Երկրորդ շնչառություն

Զգուշավորություն՝ ունեցվածքը ժառանգներին փոխանցելիս. շտապողականությունը կարող է ճակատագրական լինել․ «Երկրորդ շնչառություն»

Տարեց մարդն իր սեփականությունը, գույքը ժառանգներին փոխանցելու հարցում պետք է զգուշավորություն հանդես բերի և չդրսևորի ավելորդ շտապողականություն:

«AM» իրավաբանական ընկերության գլխավոր խորհրդատու, փաստաբան Պայծառ Քոչարյանը տեղեկացնում է, որ քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում է ունեցվածքը փոխանցելու երկու հիմնական եղանակ՝ նվիրատվության պայմանագիր և կտակ: Նրա խոսքերով, երբ տարեց անձը ստորագրում է նվիրատվության պայմանագիր, դրանով նա դադարում է տվյալ գույքի նկատմամբ որևէ իրավունք ունենալ և այլևս որևէ պահանջ չի կարող առաջադրել:

«Նվիրատվության պայմանագիրը չի նախատեսում որևէ հակընդդեմ պարտավորություն, և տարեց անձը չի կարող ակնկալել որևէ հատուցելիություն»,- բացատրում է մասնագետը:

Նրա խոսքերով, պրակտիկայում լինում են դեպքեր, երբ տարեց մարդու մերձավոր ազգականները կամ այլ անձինք, որ հավակնություններ ունեն և շահագրգռված են ունեցվածքը ձեռք բերելու հարցում, համոզում են նրան իր կենդանության օրոք որոշում կայացնել և վճռել գույքի ճակատագիրը:

«Ցավալի է, բայց փաստ, որ սովորաբար գույքի նկատմամբ իրավունքներ ստանում են այն մարդիկ, որ կարողանում են համոզել և ազդել տարեց մարդու որոշումների վրա: Խնդիրն էլ ավելի է բարդանում, երբ շահագրգիռ նման անձինք մեկից ավելի են, և այս դեպքում տուժում է տարեց անձը, որ երբեմն հայտնվում է անօգնական վիճակում՝ առանց տան և միջոցների»,-արձանագրում է փաստաբանը:

Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ նվիրատվությունից հետո նվիրատուն բողոքում է, որ իրեն այլևս չեն խնամում, բայց այս դեպքում օրենսդրությամբ որևէ լծակ չկա պարտավորեցնելու մյուս կողմին: Ավելին, երբեմն տարեց մարդու գույքը նվեր ստացած «մերձավոր ազգականը» արագ վաճառում է այն, իսկ նոր սեփականատերերն առանց խղճի խայթի վտարում են տարեց մարդուն իր բնակարանից՝ դարձնելով նրան անտուն:

Փ.Քոչարյանը խորհուրդ է տալիս տարեցներին բացառել նվիրատվության պայմանագրի ստորագրումը և կտակի հարցում էլ չշտապել որոշում կայացնել, բայց եթե, այնումանայնիվ, երկընտրանքի առաջ են կանգնած ընտրել կտակի կարգադրությունը:

«Նախ, կտակի մասով օրենսդրությունը նախատեսում է գաղտնիություն, ի տարբերություն նվիրատվության պայմանագրի: Բացի դրանից, տարեց մարդը կարող է նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով փոփոխել, լրացնել ու վերացնել կտակը: Եթե ունեք ժառանգներ, որոնք չեն խնամում ձեզ կամ լավ վերաբերմունք չեն ցուցաբերում ձեր նկատմամբ, և մտահոգություն ունեք, որ ձեզանից հետո կստանան ձեր ունեցվածքը, կարող եք կոնկրետ այդ մարդկանց կտակով զրկել ժառանգությունից, այլ ոչ թե այդ պատճառով ձեր ունեցածը փոխանցել մեկ ուրիշի: Երբ մարդը գիտի, որ ինքն է կտակով ժառանգորդը, փորձում է լավ վերաբերմունք ցուցաբերել և հոգալ, որ չփոխվի կտակային կարգադրությունը: Սա որոշ չափով երաշխիք է տարեց մարդու համար, որ իրեն կխնամեն մինչև կյանքի վերջ: Աներկբա խորհուրդ եմ տալիս ընտրել կտակի տարբերակը, որը միաժամանակ թույլ է տալիս կենդանության օրոք տնօրինել գույքը»,- պարզաբանում է իրավաբանը:

Ինչ վերաբերում է հիշողության կորուստ կամ այլ հիվանդություններ ունեցող տարեցներին, ապա օրենսդրությամբ սահմանվում է պատրոնաժի ինստիտուտը: Դա խնամակալության մարմնի կողմից նշանակված անձ-օգնականն է, որ տարեց մարդու հետ կնքում է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր և օգնում է նրան բոլոր նման հարցերում:

Back to top button