Ի՞նչ ցույց տվեցին այս ընտրությունները և ի՞նչ կարող են փոխել վիրահայության կյանքում
Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Երեկ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները, առանձին խախտումներով հանդերձ, նորմալ ու մրցակցային են գնահատել Վրաստանի հարցերով փորձագետներ Ջոնի Մելիքյանն ու Ալիկ Էրոյանցը: Նրանք ու քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս ընտրությունները հետաքրքիր են համարել սահմանադրական փոփոխությունների համատեքստում, փոփոխություններ, որոնք 2013-ի նախագահական ընտրություններից հետո մեծացնում են խորհրդարանի ընտրած վարչապետի լիազորություններն ու կրճատում նախագահի լծակները:
Ի՞նչ ցույց տվեցին այս ընտրությունները և ի՞նչ կարող են փոխել վիրահայության կյանքում:
Երեկ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները վերջին 8 տարիների ընթացքում ամենամրցակցայինն ու հետաքրքիրն էին, բայց ոչ դեմոկրատականը, կարծում է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Նրա խոսքով` ընտրությունների ընթացքում ընտրակաշառք է բաժանվել, մարդկանց մեքենաներով բերել են քվեարկության, առանձին տեղամասերում քվեաթերթիկներ են պակասել: Խախտումներով ուղեկցված ընտրությունների նախնական արդյունքներն արձանագրում են ընդդիմության հաղթանակը` ի դեմս «Վրացական երազանք» կոալիցիայի, իսկ սա իր հերթին արձանագրում ժողովրդի դժգոհությունը` իշխանություններից: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ դրսի ուժերի ազդեցությունը Վրաստանում շատ մեծ է: «Այդ ուժերը Սահակաշվիլիին ցույց տվեցին, որ կան սահմաններ, որոնք չպետք է անցնի ոչ մի իշխանություն»,-ասում է փորձագետը: Վրաստանի արտգործնախարարության մակարդակով երեկ երեկոյան հնչած հայտարարությունը ռուսական սպասվող ագրեսայի մասին փորձագետի գնահատմամբ ոչ այլ ինչ է, քան ժողովրդին դրսի վտանգի շուրջ համախմբելու և դրա դեմ միասնաբար պայքարելու փորձ: Բայց Ջոնի Մելիքյանը կարծում է, որ ընդդիմությունը մինչև վերջ պայքարելու է:
Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը միակարծիք են ազգային փոքրամասնությունների հարցում, կողմնակից են նրանց ինտեգրացիային, լեզվի ճանաչմանը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, բայց հայերին առնչվող ոչ մի կոնկրետ ծրագիր, ասում է փորձագետը: Լուրջ փոփոխություններ, ըստ նրա, պետք չէ ակնկալել նաև հայ-վրացական հարաբերություններում, թերևս չնչին շտկումներ: Հայ-վրացական հարաբերություններում փոփոխություններ պետք է ակնկալել, իր հերթին ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, բայց դա կապված չէ երկու երկրների քաղաքական էլիտաների հարաբերություններից, այլ այն դերակատարումից, որ Վրաստանը կարող է ստանձնել իշխանափոխությունից հետո: Անհայտ է, որ վրաց-ռուսական նոր հարաբերությունները կարող են ազդել հայ-վրացականի վրա: Ասել, բացասաբար, չի կարելի: Ներկայում էլ բավականին բարդ փուլում գտնվող հայ-վրացական հարաբերությունների ավելի վատթարացում չի լինի, կանխատեսումները շարունակում է Մելիք-Շահնազարյանը: Հակառակը` նոր մարդիկ նոր հնարավորություններ: Փոխարենը բացասական ազդեցությունը չի բացառում ջավախահայության կյանքում:
Ջավախքի ձայների պակերը չունի, բայց հիմնվելով նախնական տեղեկությունների վրա, Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցն ասում է` ջավախահայությունն այս անգամ էլ հիմնականում քվեարկել է իշխող կուսակցության օգտին: Ի դեպ, Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ` վերջին շրջանում փոխվել է ջավախահայության մոտեցումը երկրում անցկացվող ընտրությունների նկատմամբ: Եթե մինչ այս դրանց չէին մասնկացում, ընտրությունները համարում էին Վրաստանի գործը` հայացքը հառելով Հայաստանին ու հայությանը, ապա այսօր կարելի է արձանագրել` Ջավախքը ավելի շատ է ինտեգրվել վրացական պետությանը: