Էկոսֆերա

Անկած Բեզոարյան այծի փորձաքննության արդյունքները հայտնի են․ «Էկոսֆերա»

«Խոսրովի անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի մոտ գտնվող ջրատար առվից դուրս է բերվել կարմիր գրքում գրանցված անկած Բեզոարյան այծ։ Կենդանու վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) Արարատի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող  Անդրեաս Սարգսյանը «Էկոսֆերային» պատմեց․

«Հունիսի 2-ին Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակչի ՝ Մանուկ Մանուկյանը ԲԸՏՄ թեժ գծին ահազանգել է, որ «Խոսրով անտառ պետական արգելոց»-ի տարածքում սատկած Բեզոարյան այծ է հայտնաբերվել։ Փաստի կապակցության տեսչական մարմնի մեր բաժնի աշխատակիցների կողմից իրականացրել ենք տեղի զննում։ Արդյունքում հայտնաբերել ենք անհայտ պայմաններում սատկած Բեզոարյան այծ՝ բազմաթիվ վնասվածքներով։ Հրազենայի՞ն, քարերին կամ թակարդներին հարվածելո՞ւ, թե՞ այլ պատճառով է, կպարզվի ոստիկանության փորձաքննության արդյունքով»։

Կենդանուն հայտնաբերել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցը։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անկած կենդանուն աշխատակիցը գտել է Ուրցաձորի վարչական տարածքում, այսինքն՝ պահպանվող տարածից դուրս։

«Հիմնադրամի աշխատակիցը, տեսնելով անկած կենդանուն, անմիջապես զանգահարել և տեղեկացրել է համապատասխան մարմիններին՝ ԲԸՏՄ-ին և ոստիկանությանը։ Քանի դեռ պարզ չէ, թե ինչի արդյունքում է կենդանին անկել, ուսումնասիրության և զննման ենթակա է, այդ պատճառով կոչել որսագողություն, ճիշտ չի լինի։ Մինչև վերջնական եզրակացություն չլինի, կարծում եմ՝ վաղ է որևէ կասկածանքներ հնչեցնելը»։

Ռուբեն Խաչատրյանն ասաց, որ դեպքի վայրում հիմնադրամի աշխատակիցների ակնադիտական զննման արդյունքում պարզ չի եղել, թե որն է եղել կենդանու անկման պատճառը։ Մեր զրուցակիցը նշեց, որ տասը տարվա ընթացքում այդ տարածքում արձանագրված առաջին դեպքն է: Ռուբեն Խաչատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե հիմնադրամն ունի՞ արդյոք տարածքում տեղադրված տեսախցիկներ, թե՞ ոչ։

 «Ոչ, այդ տարածքում չունենք, քանի որ հանրային հատված է»,- ասաց նա։

Այդուհանդերձ Բեզոարյան այծը Կարմիր գրքում գրանցված տեսակ է, դրանց պահպանությանը հատուկ ուշադրություն է դարձվում նաև այն պատճառով, որ այծերը մեկ այլ անհետացող տեսակին՝ ընձառյուծին Հայաստանում հանդիպելու միակ երաշխավորն են։ Հովազների համար Բեզոարյան այծերը կերի աղբյուր են։ Կարևոր այս ֆաունայի շղթան ապահովելու համար, բեզոարյան այծերը գտնվում են պետության պաշտպանության ներքո, հետևաբար նաև որսն արգելված է։ Ավելին, Անդրեաս Սարգսյանի փոխանցմամբ՝ կենդանու որսի համար նվազագույն տուգանքի չափը 3 մլն դրամ է։

«Սակայն, որպես Կարմիր գրքում գրանցված տեսակ, այդ արժեքը հնգապատկվում է՝ կազմելով 15 մլն դրամ։ Այդ պատճառով գործը հանձնեցինք ոստիկանությանը։ Մեր կողմից, ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների մասին 247-րդ հեդվածի, 1-ին մասի 1-ին կետի՝ այն է կազմի բացակայության հիմքով վարչական վարույթը կարճվել է։ Սպասում ենք ոստիկանության հետագա գործողություններին»։

Ոստիկանության փորձաքննության արդյունքները հայտնի են։ «Էկոսֆերայի» հարցմանն ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին

«Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ կենդանին հոշոտված է, որսագողության հետքեր չեն հայտնաբերվել։ Այդ իսկ պատճառով, հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է»։

Ոստիկանությունից, սակայն, այլ մանրամասներ չհաղորդեցին, թե օրինակ՝ որտե՞ղ է իրականացվել փորձաքննությունը կամ ո՞վ է իրականացրել։ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից ճշտեցինք, որ Բեզոարյան այծի փորձաքննություն այնտեղ չի իրականացվել։ Ամեն դեպքում՝ կան մասնագետներ, որոնց համար փորձաքննության արդյունքները վստահություն չեն ներշնչում։ Կենդանաբան Մանուկ Մանուկյանը, ուսումնասիրելով համացանցում տարածված լուսանկարները, պնդում է․

«Ավելի ճիշտ կլիներ, որ ես կենդանուն մոտիկից տեսնեի՝ հստակ ասելու համար կենդանին հրազենային վնասվածք ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Բայց առաջին օրերին տարածված լուսանկարներից ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ կենդանուն կրակել են՝ վզին և թիակի հատվածում։ Իսկ Ձեր ուղարկած լուսանկերներից, որոնք կենդանու հետևի կողմից էին արված, երևում է, որ կենդանուն սատկելուց հետո ինչ-որ կենդանի կամ գիշատիչ թռչուն ձեռք է տվել։ Երբ խոսում ենք հոշոտման դեպքի մասին, ուզում եմ ընդգծել, որ եթե կենդանին այծին բռնել է հոշոտման նպատակով, ապա իր գործը մինչև վերջ կաներ, կուտեր և լուսանկարներում ավելի վատ պատկերներ կլիներ։ Այստեղ երևում է, որ այծին սատկելուց հետո են միայն գիշատիչները մոտեցել։ Իմ կարծիքով՝ կենդանուն կրակրել են, սատկել է, հետո գիշատիչները մոտեցել են ու սկսել են բզկտել որոշ չափով»։

Մոտ տասը տարի առաջ Խոսրովի արգելոցի և կից պահպանվող տարածքներում հանդիպում էր մեկ կամ մի քանի այծ։ Միջազգային կառույցների ֆինանսավորմամբ և աջակցությամբ, կենդանատեսակի գլխաքանակն էապես աճեց։ Նրանց շնորհիվ թակարդ-տեսախցիկները պահպանվող տարածքում ֆիքսեցին նաև ընձառյուծին։ Այսօր,  բեզոարյան այծերին կարելի է հանդիպել արդեն խմբերով։ Ամեն դեպքում, կոծկվե՞լ է որսի դեպքը, թե՞ իսկապես կենդանին անկել է հոշոտման արդյունքում, փաստ է՝ Կարմիր գրքում գրանցված այս առանձյակի գործն արդեն փակված է։

Back to top button