Սփյուռքի ձայնը

Հայաստան-Սփյուռք երկխոսությունը՝ անհրաժեշտություն․ «Սփյուռքի ձայնը»

Ի՞նչ ընթացք է ստացել Հայաստան- Սփյուռք գործակցությունն ու հարաբերությունները, որո՞նք են այսօր Սփյուռքին հուզող կարևոր խնդիրները։ Ինչպե՞ս հաշվետու լինել երկկողմանի գործողություններում, ինչպե՞ս լսել յուրաքանչյուր կողմի տեսակետը, Հայաստան-Թուրքիա երկխոսության և սփյուռքի հետ հարաբերությունների այսօրվա վիճակին են անդրադառնում սփյուռքի երկու լրատվամիջոցի ներկայացուցիչները․ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը և Հունգարական ռադիոյի հայկական բաժնի պատասխանատու Սոսի Սուսանյանը։

Հարութ Սասունյանը նշում է, որ յուրաքանչյուր հայ ձգտում է և մեծ ցանկություն ունի Հայաստանի հետ կապերի ամրապնդման, դա, ըստ նրա , Սփյուռքի գործունեության շարժառիթն է։ «Սակայն այսօր կան մի շարք խնդիրներ այդ կապի ամրապնդման համար՝ նախ, չկա այլևս Սփյուռքի նախարարությունը, իսկ սփյուռքահայերը ուզում են հայրենիքի հետ շփվել նախարարության մակարդակով, հետո նաև քիչ է այսօր լսվում սփյուռքի կարծիքը։ Խոսքը՝ հատկապես վերջին դեպքերին ՝ Հայաստան –Թուրքիա երկխոսության վերսկսմանն է վերաբերում։ Այս հարցը Սփյուռքին հուզող, սփյուռքին վերաբերող հարցերից է և առանց Սփյուռքին լսելու, կարծում եմ, որ որոշումներ կայացնելը՝ սխալ է։ Իհարկե, մենք ունենք պետություն, ունենք կառավարություն, սակայն որևէ հարցից առավել այս հարցում մենք պետք է լսենք միմյանց»,- ասում է Հարութ Սասունյանը։

Սոսի Սուսանյան

Հունգարական ռադիոյի հայկական հաղորդումների բաժնից Սոսի Սուսանյանը, որը ցեղասպանությունից մազապուրծ հայերի երրորդ սերունդն է և ցեղասպանության հարցի առնչությամբ ունի հետաքրքիր տեսակետ, նշում է, որ որոշակի հարաբերություններ պետք է և պարտադիր է ունենալ հարևանի հետ, սակայն դրանք պետք է ստեղծվեն ուժերի համազորության և մի շարք հարցեր հաշվի առնելով։ «Դրկիցիդ հետ հարաբերություն չունենալը՝ խնդիր է, մենք դա գիտակցում ենք, սակայն մինչ այդ հարաբերությունը ունենալը պետք է ուժերի և հարցերի շրջանակ մշակել, չափել ու նոր գործողություններ իրականացնել»։ Սոսի Սուսանյանը նշում է, որ հարաբերություններ պետք է սկսել, մեջբերելով ֆրանսահայ ցեղասպանագետներից մեկի խոսքը․ «Ֆրանսահայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանը նշում էր, որ պետք է կրթես տգետ թշնամուդ, որպեսզի կարողանաս ապրել իրենց կողքին»։


Սոսի Սուսանյանը, որը նաև Հունգարիայի հայագիտական կենտրոնում է դասավանդում, վերհիշում է իր առաջին հանդիպումը կենտրոն ընդունված թուրք մասնագետի հետ։ «Գիտակցել, որ պետք է հայերեն սովորեցնես թուրքի, ում հետ հանդիպումը տարօրինակ էր ինձ համար, քանի որ մինչ այդ թշնամու մասին լսել էի ծնողներիցս ու պատմությունը կրողն էի, սակայն անմիջական շփում այդ ազգի ներկայացուցչի հետ՝ չէի ունեցել։ Այսօր արդեն շատ են նման ուսանողները մեր կենտրոնում։ Այսինքն , ես արդեն փորձառություն ունեմ այդ ազգի հետ շփման»,- ասում է Սոսին։


Իսկ Ցեղասպանությունից վերապրածների սերունդների համար այսօր ամենակարևորը՝ պատմության այս էջը արդարացի թերթելն է։ «Այդ էջը մեզ փոխանցեց հայապահպանություն։ Բացի պահանջատիրությունը, մենք այսօր նաև հայապահպանության առաջամարտիկներ ենք»,- ավելացնում է։ Ի դեպ, սփյուռքահայ գործիչների Սփյուռքի գլխավոր հանձնակատարի հետ քննարկում անցկացնելու հարցը փոխանցեցինք Զարեհ Սինանյանին։ «Երբ բանակցությունների օրակարգային կետեր լինեն սեղանին, որոնց վերաբերյալ հնարավոր է սփյուռքի հետ դիսկուրս և խորհրդատվություններ սկսել, գրասենյակը կմեկնարկի դրանք»,- պատասխանեցին մեզ հանձնակատարի գրասենյակից:

Back to top button