Վերլուծական

Ինչո՞ւ են Էրդողանի վարած ագրեսիվ քաղաքականության հետ համակերպվում գերտերությունները

 2017 թվականի վերջին սիրիական կարծրացած հակամարտությունում հալոցքներ նկատվեցին. Իրան-Ռուսաստան-Թուրքիա դաշնակցային նոր համագործակցության արդյունքում՝  ռազմական գործողությունները դադարեցվեցին եւ նոր էջ բացվեց բանակցային գործընթացին:

Շատերը ողջունեցին, շատերը քննադատեցին։ Արդյունքում՝ սկսված բանակցային գործընթացը ի չիք դարձավ հենց բանակցող կողմի՝ Թուրքիայի վարած ագրեսիվ եւ անհեռանկար քաղաքականության շնորհիվ:

Տեղեկացնենք, որ այս օրերին Թուրքիան ներխուժել է սիրիական Աֆրին, որտեղ հիմնականում բնակվում են քրդեր, եւ որպես հիմնավորում նշել, որ 30 կմ խորությամբ բուֆերային անվտանգության գոտի է ստեղծում թուրք-սիրիական սահմանի երկայնքով:

Ինչո՞ւ են Էրդողանի վարած ագրեսիվ քաղաքականության հետ համակերպվում գերտերությունները, ո՞րն է  լինելու այն սահմանը, որը հատելու պարագայում աշխարհը համարժեք պատասխան կտա թուրքերին՝«Ռադիոլուրն» է ամբողջացրել:

 

 

Թուրքիայի սիրիական Աֆրին ներխուժման հիմնական հիմնավորումը՝ քրդական գործոնը լռեցնել է, որն Անկարան դիտարկում է որպես երկրի անվտանգությանը լրջագույն սպառնալիք։ Փորձագետները վերլուծելով Մերձավոր Արեւելքում մերթնդմերթ թեժացող ու մարող ռազմական գործողությունները, արձանագրում են, որ այս քաղաքականության հիմքում ազդեցության գոտիների բաժանումն է։ Հյուսիսային Իրաքի Քրդստանում  երկու օր է ցույցեր են կազմակերպվում՝ հօգուտ հարեւան քրդերի: Զախոյում բնակվող մեր հայրենակից Էդգար Աբրահամյանը, փոխանցելով քրդերի տրամադրությունները, նշում է, որ պետական այրերը պատրաստ չեն ոչ մի աջակցության, դրա մասին անգամ մտածել չեն ուզում, քանի որ անկախության հանրաքվեից հետո նոր- նոր են փորձում բարելավել հարաբերությունները հարեւան Թուրքիայի հետ։ Հասարակ քուրդը ցանկություն ունի, բայց..

Ի դեպ, Թուրքիայի նախագահը երեկ Բուրսայում  իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կանանց թևի 5-րդ հերթական համաժողովի ժամանակ սպառնացել է հակառազմական կոչերով հանդես եկող ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ նշելով, որ հրապարակ դուրս եկողները շատ թանկ կվճարեն։

«Քանի որ սա ազգային պայքար է, այս ազգային պայքարի ընթացքում ով էլ որ մեր դեմ դուրս գա մեզ, կճզմենք, կանցնենք։ Հիմա  մենք քայլ առ քայլ հետևում ենք ձեզ, որտեղ հրապարակ դուրս գաք, իմացեք, որ մեր անվտանգության ուժերը ձեր գլխին կանգնած են»։

 Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, վերլուծելով Թուրքիայի կողմից ռազմական ներխուժման պատճառները եւ տարածաշրջանային խաղացողների ռազմավարությունը, նկատում է, որ Սիրիայի կառավարությունն ամեն կերպ աշխատում է պահպանել իր երկրի տարածքային ամբողջությունը: ԱՄՆ-ն ևս ձգտում է, որ Ասադի վարչակարգը Սիրիայում չկառավարի,  մյուս կողմից էլ ցանկանում է, որ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում նվազի:

Վերջին մի քանի օրվա ընթացքում տեսնում ենք ԱՄՆ ռազմավարության փոփոխություն. նրանք ձգտում են իրենց ռազմական ներկայությունը պահել եւ ամրապնդել: Իսկ Իրանը և Ռուսաստանը ցանկանում են պահպանել Սիրիայի տարածքային ամբողջությունը, ինչպես նաեւ ամրապնդել Ասադի իշխանությունը՝ պահպանելով նաեւ  իրենց ազդեցությունը: Սակայն Անկարային պարագայում կա շահերի հակասություն գերտերությունների նպատակների հետ։ Թուրքիան մի կողմից ցանկանում է Ասադի վարչակարգի հեռացում, մյուս կողմից՝ քրդական գործոնի նվազեցում։

Ըստ Սաֆրաստյանի, Անկարան գնաց  դիվանագիտական ճանապարհով՝ ստանալով հարեւան երկիր ներխուժելու լուռ արտոնություն ԱՄՆ- ից եւ Ռուսաստանից։ Փոխարենը՝ ռուսները սիրիական իշխանական ուժերի համար Իդլիբում առաջխաղացում ապահովելու հնարավորություն ստացան։

Քրդերն արդեն հայտարարում են, որ ռուսները եւ ամերիկացիները իրենց դավաճանել են: Ըստ Սաֆրաստայնի՝ թուրքեըը կրկին, այսպես կոչված, անվտանգության նկատառումներով կփորձեն Աֆրինի ներխուժումից հետո շարժվել դեպի արեւելք՝ Մաջիբ։ Տարածք, որը հետաքրքրիր է արդեն ԱՄՆ-ին: Այստեղ արդեն, ըստ Սաֆրաստյանի, կբախվեն թուրք- ամերիկյան շահերը։

Back to top button