Գերդաստաններ

Մալխասյանցներ. քառահատոր բառարանից մինչև 19-րդ դարի սկզբի Հայոց լեզվի դասագիրք․ «Գերդաստաններ»

Մենք նրան պարտական ենք նմանը չունեցող աշխատության՝ քառահատոր «Հայերեն բացատրական բառարան»-ի համար, որը մեր ազգի քաղաքակրթության վկայություններից մեկն է։ Երախտապարտ ենք նաև ռազմական, բժշկական, շինարարական, երկաթուղային, տնտեսագիտական և այլ բառարանների համար, որոնցից մինչ օրս օգտվում են տարբեր մասնագետներ։

1830-ական թվականներին Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից շատ հայեր  հաստատվեցին պատմական Ջավախքի Փոցխով գետի ափին գտնվող Ախցխա կամ Ախալցխա կոչվող տարածաշրջանում։  

Սարգիս և Մկրտիչ Մալխասյանց եղբայրները, ինչպես Էրզրումում, այստեղ էլ ձեռք  բերեցին հողատարածքներ, մշակեցին դրանք, եկամուտ ստացան, նաև տվեցին վարձակալությամբ։ Ընտանիքը շատ հյուրասեր էր, սիրում էր հյուրընկալել  տարբեր տարածաշրջաններից մարդկանց, շատ զրուցասեր էր և գրասեր։ Սարգիս Մալխասյանցը բացի իր եկամտաբեր աշխատանքներից զբաղվում էր նաև հայրենանվեր գործունեությամբ և լավ բանահավաք էր։ Այս ամենը  հետագայում օգնում է նաև նրա որդուն` Ստեփանոսին, կազմելու Ջավախքի և հատկապես  Ախալցխայի բառ ու բանին նվիրված գրքեր, որտեղ զետեղված են ասացվածքներ, անեկդոտներ, ուրախ և տխուր պատմություններ։

Օրինակ, դրանցից մի քանիսը։  

«Կորած յարս միտս ընկավ, նստա ու լացի,

Էրածները միտս ընկավ Էլլա ու խաղցի։

Կատակ- հյուրընկալություն

Բարով բարեկամ, գալուստդ բարի,

Տունը պաղին մեջ, պաղը՝ ծեր սարի,

Տունը նեղ է, տեղ չկա, բրինձը պարպեր, եղ չկա։

Ըսեմ «վար իչի»՝ դու իջնողը չես,

Հաց-պանիր բերեմ՝ դու ուտողը չես 

Թե պիտի էրթաս՝ բարի ճանապարհ, Մեզ, հարցնողաց շատ-շատ բարև տար։

Ստեփանոս Մալխասյանցը ծնվել է 1857 թվականին, սկզբնական կրթությունն ստացել է Ախալցխայում, հետո շարունակել Սանկտ Պետերբուրգում՝ Կայսերական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում՝ աշակերտելով հայագետ, լեզվաբան Քերովբե  Պատկանյանին և արդեն մեծ հռչակ վայելող հայագետ, լեզվաբան և  հնագետ Նիկողայոս Մառին, որը իրականացրել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Անիի պեղումները։

Ստեփանոս Մալխասյանցը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում աշխատելու տարիներին սիրահարվում է Սաթենիկ Բենկլյանին, որը, շատերի վկայությամբ, դպրոցի  ուսուցիչներից մեկի դուստրն էր՝ շատ գրագետ մի օրիորդ։ Մալխասյանցը հատուկ վերաբերմունք ուներ կրթված կանանց նկատմամբ։ Նա կարծում էր, որ այդպիսի  կանայք կարող են մասնակցել հայոց պետականության կերտմանը։

Հաճախ էին նրանք Սաթենիկի հետ մեկնում Ախալցխա, որտեղ դարձյալ շատ  հյուրեր էին ունենում։ Ասում են՝ մի օր նրանց է հյուրընկալվում նաև Ավետիք Իսահակյանն ու ասում. «Մեր  Ստեփանոսը կալվածատեր է, այ’ մարդ…»։

1919 թվականին Մալխասյանցը վերջնականապես հաստատվում է Հայաստանում, պաշտոնավարում Ալեքսանդրապոլի նորաբաց  առաջին համալսարանում։ 1920 թվականի փետրվարի 1-ին նա կարդում է հանդիսավոր առաջին դասախոսությունը Երևանի նորաբաց պետական  համալսարանում, որից հետո սկսվում է գիտնականի բուռն գործունեությունը։  Ծնվում են բազմաթիվ աշխատություններ՝ հայոց լեզվի ցեղակցության, գրաբարի  հոլովների ու բարբառների վերաբերյալ։ Հետո սկսվում է մանրազնին ու երկարատև աշխատանք Հայերենի բացատրական քառահատոր բառարանի ստեղծման վրա։

Այս գրասեր գերդաստանում քիչ աշխատանք չի կատարել նաև Հովհաննես Մալխասյանցը՝ Ստեփանոս Մալխասյանցի հորեղբոր  որդին։ Նա 1881-1885 թվականներին սովորում էր Գևորգյան ճեմարանում, բայց աշակերտական խռովություններին մասնակցելու պատճառով հեռացվում է այնտեղից։ Հովհաննեսը տեղափոխվում է հեռավոր հայաբնակ շրջաններ և սկսում դասավանդել։ Հետագայում նա հայրենի Սուլդա գյուղում հիմնում է դպրոց, ինչպես նաև  բարեգործական ընկերություն, որի միջոցով հոգում է չքավոր գյուղացիների  կարիքները։ Հովհաննես Մալխասյանցը հեղինակ է շատ արձակ գործերի։ Թիֆլիսում  սկսում են բեմադրել նրա պիեսները, իսկ 1911 թվականին Նար-Դոսի հետ հրատարակում է «Գիր և կյանք» մայրենի լեզվի դասագիրքը։

Ինձ հաջողվեց գտնել Հովհաննես Մալխասյանցի ծոռանը՝ Լյուդվիգ Մալխասյանցին, որը Ջավախքից տեղափոխվել է Հայաստանի Արմավիր քաղաք, ապրում է այնտեղ, նկարիչ է և քանդակագործ։

Եվա Մալխասյանցը Լյուդվիգի դուստրն է, ասում, թե ինչ չարչարանքով է հայրը կազմել Մալխասյանցների տոհմածառը, որքան մարդկանց հետ զրուցել, հարց ու փորձ արել ու փաստեր հավաքել։

Լրագրող  Դերենիկ Մալխասյանցը ևս այս գերդաստանի շառավիղներից է։ Ասում է՝ հուզվել ու ուրախացել է՝ իմանալով, որ ինքն էլ է այս գերդաստանից։

Մեծ լեզվաբան, բառարանագիր, թարգմանիչ, լրագրող Ստեփանոս Մալխասյանցն ասում էր.

«Բառերի միջոցով մենք կարող ենք  հասկացողություն կազմել որևէ ժողովրդի քաղաքակրթության ընթացքի մասին։ Հինգերորդ դարից հետո արդեն կարելի է դարից-դար բառարաններ կազմել և դրանց  միջոցով ուսումնասիրել ազգի քաղաքակրթության և կրած ազդեցությունների  ընթացքը։

Back to top button