Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ես փրկվել եմ, բայց կողքիս տղան զոհվել է, չեն հասցրել․ Իգիթ Իսրայելյան․ «Կյանքին ասել այո՛»

Իգիթ Իսրայելյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի  Վարդենուտ գյուղում։ 2018-ին ընդունվել է Երևանի տնտեսագիտական համալսարան, 2019-ի հունվարին զորակոչվել է բանակ։ Ծառայել է ՀՀ ԶՈՒ Մուղնիի ուսումնական զորամասում, ապա՝ Ստեփանակերտի «Ցոր» զորամասում։ Պատերազմի 42-րդ օրը՝  նոյեմբերի 7-ին  ծանր վիրավորվել է՝ ստանալով թոքերի սալջարդ։

«Կարմիր շուկայի հատվածում երկու հոգով դիրք էինք պահում, ես ու մի տղա, որի հետ հենց այդտեղ էինք ծանոթացել։ Թշնամու հրետակոծության արդյունքում երկուսով հայտնվեցինք հողի  տակ։ Չէի կարողանում շնչել, բայց գիտակցությունս տեղում էր։ Ընկերս պատմում է, որ լսել է իմ գոռոցը՝ հողի տակից։ Ես փրկվել եմ, բայց կողքիս տղան զոհվել է, չեն հասցրել …»,-պատմում է Իգիթը։

Մեկ շաբաթ վերակենդանացման բաժանմունքում էր, ինքնուրույն շնչել չէր կարողանում, բայց հաղթահարեց։ Նոյեմբերի ինին Երևանի Նորք-Մարաշի հիվանդանոցում էր, երբ բժիշկներից լսեց՝ վերջացավ պատերազմը, հողերը հանձնեցինք, չստացվեց պահել։

«Այդ պահին ափսոսանքի զգացում կար, ինչի՞ համար էր այս ամենը, ինչո՞ւ այդքան տղերքը իրենց կյանքի գնով պահեցին, բայց իրականում  չպահվեց»։ Երբ վերադարձավ Տնտեսագիտական համալսարան, հասկացավ, որ կորել է սովորելու ցանկությունը, չնայած դասերին ներկա էր։ Առհասարակ, կորել էր որևէ բան անելու հետաքրքրությունը։ Ամիսներ անց տեղեկացավ  «Մտքի զարկ» ՀԿ-ի կազմակերպած ծրագրավորման դասընթների մասին, հենց այդ դասընթացների շնորհիվ էլ, ինչպես ասում է,  նորից սկսեց տեսնել իրեն ապագայում։

Back to top button