Դպրություն

Ո՞ւր գնալ աշխատելու. ԵՊՀ–ն տարբերակներ է առաջարկում․ «Դպրություն»

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ընդլայնում է գործատուների հետ համագործակցության շրջանակը։ Առաջարկի և պահանջարկի ձևավորման գործոնները, մեխանիզմը, մարդկային կապիտալի ներդրումները ինչպե՞ս են կարգավորվում ԵՊՀ– ում, համագործակցության ի՞նչ ծրագրեր կան։

Զրույց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի, «Իմեքս–գրուպ» կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Վարդուհի Հարությունյանի, ԵՊՀ–ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Մարինե Մարգարյանի և ԵՊՀ–ի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողուհի Արևիկ Առուշանյանի հետ։

«Աշխատաշուկան այսօր ունի նոր մասնագիտացումների արագ զարգացող տեմպ։ Գործատուները շատ հաճախ կարողանում են ներգրավել մասնագետների, ովքեր կարող են նոր ոլորտներում և նոր որակավորումներով դառնալ կազմակերպության աշխատակից։ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը բավականին ակտիվ աշխատում է Հայաստանի աշխատաշուկայի գործատուների հետ», – ասում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը։

«Իմեքս գրուպ» ընկերությունը համագործակցում է հայաստանյան բոլոր բուհերի հետ։ Իրականացվում են տարբեր ծրագրեր, որպեսզի այն բացը, որը պահանջում է գործատուն և դեռևս չի տալիս բուհը, կարողանանք լրացնել։ Մենք հնարավորություն ենք տալիս ուսանողին առանց աշխատանքային փորձի պրակտիկա անցնել մեր գրասենյակներում, քանի որ կան գիտելիքներ, որոնք կարելի է ձեռք բերել միայն պրակտիկ աշխատանքի ընթացքում»,- ասում է «Իմեքս–գրուպ» կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Վարդուհի Հարությունյանը։

«Ես սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում։ «Գրանդ Քենդի» ընկերությունում ունեցել եմ հնարավորություն պրակտիկ փորձ ձեռք բերելու կարիերայի կենտրոնի միջոցով, միջազգային կապերի բաժնում։ Իսկ պրակտիկաները շատ լավ հնարավորություն են սեփական հմտությունները կիրառելու և նոր հմտություններ ձեռք բերելու համար։ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել բոլոր ուսանողները»,- ասում է ԵՊՀ–ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Մարինե Մարգարյանը։

«Ես ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող եմ։ Ուսանող լինելուց բացի ներկայացնում եմ նաև ուսանողական խորհուրդը։ Նախագահության անդամ եմ։ Եվ սա այն օղակն է, որտեղ ուսանողության խնդիրներին շատ արագ ենք կարողանում արձագանքել, որովհետև ուսանողները շատ հաճախ դիմում են իրենց ուսանող ընկերներին, իրենց մեջ կապը ավելի հեշտ է լինում և ուսանողների միջոցով էլ շատ խնդիրներ ենք փորձում բարձրաձայնել։ Ուսանողական խորհրդի միջոցով կազմակերպում ենք հանդիպումներ տարբեր կազմակերպությունների հետ, որտեղ հնարավորություն է տրվում սովորողին հենց նույն կազմակերպությունում անցնել պրակտիկա, ինչպես նաև ստանալ աշխատանքի առաջարկ և ունենալ աշխատելու հնարավորություն», – ասում է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողուհի Արևիկ Առուշանյանը։

Back to top button