ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

«Մի իրավիճակ էր, որ պիտի ընտրեիր՝ «պոլնի դեպրեսիա՞», թե՞ նայել առաջ»․ Սերգեյ Քոսակյան․ «Կյանքին ասել այո՛»

Սերգեյ Քոսակյանը ծնվել է 1995 թվականին Երևանում։ 1999-ին ընտանիքով տեղափոխվել են Արցախ և բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում։ Դպրոցից   հետո  ավարտել է նաև Հայաստանի ագրարային համալսարանի քոլեջի Ստեփանակերտի մասնաճյուղը։ 2013 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել «Մարտունի 3» զորամասում։ Բանակից հետո ուսումը շարունակել է  Հայաստանի ագրարային համալսարանի արցախյան մասնաճյուղում, որը գտնվում էր Շուշի քաղաքում։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես պահեստազորային, կռվել է հիմնականում Խոջալուի տարածքում։ Պատերազմից հետո շուրջ ինն ամիս Քաշաթաղում էին՝ հույսով, որ հեռացած քաշաթաղցիները վերադառնալու են։ Սակայն 2021-ի մայիսին մահանում է Սերգեյի մայրը։ Մարմինը տեղափոխում են Հայաստան։

«Սկզբում ցանկություն կար հուղարկավորել Ստեփանակերտում, բայց օրը շաբաթ էր և շատ դժվարությամբ էին ստացվում  այդ հարցերը։ Բացի այդ, ես մի փոքր վթարի եմ ենթարկվում, ու հետաքրքիրն այն է, որ և՛ հայրս, և՛ եղբայրս միանգամից ասում են՝ աչքիս մաման չի ուզում այստեղ մնալ, ուզում է իր ծնողների հետ լինել։ Մայրիկիս ծնողները Հայաստանում են, Շահումյանի գերեզմանատանը,  նրան էլ տեղափոխում ենք Հայաստան ու հուղարկավորում  այնտեղ։ Հիմա, որ նայում եմ՝ այդ պահին դա ամենաճիշտ որոշումն էր»,-ասում է Սերգեյը։  

Հայաստան տեղափոխվելուց հետո հայրիկի և եղբոր հետ բնակարան են վարձում  Երևանում։ 2023-ի փետրվարին երկարատև հիվանդությունից հետո մահանում է նաև Սերգեյի հայրը։ «Մի իրավիճակ էր, որ պիտի ընտրեիր՝ «պոլնի» դեպրեսիա՞, թե՞ նայել առաջ»։ Որոշումը երկրորդի օգտին էր։  Սերգեյն այս պահին մասնակցում է «Մտքի զարկ» ՀԿ-ի կազմակերպած դասընթացներին, ուսումնասիրում արհեստական  բանականության մշակման գաղտնիքները՝ հույսով, որ ձեռք բերած գիտելիքները օգնելու են ոչ միայն իրեն, այլև՝ երկրին։  

Back to top button