Վերնատուն

Քրեական ենթամշակույթ․ ինչպես է ձևավորվել «խուժան տղաների» կաստան․ «Վերնատուն»

Մշակութային մարդաբաններ Աղասի Թադևոսյանը և Նիկոլ Մարգարյանը խոսում են քրեկան ենթամշակույթի համատեղ հետազոտության և իրենց հեղինակած «Քրեական խոսվածքի բացատրական բառարանի» մասին։

Աղասի Թադևոսյանն ասում է` չափազանց կարևոր է ուսումնասիրել նույնիսկ բացասական դերակատարում ունեցող ենթամշակույթը, քանի որ այն կարևոր է հասարակական կյանքի և մշակութային պատմության տեսանկյունից, և դարձնել այն հետազոտական նախագիծ և հետազոտության հիման վրա կազմել քրեական խոսվածքի բացատրական բառարան։ Խոսելով քրեական ենթամշակույթի ծագման մասին՝ Նիկոլ Մարգարյանն ասում է, որ աշխարհում կան զանազան քրեկան ենթամշակույթներ և խորհրդայինը էականորեն տարբերվում է մյուսներից։

«Խորհրդայինը տարբերվում է նրանով, որ առանցքում «գողական» ենթամշակույթն է՝ իր արժեբանությամբ ու շարժառիթներով, որը ձևավորվեց խորհրդային, բոլշևիկյան իշխանությունների շահագրգռությամբ։1926 թվականի, Խորհրդային Միության քրեական օրենսգրքում կատարված խմբագրումներով գողական ենթամշակույթին բավական տանելի և խրախուսելի պայմաններ էին առաջարկում», – ասում է Մարգարյանը։

Ինչպե՞ս այդ ենթամշակույթը մտավ հասարակական կյանք և ի՞նչ դրսևորումներ ունեցավ։ Աղասի Թադևոսյանը մեկնաբանում է, որ դա տեղի ունեցավ, երբ խորհրդային տարիներին Գուլագից մեծ թվով բանտարկյալներ բաց թողնվեցին և թաղամասերում սկսեցին ձևավորել «արդարության նոր, ալտերնատիվ համակարգ»։

«Պատերազմից հետո թաղամասերում հանկարծ հայտնվում են «խուժան» տղաները, որտեղ կար պետության հետ կապված անարդարության սուր զգացում, քանի որ ամբողջ ստալինիզմի շրջանում պետությունն ընկալվել էր անարդար մի բան, հասարակ մարդը դիմելով դատա–իրավական համակարգ կամ ոստիկանություն՝ ինքն էր հայտնվում պրոբլեմի մեջ, մարդիկ անպաշտպան վիճակում էին։ Աստեղ հայտնվում է մի ենթամշակույթ, որն ունի արդարության իր կոնցեպտը՝ հիմննված «ճիշտերի» ու «սխալների» հասկացությունների համակարգի վրա»։

Աղասի Թադևոսյանը նշում է, որ եթե կռիվ․ վեճ կամ որոշակի հարցեր էին ծագում, մարդիկ ոչ թե դիմոււմ էին պետությանը, այլ թաղամասի քրեական հեղինակությանը և հարցը լուծում էր ստանում՝ կարճ ժամանակում և արդարացի կերպով։

Խոսելով քրեկան ենթամշակույթի լեզվի ու խոսվածքների մասին՝ Նիկոլ Մարգարյանը շեշտում է, որ կան աշխարհիկ միջավայրերում և ազատազրկման վայրերում ձևավորված «գողական» խոսվածքներ, որոնք մեկանաբանությունների առումով շատ են տարբերվում։

«Նրանց լեզուն չափազանց պատկերավոր է, մեկ բառը կարող է իր հետևում բովանդակության ու մեկանաբանությունների պաշար ունի», – հավելում է Աղասի Թադևոսյանը։

Back to top button