Երկրորդ շնչառություն

65-ից հետո ևս կարելի է բարձունքներ հաղթահարել․ «Երկրորդ շնչառություն»

Մերձավորի հանդեպ և առ Աստված սերն է առաջնորդում և ուժ տալիս 65 և ավելի տարեկան տարեցներին ամեն կիրակի մասնակցել Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած ուխտագնացություններին և թեթևությամբ հաղթահարել առաջին հայացքից բարդ թվացող վերելքները:

Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ասում է, որ Աստվածաշունչը պատգամում է հարգել, մեծարել ու պատվել հորն ու մորը՝ չառանձնացնելով միայն սեփական ծնողներին՝ դրանով բոլորին կոչ անելով խորին հարգանքով և պատկառանքով մոտենալ տարիքն առած մարդուն:

Սուրբ Հակոբ եկեղեցին արդեն տարիների ավանդույթ ունի 60-ից հետո մեծ շուքով նշել համայնքի ներկայացուցիչների ծննդյան տոներն ու հիշարժան առիթները: «Վերջերս պատարագից հետո նշեցինք մեր Քնար տատի ամուսնության 70-րդ ամյակը: Պապին տանն էր, բայց մենք եկեղեցում նշեցինք ծաղիկներով, բարի խոսքով»,-պատմում է Տեր Հայրը:

68-ամյա կենսաթոշակառու Գոհար Գալստյանն իր ամբողջ կյանքը նվիրել է երեխաներին և աշխատել մանկապարտեզում դաստիարակից դառնալով տնօրեն: Թոշակի անցնելուց հետո մխիթարություն, փրկություն է գտել եկեղեցում՝ հենց այստեղ ուժ ստանալով երկրորդ շնչառություն վերցնելու և հագեցած կյանքով ապրելու համար: Ամեն կիրակի նա երկու տրանսպորտ է փոխում, որ հասնի Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի՝ բաց չթողնելու կիրակնօրյա պատարագը: Նա բաց չի թողնում նաև եկեղեցու կազմակերպած ուխտագնացությունները:

«Չեք պատկերացնի, թե դա ինձ ինչ է տալիս, որևէ հոգնածություն չեմ զգում. ամեն ուխտագնացությունից հետո իմ կյանքն ասես մի քանի տարով երկարի»,- ասում է նա: Նրա խոսքերով, առաջին հայացքից անհաս թվացող բարձունքներն աղոթքի ուժով ընկրկում են և հնարավոր է լինում մի փոքրիկ լեռնային արահետով բարձրանալ դեպի բաղձալի վերջնակետը: «Դեռ չկա մի բարձունք, որ նպատակ դրած լինեմ ու հասած չլինեմ»,-ասում է նա՝ ավելացնելով, որ ամեն ուխտագնացությունից հետո ինքն ավելի առողջ ու առույգ է զգում իրեն: Բացի դրանից, տիկին Գոհարն իր ընկերների հետ շաբաթական մեկ անգամ նաև Հիշողության սրճարան է այցելում՝ ուղեղի աշխատանքը խթանելու, նոր սոցիալական կապեր հաստատելու և բովանդակալից կյանք ունենալու համար:

Տեր Շմավոնն էլ ավելացնում է Քոբայր բարձրանալիս երիտասարդներից շատերն ընկրկում են ու ճամփան կիսատ թողնում, որ մեկ ուրիշ անգամ բարձրանան, իսկ տարեցները հավատի ուժով հասնում են մինչև վերջ, իսկ իրեն ոչինչ չի մնում, քան առաջնորդել նրանց: «Մենք մեսենջերի խումբ ունենք, այնտեղ գրում ենք առաջիկա ուխտագնացության մասին, ու երկու-երեք րոպեում ամբողջը խումբ հավաքվում է: Երբեմն երկու ավտոբուսով ենք ճանապարհ ընկնում»,-պատմում է նա՝ ավելացնելով, որ տատիկներին խանդավառությունն ու անընդմեջ վերելքը ոգևորում է ավելիին հասնել:

«Շատերը պատմում են, որ բարդ վերելքների համար իրենք զգացողութուն են ունենում, որ մեկն ասես գրկում և օգնում է իրենց հաղթահարել ճանապարհը»,-պատմում է Տեր Շմավոնը:

Նրա համոզմամբ, հասարակությունը, ընտանիքներն ու զավակները պետք է խրախուսեն իրենց տարեց ծնողներին ու հարազատներին եկեղեցում գտնել երկար, առողջ ու ներդաշնակ կյանքի բանաձևը:

«Երբեմն զավակները վախենում են իրենց տարեց ծնողներին թողնել, որ հեռուն գնան՝ մտածելով, թե մի բան կպատահի: Ոչ մի բան էլ չի պատահի, մանավանդ եկեղեցու ճանապարհին կամ ուխտագնացության ժամանակ: Դուք պետք է տեսնեք, թե ոնց են մեր երիտասարդներն ուխտագնացությունների ժամանակ պտտվում տարեցների շուրջ, ինչ հոգատարությամբ, ինչ ուշադրությամբ: Եվ ընտանիքի անդամները ոչ միայն պետք է չարգելեն, այլ փորձեն միանալ՝ հասկանալու, թե ինչն է իրենց տարեց հարազատին այդպես ոգեշնչում, ուրախացնում և թևեր տալիս»,- եզրափակում է Տեր Հայրը:

Back to top button