Խոշորացույց

Ինչպիսի թանգարան է Հայաստանը բաց երկնիքի տակ. «Խոշորացույց»

Մոտ 20 թանգարան, տասնյակ հազարավոր հավաքածու 44-օրյա պատերազմից հետո թշնամու ձեռքն է անցել։ Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին, նաև պետք է բարձրաձայնել մեր կորսված մշակութային ժառանգության մասին, ասում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Հենց այդ նպատակի համար ստեղծված է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ինտերնետային հարթակը։

Պրոֆեսոր Պետրոսյանը, որի ակտիվ ջանքերի շնորհիվ Արցախի Տիգրանակերտի հավաքածուն հնարավոր եղավ փրկել, շեշտում է, ուր պատերազմի մասին մտածում ենք խաղաղ ժամանակներում։

Նա նշում է, որ Արցախի համապատասխան գերատեսչությունները որևէ էվակուացիայի պլան չունեին և ամեն ինչ արվել է հընթացս։ «Ես ոչ մտածում էի, որ թշնամին պիտի գրավի Տիգրանակերտը, ոչ գաղափար ունեի, որ նոյեմբերի 9-ի հիմար հայտարարությամբ Տիգրանակերտը տրվելու է թշնամուն։ Ասում էի, որ վտանգի մեջ ենք, ինչը կարող ենք փրկել, տեղափոխենք, եթե վտանգը սուտ եղավ` հետ կբերենք»,- երկուսուկես տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն է հիշում Համլետ Պետրոսյանը։

Ըստ նրա` թանգարանների մասով կորստի հիմնական մասը մեր անկազմակերպվածության, պատերազմին չնախապատրաստվելու արդյունքն է։ Նա ահազանգում է, որ Բաքուն այսօր հայտեր է ներկայացնում, թե մենք թալանել ենք Ադրբեջանի սեփականությունը։ Ասում է, որ այս հարցով, առայժմ ապարդյուն,  դիմել է Հայաստանի անվտանգության խորհրդին, Արցախի իշխանություններին, Մայր աթոռին, որ համատեղ քայլեր ձեռնարկեն։

Մեր սահմանների նման սահմանափակվել է նաև իմ հնագիտական աշխատանքների աշխարհագրությունը, դառը ժպիտով այսօրվա իր աշխատանքների մասին է պատմում պրոֆեսորը։ Նա այժմ զբաղված է Դվինի պեղումներով։ Պնդում է, որ նման հայկական քրիստոնեական հնագիտական հուշարձան չկա հանրապետությունում, չկա անգամ տարածաշրջանում։

Համլետ Պետրոսյանը շեշտում է, որ մեր հասարակությունը երկդիմի է, մի կողմից հպարտանում է, ցույց է տալիս իր մշակութային ժառանգությունը, մյուս կողմից` ժամանակակից հասարակությունը անկարող է ըստ արժանվույն պահպանել այդ ժառանգությունը։  

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հայաստանը ինչպիսի թանգարան է բաց երկնքի տակ. այս թեմայի շուրջ ենք խոսում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ։

Back to top button