ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ճակատիս հենց իմ արյունով գրեցին՝ Պողոս, Արարատ․ Պողոս Մրջումյան․ «Կյանքին ասել այո՛»

Պողոս Մրջումյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 30-ին  Արարատ քաղաքում։ Մանկուց զբաղվել է բռնցքամարտով, աշխատել է որպես մարզիչ։ Ամուսնացել է 2011 թվականին, ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա։ 44-օրյային ինչպես Պողոսը, այնպես էլ նրա հայրը, եղբայրն ու փեսան մասնակցել են կամավոր։ Պողոսը Ջրականում էր, որտեղ էլ հոկտեմբերի 2-ին ծանր վիրավորում է ստացել գրադի հարվածից։ Գրեթե ամբողջ մարմինը բեկորների մեջ էր, տուժել էին հատկապես ոտքերը։ Ստացած վերքերը, ինչպես ասում է,  կյանքի հետ անհամատեղելի էին։ Մտածում էր՝ արդեն վերջն է, բայց օգնության հասան հայ զինվորները։

«Հարցրեցին՝ անունդ ի՞նչ է, ասացի՝ Պողոս, ու ճակատիս հենց իմ արյունով գրեցին՝ Պողոս, Արարատ։ Ինձ դրել էին մի տեղ, որտեղ մարմիններ կային։ Երկար ժամանակ որևէ օգնություն ցույց չեն տվել, մինչև որ հայտնվեց կյանքս փրկող  ֆելդշերը՝ Ստեփանյան Արամը։ Մարմինների մեջ տեսավ, որ աչքիցս արցունք է գնում։ Ինքն է ինձ դուրս հանել, հերոս տղա է Արամը»,-պատմում է Պողոսը։ Արամի օգնությամբ նրան  դուրս են բերում այդ տարածքից, ինչը փրկվելու հնարավորություն է տալիս։ Հետո է իմանում, որ իրեն ուղարկելուց հետո այդտեղ բոլորը զոհվել են, այդ թվում՝ Արամ Ստեփանյանը։

Իրենց  ջոկատի 72 տղաներից միայն Պողոսն է ողջ մնացել։ Իր գոյությունը համարում է միայն Աստծո հրաշք, որին էլ նվիրել է իր ամբողջ կյանքը։ Տասը վիրահատություն է տարել, բայց դա դեռ վերջը չէ։ Ասում  է՝ յուրաքանչյուր վիրահատությունից հետո նորից սովորում եմ քայլել։ Իսկ պատերազմը, մեծ հաշվով, սովորեցրեց գնահատել կյանքի կարևորագույն արժեքները։

Back to top button