ԵԽ պատգամավորները դատապարտել են Սումգաիթում ու Բաքվում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ
Եվրախորհրդարանում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» խորագրով քննարկման ժամանակ Եվրոպական Խորհրդարանի անդամները հանդես են եկել Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարությամբ և մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը:
Խորհրդարանականներն ու փորձագետները ներկայացրել են վկայություններ, թե Եվրախորհրդարանը ինչպիսի վերաբերմունք է դրսեւորել 1988 թվականի փետրվարից 1991 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ստեղծված ճգնաժամի նկատմամբ, քննարկել են Եվրամիության այժմյան քաղաքականությունը հիմնախնդրի վերաբերյալ, քննարկել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների միջեւ փոխվստահության ստեղծմանն ու խաղաղության խրախուսմանն ուղղված մի շարք խորհրդատվություններ:
Ըստ այդմ ԵԽ պատգամավոր Էլենի Թեոխարուսը Կիպրոսից նշել է.
«Եվրամիությունը երբեք չի եղել Ղարաբաղյան համկամարտության լուծման կենտրենում, սական և Հայաստանը, և Ադրբեջանը Եվրոպական հարևանության քաղաքականության մաս են կազմում: Այս երկրների գործողությունների ծրագրերում հակամարտության լուծումը կարևոր նպատակ է հանդիսանում, և Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովը կարող է օգնել կողմերի ավելի լավ հասկանալ միմյանց»:
Ըստ նրա ղարաբաղյան խնդիրը տարբերվում է գոյություն ունեցող մյուս հակամարտություններից.
«Արցախը անջատողական երկիր չէ: Այն ոչ մի նմանություն չունի Կատալոնիայի, Կոսովոյի ր Կիպրոսի օկուպացված մասի դեպքերի հետ»:
Շվեդիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնն անընդունելի է համարել ադրբեջանական գործելաոճն ու ընդգծել, որ Եվրախորհրդարանի անդամներ սատարում են բանակցային ճանապարհով խնդրի կարգավորմանը:
«Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի ուսանողները Ադրբեջանի կողմից ճնշումների պատճառով զրկված են եվրոպական երկրներում սովորելու հնարավորությունից: Որպես Եվրախորհրդարանի անդամներ, մենք սատարում ենք բանակցություններին և քաղաքական երկխոսությանը, այդ իսկ պատճառով ես անձամբ հունվարին այցելեցի Ղարաբաղ»:
ԵԽ պատգամավորներն ընդհանուր առմամբ դատապարտող հայտարարություններ են հնչեցրել 30 տարի առաջ Սումգաիթում ու Բաքվում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, միևնույն ժամանակ կողմ են արտահայտվել խնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծմանը: