Ժամանակի վկան

Ջբեյլի ամերիկյան որբանոցը․ Կարո Տերունյան․ «Ժամանակի վկան»

Այս հաղորդման ընթացքում լիբանանահայ անկախ հետազոտող, արխիվագետ Կարո Տերունյանի (Կարօ Տէրունեան) հետ ներկայացնում ենք Ջբեյլի (այժմ՝ Բիբլոս) ամերիկյան որբանոցի պատմությունը և հիմնադրի՝ քրիստոնյա քարոզիչ կամ միսիոներ Ռեյ Թրևիսի՝ Հայոց ցեղասպանությունից հետո իրականացրած նպաստամատույց և որբախնամ գործունեությունը։

Ջբեյլի (Ճիպէյլ) Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պիզիկեան» թանգարանի հիմնադիր հանձնախմբի անդամ Կարո Տերունյանի հայագիտական գործունեությունը Լիբանանում մի քանի ուղղությամբ է։

ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2022 թ․ նոյեմբերի 15-ին կազմակերպել էր «Հայ որբերը, որպես ցեղասպանության զոհեր» կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Լիբանանի «Թռչնոց բույն» որբանոցի հիմնադրման 100-ամյակին։ Կարո Տերունյանը նույնպես հրավիրված էր քննարկմանը՝ հանդես գալով միսիոներ Ռեյ Թրևիսի մասին զեկույցով։

Երբ Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպության ներկայացուցիչ Ռեյ Թրևիսի ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության հետևանքով Այնթափում կազմավորված որբանոցի որբերը հասան Ջբեյլ, 1920 թ. հոկտեմբերին կազմակերպության ֆինանսավորմամբ բացվեց որբանոց, որն ուներ 1200 որբեր:

Ջբեյլի որբանոցը հետագա տարիներին համալրվեց տարբեր վայրերից եկած որբերով, որոնց թիվը հասավ 1500-ի: Արևմտյան Հայաստանից և Սիրիայից, Կոնիայից ու Կեսարիայից Լիբանան եկած որբերը, որոնք սկզբում Նահր Իբրահիմի որբանոցում էին գտնվում, 1923 թվականի համաճարակի պատճառով որբանոցի փակվելուց հետո նույնպես տեղավորվեցին Ջբեյլի ամերիկյան որբանոցում, որը գործեց մինչև 1925 թվականը։

Համիդյան ջարդերի, ապա հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր որբերին խնամելու և ապաստան տալու նպատակով տարբեր երկրներից ժամանած միսիոներները հիմադրում էին որբանոցներ ու հիվանդանոցներ։ Նրանցից մեկն էլ դանիացի միսիոներուհի, բժշկուհի Մարիա Յակոբսենն էր, որը 1907 թ. ամերիկյան նպաստամատույց ընկերության միսիոներների հետ մեկնեց Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ, և զբաղվեց որբահավաքությամբ ու որբախնամությամբ։ Հազարավոր հայ որբերի «Մամա» պատվավոր անվանն արժանացած Մարիա Յակոբսենի՝ 1922 թվականին Լիբանանի Զուք Միքայել գյուղում հիմնած որբանոցը 6 ամիս գործելուց հետո տեղափոխվեց Սայդա ավանը, որտեղ և սկսեց անվանվել «Թռչնոց բույն»։ 6 տարի անց՝ 1928 թվականին, «Թռչնոց բույնի» «թռչնիկ-որբուկներն» իրենց հայասեր, գթառատ տիրուհու հետ Սայդայից հեռացան՝ վերջնականապես հաստատվելով Ջբեյլի ամերիկյան նպաստամատույցի նախկին որբանոցում, որը շուրջ երեք տարի չէր գործում։

Ռեյ Թրևիս

Այժմ տեսնենք, թե ինչպե՞ս ֆրանսիական ճակատի զինվոր, ամերիկացի միսիոներ Ռեյ Թրևիսը Հալեպում սկսեց զբաղվել որբահավաքությամբ ու հայ որբերի խնամատար գործունեությամբ։

Ջբեյլում գտնվող շերամաբուծության նախկին գործարանի շենքը դարձավ հայ որբերի տունը, որտեղ ապաստանեցին Ռեյ Թրևիսի հոգածության տակ գտնվող 700 հայ որբերը։

Ջբեյլի ամերիկյան որբանոցի առօրյայի, որբերի կրթության, դաստիարակության ու զբաղմունքի մասին ծավալուն տեղեկություններ կան որբանոցի սաների տպագրած «Տուն» և «Հոսանք» խմորատիպ ամսագրերում։ Շուրջ երեք տարի տպագրված «Տուն» ամսագրի առաջին համարը թվագրված է 1922 թ. սեպտեմբերով:


Ջբեյլի որբանոցի փակվելուց 40 տարի անց, որբանոցի նախկին սաները հրատարակեցին «Յուշամատեան Ճիպէյլի ամերիկեան որբանոցի, 1920-1925» աշխատությունը, որտեղ հանգամանալից ներկայացված է որբանոցի պատմությունը, սաների հուշերը, մտքերը, ցեղասպանության հիշողության վերապրումները։

Կարո Տերունյանը Հանրային ռադիոյի տաղավար է եկել իր պատրաստած, լուսանկարներով լեցուն հաստափոր մի ալբոմով, որտեղ կան նաև անտիպ լուսանկարներ, որոնք պատկերացում են տալիս հայ որբերի կյանքի ու առօրյայի, որբանոցի պատասխանատուների, որբանոց այցելած անվանի մարդկանց մասին։

Կարո Տերունյան

Տարիների ընթացքում «Հուշամատեան» կայքէջի համակարգող, Լիբանանի ԳՈՀԱՐ երաժշտական մասնագիտական գրադարանի հետազոտող, Ջբեյլի «Արամ Պիզիկեան» թանգարանի հիմնադիր հանձնախմբի անդամ, արխիվագետ Կարո Տերունյանին հաջողվել է բավականին նյութ հավաքել Լիբանանում գործած նպաստամուտույց կառույցների ու գործիչների մասին։ Որպես անկախ հետազոտող, նա իր առաքելությունը տեսնում է հայերին աջակցած ու օգնած անձանց մասին տեղեկությունների հավաքման, տպագրության և հանրահռչակման մեջ։

Back to top button