Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ամենասարսափելին մարտի դաշտից ընկերներին հավաքելն է․ Տեր Վարդան քահանա Հայրապետյան․ «Կյանքին ասել այո՛»

Տեր Վարդան քահանա Հայրապետյանը ծնվել է 1989 թվականին Էջմիածին քաղաքում։ Դպրոցից հետո ծրագրում էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, բայց հոգևոր կանչը տարավ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։ Քառամյա կրթությունից հետո 2010-ին ընդունվեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 2012-ին ծառայության կոչվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը, 2015-ին զորակոչվեց ՀՀ ԶՈՒ-ի հոգևոր առաջնորդության։ Առաջին զորամասը Քարվաճառում էր, հետո՝ Երևանի պատվո-պահակային զորամասը, ավելի ուշ հոգևոր ծառայությունը շարունակեց Գորիսում, Խնձորեսկում։ Վերջին զորամասը Բալահովիտի խաղաղապահ ուժերի բրիգադն էր։ Տեր Վարդան քահանան և՛ ապրիլյան, և՛44-օրյա պատերազմների մասնակից է։ 44-օրյային հոգևոր սպասավորություն է իրականացրել հիմնականում Հադրութի շրջանի Ազոխ գյուղում, որտեղ էլ հայ զինվորի հետ անցել է պատերազմի բոլոր սարսափների միջով, իսկ ամենասարսափելին, ինչպես ասում է, մարտի դաշտից ընկերներին հավաքելն է։ 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ին Տեր Վարդանը կորցրեց աներորդուն՝ Ռաֆայելին, որին հարազատ եղբոր նման էր սիրում։ Կորստի ցավը հաղթահարելուն օգնեց մեկ ուրիշ Ռաֆայել՝ որդին։ «Զավակս ծնվեց պատերազմից հետո ու փրկեց միանգամից երկու հոգու՝ ինձ ու կնոջս»,-ասում է Տեր Վարդանը։ Զորացրվելուց հետո՝ 2023-ի մարտին, նա ծառայության անցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից Տեսչությունում։ 2024-ի փետրվարին օծվել է որպես ամուսնացյալ քահանա։ Այժմ սպասավորում է Արարատյան Հայրապետական թեմի Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում։

Back to top button