Վերնատուն

Արվեստի ամենամեծ ու հետաքրքիր հարցը կյանքի ու արվեստի սահմանն է․ Արչի Հարություն Կալենց․ «Վերնատուն»

Արվեստագետ, համադրող Արչի Հարություն Կալենցը շուրջ 30 տարի բնակվում է Բեռլինում, իր կարճատև այցելության նպատակը Հայաստան Կալենցների ժառանգության հետ կապված խնդիրներն են և դրանց կարգավորումը։ Արվեստագետն ասում է, որ Հայաստանի հետ իր կապը երբեք չի կորցրել։

Կալենցների ժառանգության խնդիրը իր կարևոր նպատակներից է: «Իմ կյանքի նպատակը Կալենցների ժառանգության հետ աշխատելն էր, ես մանկուց՝ իմ կրթությամբ ու անցած ճանապարհով պատրաստվել եմ դրան։ Ես անում եմ այն, ինչ հնարավոր է ու ճիշտ է։ Ժառանգությունը պետք է ուսումնասիրել», – ասում է Արչի Հարություն Կալենցը։

Խոսելով արվեստում իր փորձառության, հայկական ինքնության, արվեստի արդի խնդիրների մասին՝ ասում է որ արվեստագետն իր ստեղծագործությունների մեջ ամբողջովին մերկ է և խաբել կամ թաքցնել հնարավոր չէ։

«Արվեստը միշտ օրենքից դուրս է, միշտ խիզախություն է պահանջում, նաև՝ ավանտյուրա։ Ինքնությունը պահպանելով՝ փակվել․ մեր համայնքներում այդ խնդիրը կա, մշակութանպաստ դիրքորոշում չէ, այն չի տանի դեպի զարգացում։ Ինքնությունը ընթացիկ ու միշտ փոփոխվող պրոցես է», – ասում է արվեստագետը։

Անցյալ տարի լրացավ Արչի Կալենցի 50- ամյա հոբելյանը։ Շուտով լույս կտեսնի նրա 320 էջանոց, 12 գլուխներից կազմված հոբելյանական պատկերագիրքը։ «Ես, իհարկե, նման բան ինձ թույլ չէի տա, –ասում է Արչի Կալենցը, – սա առաջարկ էր գերմանական հրատարակչության կողմից, որն ինձ ճանաչում էր և տպագրել էր իմ 50- ամյակի բրոշյուրը»։

Արվեստագետն ասում է, որ իր համար սովորական կյանքն էլ արվեստի պես նուրբ է և պատասխանատու։ «Արվեստի ամենամեծ ու հետաքրքիր հարցը կյանքի ու արվեստի սահմանն է։ Ինձ համար կարևոր է արվեստի գործը և դրա միջավայրը։ Շատ հաճախ ես արվեստի գործի և միջավայրի հետ եմ աշխատել, և կարևոր է, որ այդ արվեստի գործը չլինի զուտ այսօրվա իլյուստրացիա և մոդայիկ, քանի որ ինչքան մոդայիկ լինի, նույնքան շուտ մոդայից դուրս կգա»։

Back to top button