Երկրորդ շնչառություն

Ծաղիկներն անմահացնող արվեստագետը. բարությունը՝ երկար ու որակյալ կյանքի գաղտնիք․ «Երկրորդ շնչառություն»

Միավորելով բնության հանդեպ մեծ սերը և հնարամտությունը՝ դժվար կյանքը մարտահրավեր դարձրած ու հաղթահարած 78-ամա արվեստագետ Էլիկո Դալլաքյանն արվեստի միջոցով շունչ է տալիս ծաղիկներին ու տարածում ամբողջ աշխարհով մեկ:

Տիկին Էլիկոն նվիրում ու վաճառում է իր ձեռքով թառամած ու թոշնած ծաղկաթերթերից խնամքով պատրաստած կտավները: Դրանք արդեն Իսպանիայում են, ԱՄՆ-ում Հունաստանում և այլուր: Նրա խոսքերով, որպես մասնագետ իր կայացման գործում մեծ ավանդ են ունեցել ուսուցիչները թե՛ հարազատ դպրոցում, որտեղ վերադարձավ աշխատելու ավարտելուց հետո, թե՛ ինստիտուտում:

Շատերն արդեն վաղուց չկան, բայց բոլորի անունները հատ-հատ հիշում ու շնորհակալություն է հղում տիկին Էլիկոն: Վերջերս էլ իր աշակերտներն են հավաքվել ու հրավիրել հանդիպման, տուն են ճանապարհել ծաղիկներով, որոնցից նույնպես անմահ կոմպոզիցիաներ է ստեղծելու: Նկարչության և գծագրության ուսուցչուհին մասնագիտությունն ընտրել է պատահաբար, սրտի թելադրանքով՝ չխորհրդակցելով անգամ ծնողների հետ:

26 տարեկանում այրիանալով նա ուժ է գտել իր մեջ, դպրոցում աշխատելուն զուգահեռ այլ աշխատանքներ կատարել, որ կարողանա պահել զավակներին: 1980 թ.-ին բնական նյութերից՝ բրինձ, ակացիայի սերմեր, ոսպ, աշակերտների հետ պատրաստած օլիմպիական արջուկն այնքան լավ էր ստացվել, որ հետագայում նույնպես շարունակել է այդ եղանակով կոլաժներ ստանալ:

«Դժվար կյանք եմ ունեցել, ի վիճակի չէի ներկեր ու կտավ գնել և աշխատել յուղաներկով, որոշեցի նկարել այնպես,որ չտարբերվի մյուս աշխատանքներից, իսկական նկարիչների գործերից»,- պատմում է նա:

Տիկին Էլիկոյին կյանքը հնարավորություն է ընձեռել այլ երկրներում ապրել և ստեղծագործել, բայց հայրենիքի ու բնության նկատմամբ մեծ սերը նրան կրկին Հայաստան է վերադարձրել: Նա համոզված է, որ մեր բնությունն ուրիշ է, ամառ-ձմեռ մեր հողի ռեհանն օգտագործելով հնարավոր է ավելի առողջ լինել:

Զրուցակիցս բացառիկ մարդ է, ավելի ուշ կորցնելով միակ որդուն, նա կրկին ուժ է գտել ստեղծագործելու, արարելու, կյանքին ու շրջապատին բարին ու գեղեցիկը տալու համար: Շնորհակալ է նաև զավակներին, որ միշտ խրախուսել են իրեն, օգնել են զբաղվել սիրած գործով ու գնահատել են իր կատարած աշխատանքը:

Տիկին Էլիկոն իր տարիքից առնվազն 15 տարի երիտասարդ է երևում, այնքան բարեսիրտ է, որ երկարակեցության իր բոլոր գաղտնիքները բացում է ամենքի առաջ.

«Ես քիմիական ոչինչ չեմ օգտագործել, օգտվել եմ բնական նյութերից։ Մազերս լվանում եմ ձվի դեղնուցով, դրա համար էլ առատ են և ամուր: Արևի տակ երկար չի կարելի մնալ, մաշկը փչանում է: Բայց ամենակարևորը՝ բարությունն է մարդուն երիտասարդեցնում, նախանձը փչացնում է մարդու արտաքինն ու դեմքը: Միշտ ժպտացեք, դա գեղեցկացնում է մարդու հոգին»։

Back to top button