Կյանքին ասել այո՛

Այդ պահին զգացի, որ հայրենիքը անօգնական մանկան նման կախվել է ուսերիցս ու խնդրում է պահել իրեն. Միհրան Կոստանյան

«Բոլոր նրանց, ովքեր տեսան պատերազմը, խնդրում եմ ՝ ետ չկանգնել ու չկորցնել հավատը սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ, իսկ ովքեր գալու են մեզանից հետո, պետք է հասկանան, որ մենք պատրաստ ենք նրան, որ մեզ մեղադրելու են։ Ավելին, եկող սերունդը պարտավո՛ր է մեղադրել մեզ…»․ Միհրան Կոստանյան։

44-օրյա պատերազմի մեր հերոսը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում, զորակոչվել է 2020-ի օգոստոսի 7-ին, ծառայել է Մատաղիսում, կռվել է Մատաղիսում, Թալիշում, Շուշիում։ Առաջին վիրավորումը ստացել է հենց պատերազմի սկզբում․ ողնաշարի կոտրվածք երկու տեղից։ Դեռ չապաքինված հոսպիտալից փախել է Մատաղիս ու կրկին միացել կռվող ընկերներին, կռվել է մինչև պատերազմի ավարտը։

Այդ ընթացքում նաև երկու սալջարդ՝ կոնտուզիա է տանել։ Միհրանը պատերազմից վերադարձել է մի շարք խնդիրներով, առանց դեղորայքի չի կարող անգամ խոսել․ տառապում է լոգոնևրոզով(կակազություն)։ Բայց, ինչպես բանակում, այնպես էլ այսօր, նրա համար առաջնայինը հայրենիքին օգնելու առաքելությունն է։

Այդ նպատակով ստեղծել է հայ ազգագրական պարի և հայ մշակույթի զարգացման «Հէտք» կենտրոնը։ Ասում է՝ «է»-ն էությունն է, որը պիտի բացահայտի կենտրոնում սովորող ցանկացած մարդ։ 2022-ի սեպտեմբերից կդառնա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի ուսանող, բայց արաբերեն սովորել է մինչև ուսանող դառնալը։ Բազմատաղանդ մեր հերոսը նաև ստեղծագործում է՝ արձակ, բանաստեղծություններ, որոնք երգի է վերածում, նվագում է կիթառով։

Նաև անգլերենից թարգմանություններ է անում։ Միհրանը աշխատում է «Բուկինիստ» գրախանութում, որտեղ էլ զրուցեցինք նրա հետ։

Ստորև ներկայացնում ենք Միհրան Կոստանյանի բանաստեղծություններից ․

Դու ամենուր էիր՝
Ինչպես Աստված,
Հեռացումներիդ հետքերը
Մայթերին ուշաթափ եղած
Ծաղիկներ էին թվում ինձ։

Դու ամենուր էիր,
Ինչպես հավատը սիրո.
Ես գիշերները
Աղոթում էի քո ներսի աստծուն՝
Դադարելով լռել Ատելության թախիծը։

Այն տանիքներում,
Որտեղ այնքան երկար
Միասին լռել ենք,
Ես հանգիստ նստած
Բղավում եմ բախտի
Հակառակ երեսին,
Ու մեր փոխարեն
Աստղերը համբուրվում են
Գլխավերևումս,
Եվ հուշում են, որ ես
Հաղթված եմ այստեղ։

Դու քայլում ես մենակ
Ու խոնավ գետնից
Քո սիրելիի արյան
Հոտն է փչում դեմքիդ,
Ես սպառվել եմ այստեղ,
Այստղ իմ մահն են տեսել
Ծեր գնչուները…

Ու դու հենց այդժամ
Ներս ես քաշում թթվածինը,
Եվ արցունքներդ զսպելով՝
Բարձր գոչում ես.
-Երանի՜ բոլոր
Հեռացողներին…

Back to top button