Մոռացված ֆիլմերի ստվերները

«Յոթ սարից այն կողմ» կայացված դատավճիռը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Առնոլդ Աղաբաբովի «Յոթ սարից այն կողմ» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Ռոսիա» կինոթատրոնում։ Ֆիլմի պրեմիերան ազդարարող պոստերների առջև դերասանների անունները ընթերցող երևանցիներից ոչ մեկը չէր կարող երևակայել, որ հնարավոր է ազդագրի վրա շփոթել հենց գլխավոր դերակատարի անունը։  

Սցենարիստ, կինոդրամատուրգ և ռեժիսոր Առնոլդ Աղաբաբովը կինոյի աշխարհ եկավ այլ ասպարեզից։ Բաքվի ներքին գործերի շրջանային բաժանմունքի պետ 24-ամյա Առնոլդը, մի քանի տարի աշխատելով իրավապահ համակարգում, հասկացավ, որ այդ աշխատանքն իրենը չէ։

Առնոլդ Աղաբաբով

Մոսկվայի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների՝ Յուրի Բլեյմանի արվեստանոցը նա ավարտեց անցյալ դարի 60-ականների առաջին կեսին։ «Բարև, ես եմ» ֆիլմի կինոսցենարը նրա դիպլոմային աշխատանքն էր։ Այդ սցենարով էլ Ֆրունզե Դովլաթյանը 1965 թվականին նկարահանեց համանուն ֆիլմը։ Այս կինոնկարը, իրոք, իրադարձություն էր ոչ միայն հայ, այլև ողջ խորհրդային երկրի կինեմատոգրաֆում։

1979 թվականին Աղաբաբովը որոշում է նկարահանել իր առաջին լիամետրաժ՝ «Յոթ սարից այն կողմ» ֆիլմը։ Այս կինոնկարում էպիզոդիկ դերով հանդես եկած դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը պատմում է, որ Առնոլդ Աղաբաբովը որպես բեմադրիչ առանձնանում էր դերակատարների դիպուկ ընտրությամբ և նրանց հետ աշխատելու յուրօրինակ կարողությամբ.

Սոֆիկ Սարգսյան

«Առնոլդ Աղաբաբովը միշտ շատ նուրբ էր աշխատում դերասանների հետ։ Նա քչախոս էր։ Ի տարբերություն շատ ռեժիսորների, որոնք անընդհատ գոռում են նկարահանման հրապարակում, այսպես ասած, «դերի» մեջ են մտնում, այդպիսի պոռթկումներ իրենից ես չեմ տեսել։ Նա ամեն օր լուռ, տիտանական աշխատանք էր կատարում նկարահանման հրապարակում»։

Երևանում ֆիլմի որոշ նկարահանումներից հետո հիմնական մասը պետք է նկարահանվեր Ռուսաստանում։ 1979 թվականի աշնանը ստեղծագործական խումբը Ռուսաստանում սկսում է սցենարին համապատասխան վայրերի փնտրտուքը։ Գլխավոր հերոսի՝ Սուրիկի կերպարը ֆիլմում մարմնավորած դերասան Արայիկ Մանուկյանը պատմում է, որ մի քանի շաբաթվա որոնումներից հետո ընտրվում է Կալինինի մարզի Ալեքսևսկայա գյուղը։ Խումբը, մի քանի ամիս լարված աշխատելով, արդյունավետ նկարահանումներ է իրականացնում այդ գյուղում։

Արայիկ Մանուկյան

«Հատկապես դժվար էին ֆիլմի վերջին՝ ճահճի մեջ կատարվող նկարահանումները,- ասում է Արայիկ Մանուկյանը և ավելացնում,- նկարահանումները կատարվում էին նոյեմբերին, իսկ այդ ամսին այդ շրջանում ուղղակի սառնամանիք էր։ Ամբողջ նկարահող խումբը վերարկուներով, գլխարկներով կանգնած էր, իսկ ես աշնանային թեթև հագուստով պիտի մտնեի ճահիճի մեջ։ Երբ ես մտնում էի, ուղղակի խելագարություն էր»։


Նկարահանման և մոնտաժի աշխատանքներն ավարտելուց հետո՝ 1980 թվականի հոկտեմբերի 1-ին, «Ռոսիա» կինոթատրոնում նշանակված էր ֆիլմի պրեմիերան։ Երևանի տարբեր հատվածներում փակցված էին մեծ, տպավորիչ ազդագրեր։ Լսելով աֆիշների մասին՝ Արայիկ Մանուկյանը շտապում է անձամբ տեսնել դրանք։ Սակայն անակնկալի է գալիս՝ իր անվան փոխարեն տեսնելով մեկ այլ դերասանի անուն։

«Բարձր տրամադրությամբ գնացի և տեսա, որ աֆիշի վրա գրված էր Արծրուն Մանուկյան։ Նա այդ տարիներին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի առաջատար դերասաններից էր, և հավանաբար կարծել էին, որ վրիպում է և փորձել էին շտկել։ Իհարկե ես շատ տխրեցի, որովհետև վեց ամիս նկարահանումներ էին, բավականին քրտինք ու ջանք էի ներդրել իմ կերպարը կերտելիս։

Ի՞նչ անել. ամբողջ ընթացքում այդ հարցի պատասխանն էին փնտրում։ Ի վերջո գտա: Գիշերով, ընկերոջս հետ վերցրեցինք թղթեր, վրան Արա գրեցինք և սոսինձով բոլոր պոստեռների վրա փոփոխություն կատարեցինք»,- ժպիտով հիշում է Արայիկ Մանուկյանը։

Առնոլդ Աղաբաբովի «Յոթ սարից այն կողմ» կինոնկարը չի կորցրել արդիականությունը։ Ապրուստի ու ապագայի մտահոգություններով, արտագնա աշխատանքի որոնումներով օտարության մեջ հայտնված բազմաթիվ երիտասարդներ այս ֆիլմի հերոսների նման բախվում են նույնպիսի դժվար, հաճախ անլուծելի խնդիրների։

Back to top button