Վերնատուն

«Բախի ավանդույթները» և «արդյունաբերական» երաժշտությունը մեր օրերում․ «Վերնատուն»

Թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Մելքոնյանը մոտավորապես 20 տարի առաջ մեկնեց Գերմանիա՝ կրթությունն ու երաժշտական կարիերան շարունակելու նպատակով։

Հիմա նա վերջնականապես տեղափոխվել է Հայաստան։ Հայաստանում, ինչպես ինքն է ասում, ի տարբերություն Եվրոպայի, իր գործն ավելի պահանջված է և «մտքի ճկունություն կա»։ Եվրոպայում կարծրացած ստրուկտուրաները թույլ չեն տալիս ապահովել ստեղծագործության անմիջականությունն ու կենդանությունը։

«Այն, ինչ Եվրոպայում հիմա տեղի է ունենում, դասական երաժշտության առումով ինձ չի համոզում։ Ինչ-որ պահի ես սկսեցի մտածել դասական երաժշտւթյան դերի մասին։ Եվրոպայում հիմա բուռն փոփոխություններ են տեղի ունենում և՛ հասարակական, և՛ մշակութային կյանքում։ Ինձ սկսեց հետաքրքրել «արդյունաբերական» երաժշտության թեման, քանի որ ներկայիս դասական երաժշտությունը չէր համապատասխանում իր իրական բնույթին։ Ինձ սկսեց հետաքրքրել, թե երբ սկզբնավորվեց այդ պրոցեսը», – ասում է Դավիթ Մելքոնյանը։

Թավջութակահարն ասում է, որ դասական երաժշտությունը մեծ ստեղծագործական և անմիջական ուժ ունի, «արդյունաբերական» երաժշտությունը նրա ուժը նվազեցնում է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում «արդյունաբերական» և «բնական» երաժշտությունը, ո՞րն է արդի ժամանակներում դասական երաժշտության զարգացման ուղին։

Դավիթ Մելքոնյանը պատմում է, որ լինելով Եվրոպական մշակութային մի շարք կենտրոններում ժամանակակից երաժշտության, արվեստի, պարի կամ թատրոնի ներկայացումներին՝ ինտելեկտուալ բավարարվածությունից բացի գեղագիտական ու զգացմունքային հաճույք չես ստանում և շատ հաճախ ունենում ես դատարկության զգացում։

«Հին ժամանակներում կոմպոզիտորներն օգտագործում էին այնպիսի երաժշտական լեզու, որը բոլորին հասանելի էր, իսկ օրինակ Քյոլնում ժամանակակից երաժշտության համերգաշարից առաջ երաժշտագետը մեկ ժամ խոսում է այդ երաժշտության մասին», – ասում է թավջութակահարը։

Դավիթ Մելքոնյանը նպատակ ունի Հայաստանում երաժշտության հին ավանդույթները վերակենդանացնել և զարգացնել։ Երազանք ունի իր ընկերների ու համախոհների հետ հիմնել երաժշտական կենտրոն, որտեղ «հին ավանդույթներով» կուսուցանվի երաժշտություն, երաժշտական գործիքների պատրաստման արվեստ։ Հայաստանում կա ներուժ, մեծ հետաքրքրություն, այդ պարագայում հնարավոր կլինի ստեղծել միջավայր, որը կզարգացնի, օրինակ՝ «Բախի ավանդույթները» մեր օրերում։

Back to top button