Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ես ծնվել եմ դրախտում․ Գայանե Ծատրյան․ «Կյանքին ասել այո՛»

«Ես ծնվել եմ դրախտում՝ Արցախում»։ Հենց այսպես է ներկայնում  Գայանե Ծատրյանը։ Ծնվել է 1987 թվականին Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ 2004-ին ընդունվել է Արցախի պետական համալսարանի Ֆիզմաթ ֆակուլտետի «Ֆիզիկա և աստղագիտություն» բաժինը։ 2015-ին ավարտել է Արցախի պետական համալսարանի և «Սինոփսիս Արմենիա»-ի  համագործակցության արդյունքում ստեղծված Կապի միջոցների, միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախգծման բաժինն  ու աշխատանքի անցել  «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում  որպես ծրագրավորող։ Դրանից հետո   շարունակել է աշխատանքը ՏՏ ոլորտում։ 2008-ին ամուսնացել է , ունի տասնչորս տարեկան աղջիկ։ 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվեցին ՌԴ, սակայն օտար հողում երկար չդիմացան, կարճ ժամանակ անց վերադարձան Արցախ։ «Արևին էի նայում ու երանի տալիս, որ կարողանում է տեսնել իմ Արցախը։ Հիմա նույնը կրկնվում է, բայց այն ժամանակ հույսուվ էի ապրում, որ հայրենիքս կա, ծնողներս այնտեղ են ապրում ու ես միայն ժամանակավոր եմ  Ռուսաստանում»,-ասում է Գայանեն։

Ռուսաստանից նա վերադարձավ նոր հայացքով, նոր նպատակներով։ Աշխատնքի անցավ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի։ Ուզում էր երեխաներին երազել սովորեցնել, որպեսզի Արցախը լիակատար դրախտի վերածեն։ Միաժամանակ հեռավար աշխատում էր  միջազգային ընկերությունում որպես ծրագրավորող։ Ամուսինն Արցախում սպա էր, մասնակեցել է 2011-ից հետո Արցախում տեղի ունեցած բոլոր ռազմական գործողություններին, այդ թվում ՝ 44-օրյա պատերազմին։ Քիչ թե շատ նորմալ կյանք էին վերադարձել, Գայանեն անգամ շրջափակումն անհաղթահարելի խնդիր չէր համարում, երբ պայթեց 2023-ի սեպտեմբերյան նոր  աղետը…

Արցախը լքեցին սեպտեմբերի 26-ին։ Ապրում են Երևանում։ Գայանեն շարունակում է աշխատանքը միջազգային ընկերությունում, միաժամանակ մասնակցում է արցախցի կանանց օժանդակող «Գաղափարից ձեռներեցություն» նախաձեռնության դասընթացներին՝ ուսանելով  բիզնես հմտություններ, անգլերեն, հոգեբանություն։ Ուժ է ստանում դստեր ժպիտից ու փորձում է ուժեղ լինել  հանուն նրա։

Back to top button