Վերնատուն

Թարգմանել նշանակում է հարցեր ունենալ սեփական ինքնության մասին․ «Վերնատուն»

Թարգմանիչ, միջազգայնագետ Դավիթ Իսաջանյանը լեզուն ուսումնասիրում է ոչ թե որպես բանասեր, այլ որպես թարգմանիչ։ Ասում է՝ թարգմանիչը միշտ դեմ է առնում լեզվական անսովոր իրավիճակների․ այն, ինչ բնական է մեկ լեզվում, անբնական է մեկ այլ լեզվում։

Ասում է՝ թարգմանության սահմանը կարևորագույն սահման է, որովհետև այդտեղ ես տեսնում ինքդ քեզ՝ քո սահմանափակումներով և քո հարստություններով։ Ինքնաճանաչողության կարևորագույն տեղերից է դառնում թարգմանությունը, որովհետև օտարի միջոցով և օտար լեզվի հարստության միջոցով տեսնում ես սեփական սահմանափակությունները։

«Թարգմանությունը ոչ թե լեզուն ուսումնասիրելն է, այլ առհասարակ քո «ես»–ի մասին հարցեր տալն է, իսկ «ես»-ը քո ինքնությունն է, խոսել ինքնության մասին, միշտ նշանակում է տալ կարևոր էաբանական հարցեր։ Թարգմանել նշանակում է տալ հարցեր սեփական ինքնության մասին», – ասում է թարգմանիչը։

Դավիթ Իսաջանյանը, խոսելով թարգմանության համաշխարհային փորձի մասին, նշում է, որ մշակույթը փոխակերպվում է օտարի միջոցով, այսինքն՝ թարգմանության միջոցով։ Գերմանացի ռոմանտիկների օրինակով ցույց է տալիս, թե գերմանացիներն ինչպես են բառացի թարգմանության փորձը վերածել փիլիսոփայական համակարգի։

«Գերմանացիները կարծաում էին, որ կդառնան Եվրոպայի մշակութային կենտրոն, եթե հույների և հռոմեացիների ողջ մշակութային ժառանգությունը՝ հատկապես փիլիսոփայությունը, բառացիորեն գերմանացվի։ Գերմաներնն այսօր համարվում է փիլիսոփայության լեզու», – ասում է Դավիթ Իսաջանյանը։

Ունե՞նք մենք՝ հայերս, փիլիսոփայության լեզու։ Թարգմանիչն ասում է․ «Մենք փիլիսոփայության լեզվի մեծ ավանդույթ ունենք, 20–րդ դարում մոռացվել է, քանի որ փոխվել է մեր թարգմանական ողջ ավանդույթը։ Ես երբ թարգմանում եմ փիլիսոփայական գրականություն, փորձում եմ վերականգնել հունաբան ավանդույթը։ Հետևում եմ կորուսյալ ավանդույթի սկզբունքներին»։

Խոսելով խորհրդային ժամանակների թարգմանական պրակտիկայից՝ նշում է, որ գաղափարախոսական մամլիչը շատ բան փոփոխել է, համարվել է, որ անթարգմանելիություն գոյություն չունի և ամեն ինչ կարելի է թարգմանել։

Սովետահայերենի հետ, որպես փիլիսոփայության լեզվի, անհաշտ է, քանի որ, ըստ թարգմանչի, հայերենը դարձել է «պատճենի պատճեն»։ «Ես ուզում եմ և կարևորում եմ դարավոր ավանդույթը և ուզում եմ այդ ավանդույթի հետ աշխատել և տեսնել «ուրիշության» հետ այս առնչակցությունը մեզ ինչպիսի նոր ինքնություն կարող է տալ կամ չտալ։ Ես ամեն դեպքում աշխատում եմ։ Փիլիսոփայության լեզուն պարզ չէ, դա, ինչպես Աճառյանն էր ասում, «ուսումնականների» ու «մտածողների» լեզուն է, դրանք հարուստ են և վերամբարձ, ինչը հայերենում այսօր բացակայում է մասամբ», – ասում է Դավիթ Իսաջանյանը։

Back to top button