Գրիգորի Այվազյանը հնարավոր է մրցակցի Իլհամ Ալիևի հետ


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը վիժեցվել է մարդասպան հերոսացնող Ադրբեջանի կողմից, այսօր կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա լրագրողներին ներկայացրել է սեփական դիտարկումները ` տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ:
Չնայած հարևան երկրում տիրող հակահայկական տրիամադրություններին Բաքվում ծնված և մեծացած ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը պատրաստ է վերադառնալ հայրենի քաղաք:
Ի պատատասխան նախորդ տարեսկզբին ներկայացված իր դիմումի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակից խորհուրդ են տվել մեկնել Բաքու առանց պաշտոնական խողովակների օգտագործման, սակայն այս տարբերակը Այվազյանը չի ընդունել: Ըստ նրա, նա միակը չէ, որ հետդարձի դիմում է ներկայացրել:
Եթե 2010-ին իրեն Ադրբեջանի քաղաքացի համարող Գրիգորի Այվազյանը փորձում էր ընտրվել այդ երկրի խորհրդարանի պատգամավոր, ապա հաջորդ տարի բացառված չէ, որ նա կմրցակցի Իլհամ Ալիևի հետ` նախագահի պաշտոնի համար ընտրապայքարում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը նկատեց, որ այն վիժեցվել է պաշտոնական Բաքվի կողմից, որը խայտառակ գործարքի արդյունքում հունգարական բանտից Ադրբեջան վերդարձրեց և հերոսացրեց քնած հայ սպային կացնահարած մարդասպանի:
Ըստ Այվազյանի, Ադրբեջանը այսօր լուրջ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության և կայունության համար` Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր նոր ռազմական ագրեսիայի և արկածախնդրության պարագայում:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը հայտարարեց, որ ղարաբաղյան հայանպաստ լուծման բանալիները գտնվում են մեր ձեռքում, մնում է ճիշտ օգտագործել դրանք:«Ադրբեջանը վաղուց կորցրել է Ղարաբաղը»,- հավելեց նա: