Երկրորդ շնչառություն

«Հայկական Կարիտասի» շնորհիվ տարեկան 1200 տարեց մարդ օգնություն է ստանում․ «Երկրորդ շնչառություն»

«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը սոցիալական պաշտպանության ծրագրերով տարեկան 1200 տարեց մարդու զգալի օգնություն է ցուցաբերում. 4 մարզում իրականացվում է տնային խնամք, 2-ում մատուցվում են ցերեկային զբաղվածության ծառայություններ: Բացի դրանից, Հայկական «Կարիտաս» բարեսիրական կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը տեղեկացնում է, որ «Տաք Ձմեռ» ծրագրի շրջանակում հոգում են տարեց շահառուների ջեռուցման ծախսերի որոշ մասը, իսկ «Չոր սնունդ»-ի շրջանակում 200 տարեց Գյումրիում սնունդ է ստանում:

2006 թվականից Գյումրիում գործում է Տարեցների ցերեկային հոգածության կենտրոնը: Տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի ղեկավար Տիգրանուհի Տարախչյանը նշում է, որ առավոտյան տարեցները գալիս են կենտրոն Գյումրիում իրենց միջոցներով, Տաշիրում կազմակերպությունն ապահովում է տրանսպորտով:

«Սա կարելի է համարել յուրատեսակ ծերապարտեզ, նրանք էլ են մանուկներ, բայց մենք «ծեր» բառը չենք օգտագործում, ասում ենք՝ տարեց: Ընդունված է 65-75 տարիքային խմբին տարեց անվանել, 75-85՝ ծեր, իսկ դրանից հետո արդեն՝ երկարակյաց»,-կատակում է Տիգրանուհին:

Տարեցների սիրած զբաղմունքներից են սեղանի խաղերը՝ շախմատ, նարդի, շաշկի: Կանայք հիմնականում գործում են ու կարում, զբաղվում են թաղիքագործությամբ:

«Կամավորի ջանքերով մեր տատիկները սկսեցին զբաղվել թաղիքագործությամբ, պարզվեց շատ տաղանդավոր են մեր տատիկները և արագ յուրացրեցին, և այսօր մենք մաշիկներ, սփռոցներ և օգտակար այլ իրեր ունենք»,- պատմում է Տ.Տարախչյանը՝ նշելով, որ մասնակիցների մեջ անգամ 85-ն անց տատիկ կա:

Նա պատմում է, որ կենտրոնում կազմակերպում են միջոցառումներ, նշում են բոլոր տոներն ու ծննդյան տարեդարձները: Ցերեկային կենտրոնում տարեցները նաև սնվում են երկու անգամ:

Հայկական «Կարիտաս» բարեսիրական կազմակերպության ծրագրերի ղեկավարի խոսքերով, իրենք աշխատում են հիմնականում խոցելի խավերի հետ, և տարեց շահառուներն ունեն, առաջին հերթին, սոցիալական խնդիրներ:

«Մեզ դիմում են հենց սնունդ ստանալու համար, բայց հետագայում արդեն իրենց մեզ մոտ լուծում են նաև զբաղվածության հարցը, իրենց մեզ մոտ օգնում են հաղթահարել շփման կարիքը, սիրում են, զբաղեցնում են: Մենք հիմնականում օգնում ենք միայնակ ապրող տարեցների, որ զավակներ չունեն կամ երեխաները երկրում չեն»,- ասում է Ա.Գևորգյանը:

Ցերեկային հոգածության կենտրոնի պատասխանատուի խոսքերով, տարեցների հետ աշխատողները պետք է շատ ավելի հանդուրժող, բարի ու համբերատար լինեն, որ օգնեն տարեցին հաղթահարել սոցիալականացման պակասը, ինչը փորձում են մեղմել նաև էքսկուրսիաներ ու մշակութային հաստատություններ այցեր կազմակերպելով:

Back to top button