Երաժշտական եռանկյունի

Արամ Սաթյան. ստեղծագործական ուղի և հասարակական աշխատանք․ «Երաժշտական եռանկյունի»

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր, կոմպոզիտոր Արամ Սաթյանի հետ մեր զրույցի երկրորդ մասում շարունակեցինք խոսել նրա ստեղծագործական ճանապարհի մասին:

«Այնպես ստացվեց, որ բացի ստեղծագործությունից և մանկավարժությունից ստանձնել եմ կարևոր պաշտոններ: 1990-1994-ը եղել եմ Երևանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Սրանք հետաքրքիր չորս տարիներ էին, քանի որ կամերային երաժշտությունը մի տեսակ անկում էր ապրում Հայաստանում և միակ կամերային նվագախմբի գործունեությամբ էր հաճախ պայմանավորված դասական և հատկապես հայկական կամերային երաժշտության հանրահռչակումը: Դրանից հետո 1994-1997-ը հրավիրվեցի Հայաստանի հեռուստառադիո և ստանձնեցի պետական վարչության երաժշտական ծրագրերի և խմբերի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Դա ընդլայնեց իմ հնարավորությունները՝ աշխատելու մի քանի կոլեկտիվների հետ, ձևավորելու գեղարվեստական ուղենիշները և կատարելու ֆոնդային ձայնագրություններ»,- ասում է կոմպոզիտորը:

Հետաքրքիր են Արամ Սաթյանի երաժշտական նախընտրությունները, կարելի է ասել նա չի տեսնում ժանրային սահմանափակումներ՝ աշխատելով ակադեմիական ոճի ամենատարբեր ուղություններում, ինչպես նաև անդրադառնում է փոփ երաժշտությանը:

Հատկանշական է, որ երաժշտական ֆորմայի տեսանկյունից նրա ստեղծագործությունը ներկայացված է լայն դիապազոնով՝ երգի և ռոմանսի ժանրից մինչև խոշոր ֆորմայի կտավներ:

Արամ Սաթյանը ավելի քան 300 երգերի և ռոմանսների հեղինակ է, գրել է երաժշտություն նաև կինոյի և թատրոնի համար: Նրա երգերը կատարել են փոփ ժանրում հայտնի երգիչ-երգչուհիներ, ստացել է բազմաթիվ մրցանակներ՝ դեռևս 1970 թվականից «Առաջին սիրո հեքիաթն իմ» երգի համար ՀԽՍՀ կոմերիտմիության պետական մրցանակ, իսկ «Արդյոք հիշում ես» 1985 և «Հուսո աղոթք» 1991թ. երգերն արժանացել են «Լավագույն երգ» անվանակարգին:

Արամ Սաթյանը չի սահմանափակվել երգի ֆորմայով և փոփ երաժշտության ժանրում գրել է երեք օպերա՝ «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» և 1983 թ. ներկայացրել է «Լիլիթ» օպերան, որը համարվում է այդ ժանրում առաջինը:

Ակադեմիական երաժշտության բնագավառում ստեղծել է «Մենք դաշնամուր ենք նվագում» բալետը, երեք սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ:

Նրա երաժշտությունը թողարկվել է ձայնապնակների և ձայներիզների տեսքով տարբեր տարիներին՝ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ոմ, Ֆրանսիայում, Արգենտինայում:

Հանրային ռադիոյում ունի բազմաթիվ ֆոնդավորված ձայնագրություններ:
2013 թ. ընտրվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ և 2022 թ. վերընտրվել երրորդ անգամ:

Արամ Սաթյանի գործունեությունը բարձր է գնահատվել պետության կողմից, նա արժանացել է մի շարք պետական պարգևների և տիտղոսների:

Հաղորդման ընթացքում հնչում են Արամ Սաթյանի տարբեր ժանրերի երաժշտական երկերը:

Back to top button