Վերնատուն

Խոհանոցային մշակույթը՝ դիմադրությունների պատմություն․ «Վերնատուն»

Ի՞նչ է բացահայտում խոհանոցային մշակույթը, ի՞նչ է պատմում այն մարդու և հասարակության մասին։ Ի՞նչ դրսևորումներ ունի ճգնաժամային պայմաններում և արդի ժամանակներում։

Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը պատմում է խոհանոցային մշակույթի իր հետազոտությունների ու ուսումնասիրությունների մասին, ասում է խոհանոցային մշակույթի հետազոտությունը վերջին 20 տարիների իր առօրյայի անբաժան մասն է․

«Դա անընդմեջ պրոցես է, որը ոչ մի վայրկյան չի դադարում․ այն շարունակվում է ամենուր՝ տանը, դասավանդման ընթացքում, հանգստի կամ ճամփորդությունների ընթացքում»։ Վերջին շրջանի իր հետաքրքրությունները կապված են, ինչպես ինքն է ասում․ «տեղահանության և խոհանոցային պատմությունների միջոցով ինքնությունը պահելու, ցույց տալու կամ կառուցելու թեմաների և այդ տեղահանության պատմությունների մեջ ուտեստի բաղադրության, մթերքի, սերմերի և այլ պատմությունների հետ»։

Արցախի 44 օրյա պատերազմից հետո Ռուզաննա Ծատուրյանը սկսեց հետազոտել պատերազմի ու բռնի տեղահանության ժամանակ սննդի դերը, կապերը, կապվածությունները և նրա ամոքիչ ուժը։

Պատմում է Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ իրականացրած մի ծրագրի մասին, որը նաև հետազոտական մաս ուներ, ասում է՝ խոսքը պարզ սննդային հագեցման մասին չէ, այլ՝ ամոքիչ խոհանոցի։

«Արցախցի կանանց խոհանոցային պատմությունների առանցքը իրենց տան մասին երջանիկ պատմություններն էին, նրանք կարծես իրենց տան ու համայնքի մշակույթն էին վերականգնում», –պատմում է ազգագրագետը։

«Երբ մարդիկ տեղահանվում են, կորցնում են իրենց տունը, իրենց միկրոտիեզերքը, սեփական տարածքի հետ կապը, անծանոթ միջավայրում ուզում են մի ծանոթ բան գտնել ու կառչել դրանից։ Իրենց անծանոթ Դիլիջանի բուսական լանդշաֆտում շրջելիս արցախցի կանայք գտել էին ժենգյալով հացի իրենց ծանոթ կանաչիները։ Այս հետազոտությունները բացահայտում են մարդկանց, հատկապես՝ կանանց ճկունությունը, ճգնաժամային իրավիճակներում դիմադրության հմտությունները»։

Ռուզաննա Ծատուրյանը, խոսելով արևմտահայ խոհանոցի մասին, ասում է, որ ամբողջ արևմտահայ խոհանոցը դիմադրությունների պատմություն է, թե ինչպես են կանայք խորհրդային Հայաստանի անծանոթ և օտար միջավայրում խոհանոցային մշակույթով պահել իրենց ինքնությունը։

Ճկուն մնալու, առաձգական լինելու առանձնահատկությունը դրսևորվել է հենց խոհանոցի միջոցով։ Ավանդական խոհանոցից բացի կարևոր է, որ լինեն հետազոտություններ խոհանոցային մշակույթի ժամանակակից փոխակերպումների մասին․ ազգագրագետին մտահոգում է, օրինակ՝ կարողանում ենք արդյո՞ք օրվա մեջ գոնե մեկ անգամ միասին սեղան նստել։

Back to top button