Խոշորացույց

«Խավարի ու ցրտի». ինչպես են ձևակերպվում  հաղթանակները. «Խոշորացույց»

-Դե հաղթանակի թիվը հիշի,- մոռացած հեռախոսահամարն այսպես ինձ առաջարկեց հիշել իմ ընկեր ու բարեկամ, շատերի սիրելի դերասանուհիներից մեկը։

-Ո՞ր հաղթանակը,- հարցիս` պատասխանեց.

-1945-ի։

-Մեկ էլ ասա սովի ու մթի տարիներ,- կատակեցի։

-Ինչո՞ւ ես այդպես ասում, այդ թվին սովից եղբայրս է մահացել,- մի քիչ տխուր ու գուցե նեղացած արձագանքեց նա։

Ու չնայած անձնական ողբերգությանը` 1945-ը նրա համար հաղթանակի տարի էր։

Աննա Մարտիկյանի ռեպորտաժը մոտ ութ տասնամյակ լռության մատնված հերոսամարտի մասին է

Ցավոք, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը շատերը մթագնեցին «մթի» ու «ցրտի» խավարում, մարդիկ ավելի շատ հիշում էին 90-ականների դժվարությունները, քան` հաղթանակները։

Պատմությունը կերտվում է պարտություններով ու հաղթանակներով։ Ու հաղթում են այն ժողովուրդները, որոնք իրենց պարտություններից սովորելով` հիշում են հաղթանակները, հիշում անգամ իրենց ծանր ժամանակներում, ու միշտ նայում ապագային։

Արցախյան առաջին պատերազմի մոռացված էջերի մասին է Մարիամ Հովսեփյանի հաղորդումը

«Պատմությունը ապագայի հայելին է»,- ասում է ֆրանսիացի գրող ու մտածող Վիկտոր Հյուգոն։ Իսկ մենք շատ հաճախ այդ հայելուն նայում ենք ոչ թե ապագան տեսնելու, այլ անցյալը մեղադրելու, մեր պատմության հետ կռիվ տալու համար։

Այնինչ պատմությունը ոչ թե անցյալի մասին է, այլ` ժամանակի, իսկ ժամանակի հետ կռիվ տալն անիմաստ է։

  • Ինչպես ենք մենք մոտենում մեր հաղթանակներին,
  • ինչպես ենք դրանց վերաբերվում ոչ թե պաշտոնական կամ ցուցադրական միջոցառումների, այլ մեր կենցաղի ու շփումների ընթացքում,
  • ի՞նչ ենք սովորում մեր հաղթանակներից եւ ի՞նչ գիտենք դրանց մասին

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում պատմական գիտությունների թեկնածու, պատմության դասավանդման փորձագետ Զոհրապ Գեւորգյանի հետ խոսում ենք մեր հաղթանակների մասին եւ փորձում հասկանալ, թե ինչպես են տարբեր ժամանակներում ընկալում դրանք։

Back to top button