Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ծանր է, երբ զոհվում է մեկը, որն ամեն օր քեզ հետ էր. Արմեն Հովսեփյան․ «Կյանքին ասել այո՛»

Արմեն Հովսեփյանը ծնվել է 1979 թվականին Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո 1996 թվականին ընդունվել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետ։ Ավարտելուց հետո սպայական կոչումով մեկնել է Հադրութ ծառայության։ 2004-ին վերապատրաստվել է որպես դիմածնոտային վիրաբույժ, 2008-ին նշանակվել է Իջևան քաղաքի բուժծառայության պետ, 2012-ին՝ Կանազի զինվորական հոսպիտալի ատամնաբուժական կաբինետի պետ։ 2018-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի բուժծառայության պետ։ 2020-ի հոկտեմբերի 10-ին այս բրիգադի կազմում էլ մեկնել է Արցախ՝ մասնակցելու 44-օրյա պատերազմին։ Եղել է հիմնականում Հադրութի Ազոխ ու Մարտունու շրջանի Գիշի գյուղերում, իսկ Ճարտարում նոյեմբերի 2-ին ականանետի հարվածից բեկորային վիրավորում է ստացել ոտքի և դեմքի հատվածներում։ Ինչպես ասում է՝ մասնագիտական վնասվածք էր ստացել, որովհետև բեկորը հենց քթի մեջ էր հայտնվել։ Բուժօգնություն ստանալուց հետո Արմեն Հովսեփյանը շարք է վերադարձել։ «Պատերազմում յուրաքանչյուր կորուստ ծանր է, բայց ավելի ծանր է, երբ զոհվում է մեկը, որն ամեն օր քեզ հետ էր, հարազատդ էր։ Ծանր էր նաև սեփական անձնակազմս կորցնելը։ Ճանապարհին հարվածել էին բուժօգնության մեքենային ու ամբողջ անձնակազմին կոտորել։ Դա շատ ծանր էր ընկալելը, հասկանալը»,-պատմում է բժիշկ Հովսեփյանը։ Պատերազմից հետո նա շարունակում է իր մասնագիտական ուղին, ներկայում աշխատում է «Տոնոյան» բժշկական կենտրոնում որպես դիմածնոտային վիրաբույժ։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Վստահեցնում է՝ ցանկացած պահի, եթե հայրենիքն իր կարիքն ունենա, ինքը զինվորականների շարքում է։

Back to top button