավորությունները շատ չեն:

Բացի ձայնագրված նյութից, անթոլոգիայում ամբողջացված են կոմպոզիտորների կենսագրությունները, ստեղծագործությունների տարեգրությունը և երաժշտագիտական նկարագրությունները:

Այդ առումով «Արս լունգայի» աշխատանքի նշանակությունը և արժեքը կրում է էնցիկլոպեդիկ նշանակություն և գալիս է ամբողջացնելու գրադարանների և ուսումնական հաստատությունների ձայնադարանները:

Հատկանշական է նաև, որ դուետը գործում է բացառապես ազատ արվեստի դաշտում և նման մասշտաբի նախագծերը իրականացնում է բարձր արվեստը գնահատող և կարևորող մեկենասների և կազմակերպությունների օգնությամբ:

Հաղորդման ընթացքում առաջին անգամ Հանրային ռադիոյի եթերում հնչում են անթոլոգիայի հատընտիր տրիոները՝ «Արս լունգայի» կատարմամբ:

Back to top button