Էրիկ Մեհրաբյանը զորակոչվեց 2020-ի հուլիսի մեկին ու ծառության անցավ Արմավիրի ուսումնական զորամասում, սակայն սեփական դիմումի համաձայն շուտով տեղափոխվեց Արցախ։
«Միշտ կանխազգացում եմ ունեցել՝ երբ գնամ բանակ պատերազմ է սկսվելու, իմ բոլոր ընկերներն Արցախում էին ծառայում, ես ուզում էի լինել նրանց կողքին, երբ սկսվեր պատերազմը»,-ասում է Էրիկը։ Արցախում ծառայել է Վարանդայի տանկային զորամասում, հետախույզ էր, 44-օրյա պատերազմի օրերին հիմնականում եղել է Ջրականում, Հադրութում, Մարտունի 2-ում ու Վարանդայում։ Հենց այստեղ էլ թշնամու երկու հազարանոց զորքի շրջափակումից դուրս գալու ճանապարհը գտնելու խնդիրը Էրիկին ու նրա մարտական ընկերոջը՝ Նարեկին էր վստահվել։
Տղաները հրաշքով գտան ճանապարհը, երեք օր շրջափակման մեջ գտնվող վաշտի մոտ հիսուն տղաները կարողացան դուրս գալ օղակից՝ բացառությամբ բուժկետի մեքենայի տասնհինգ վիրավորների․ ճանապարհին մեքենան փչացել էր, իսկ տղաները հայտնվել էին թշնամու օղակում։ Նրանք այսօր չկան։ Պատերազմի հենց այս դրվագն է, որն Էրիկը, թերևս, երբեք չի մոռանալու։
Վիրավորվել է Մարտունու շրջանի Շեխեր կոչվող համայնքի տարածքում, ստացել է սալջարդ (կոնտուզիա)։ Հիշողության խնդիր ուներ, չէր լսում, չէր խոսում, հետո խոսում էր կակազելով։ Այժմ և՛ լսում է, և՛ խոսում, բայց մեծ սպորտով, ինչով զբաղվում էր մինչ զորակոչվելը, այլևս զբաղվել չի կարող։
Այդուհանդերձ, սպորտը չի թողել, զբաղվում է մարզչական աշխատանքով, աշխատում է է երեխաների հետ, որոնցից յուրաքանչյուրի մեջ տեսնում է պատերազմում կորցրած ընկերներին՝ հայի այն իրական տեսակը, որը պայքարող է, պարտվել չգիտի։
Էրիկը սիրած աղջիկ ունի՝ Միլենան, որը նրա կողքին է, կարելի է ասել, մանկությունից, նրա հետ էլ անցնում է կյանքի ու մաքառման ճանապարհով։ Էրիկը ծնվել է 2002 թվականի մայիսի 24-ին Երևանում։