Վերնատուն

Արվեստը մարդու սիրտը պիտի փոխի, ոչ թե տեղեկատվություն փոխանցի․ «Վերնատուն»

Արվեստագետը չպետք է պայքարի մեծ ամբիոն ունենալու համար՝ ասում է արվեստագետ, արվեստի տեսաբան Աշոտ Աշոտը։ Նա «Երրորդ հարկ» շարժման և հայ ժամանակակից արվեստի հիմնադիրներից է, շուրջ 30 տարի է բնակվում է Փարիզում։

«Արվեստագետի խնդիրը մարդուն փոխելու մեջ է։ Արվեստագետը պատասխանատու է հասարակության համար։ Եթե մեկը իմ ստեղծագործությունից լիցքավորվում և սխալ կամ ճիշտ է ապրում՝ ես դրա համար պատասխանատու եմ», – ասում է Աշոտը։

Նշում է, որ արվեստը անմիջական պիտի լինի՝ ինչպես զգում ենք, օրինակ, ջրի սառնությունն ու զովությունը։ Այն պիտի փոխի մարդու սիրտը, այլ ոչ թե տեղեկատվություն փոխանցողի դերում լինի։ «Իմ պահանջն այն է, որ հանդիսատեսը ոչ միայն կիրթ լինի, այլև հանճարեղ․ եթե արվեստագետը հանճարեղ է ու ստեղծագործությունը նույնպես, դա մի չտեսնված կապ է, ամեն ինչ գործում է։ Դրա համար մենք պետք է ոչ միայն կրթենք ճիշտ արվեստագետների սերունդ, այլ նաև ճիշտ հանդիսատեսի սերունդ, բայց այսօր երկրագնդի վրա կրթում ենք պետական ապարատի ներկայացուցիչներ», – ասում է արվեստագետը։

Խոսելով արվեստագետի ազատությունից՝ Աշոտ Աշոտն նշում է, որ նախ պետք է կարողանալ հրաժարվել ցանկություններից՝ պաշտոնից, մարմնականից, նյութականից։ Ե՞րբ ենք ստրուկ․ երբ ինչ–որ բանից կախված ենք՝ ասում է։

Ինչո՞ւ է իր ստեղծագործություններում հաճախ մերկ մարմիններ ներկայացնում, մերկ մարմինը խոսո՞ւմ է հոգևորի մասին․ «Որպեսզի հասկանանք հոգին՝ մենք այն պիտի հակադրենք մարմնին։ Մարմինը իմ ստեղծագործությունների մեջ փիլիսոփայական իմաստ է կրում։ Մերկ մարմինը փիլիսոփայական զրույցի մի մասն է։ Ես ցույց եմ տալիս, որ այն, ինչին մենք այդքան նշանակություն ենք տալիս, իրականում աղբ է։ Մենք ամբողջ օրը զբաղված ենք մեր մարմնով։ Լվանում, սանրում, հարդարում ենք, իսկ ի՞նչ ենք մենք անում հոգու համար։ Ոչ մի բան», – ասում է արվեստագետը։

Back to top button