Կյանքին ասել այո՛

Պատերազմն ինձ համար մութ անկյուն է, որի լույսերը կարողանում եմ միայն ես վառել․ Միհրան Կոստանյան. «Կյանքին ասել այո՛»

«Պատերազմն ինձ համար ներսում մնացած մութ անկյուն է, որի լույսերը կարողանում եմ միայն ես վառել»։ Թերևս սա է պատճառը, որ պատերազմից խոսել չի սիրում։ Միաժամանակ խոստովանում է՝ հասնելով գիտակցական տարիքիս, ես միշտ պատրաստվել եմ պատերազմի, որովհետև կանխազգացել եմ պատերազմը՝ անգամ մինչև բանակ գնալը։ 44-օրյա պատերազմի մասնակից Միհրան Կոստանյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում, զորակոչվել է 2020-ի օգոստոսի 7-ին, ծառայել է Մատաղիսում, կռվել է Մատաղիսում, Թալիշում, Շուշիում։

Առաջին վիրավորումը ստացել է հենց պատերազմի սկզբում․ ողնաշարի կոտրվածք երկու տեղից։ Դեռ չապաքինված հոսպիտալից փախել է Մատաղիս ու կրկին միացել կռվող ընկերներին, կռվել է մինչև պատերազմի ավարտը։ Այդ ընթացքում նաև երկու սալջարդ՝ կոնտուզիա է տարել։ Միհրանը պատերազմից վերադարձել է մի շարք խնդիրներով, որոնք, այդուհանդերձ, չեն շեղում նրան որդեգրած առաքելությունից, այն է՝ ծառայել հայրենիքին ցանկացած ձևով։

Այդ նպատակին են ծառայելու ձեռք բերած բոլոր գիտելիքները ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ադրբեջանագիտության բաժնում, «Ադրբեջաներենի ուսուցման կենտրոնում» (ALC), այս պահին՝ նաև «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամում։ Միհրանն այն բացահայտեց մոտ կես տարի առաջ ու այժմ իրեն համարում է իրական ջենեսիսական։

Դա, ըստ նրա, նշանակում է՝ ունենալ գաղափար, արժեհամակարգ, գործելու մեծ ցանկություն ու պատվախնդրություն։ «Վերաինտեգրում կրթության միջոցով»․ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար նախատեսված ծրագիրը «Ջենեսիս Արմենիայի» և հայ-ֆրանսիական «Խելք» կրթական հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է։ Ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ևս Միհրանն օգտագործելու է ի նպաստ հայրենիքի, հիմնականում՝ տեղեկատվական պատերազմներում։

Back to top button