Մոռացված ֆիլմերի ստվերները

Համեստ մարդու «անհամեստ վախը». «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 80-ականների առաջին կեսին երևանյան շենքերից մեկի՝ Արշակունյաց 3 հասցեում գտնվողի բնակիչներն, ամեն առավոտ իրենց բակում վայելում էին Մհեր Մկրտչյանի ներկայությունը։ Անվանի դերասանը երբեմն մեքենայի մեջ, երբեմն էլ՝ մեքենայից դուրս, մի բաժակ սուրճը ձեռքին համբերատար սպասում էր։  

Արդեն տարիներ անց պարզվեց, որ Դիլիջանում նկարահանվող «Համեստ մարդը» ֆիլմի աշխատանքներին շտապող Մհեր Մկրտչյանը սպասում էր կինոնկարի իր խաղընկերուհուն՝ Ալլա Քոթանջյանին։

Հմայիչ ժպիտով, բարի աչքերով, լայնեզր գլխարկով, երևանյան փողոցներում զբոսնել սիրող ՀՀ ժողովրդական արտիստ, թատարոնի և կինոյի սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի անունը վաղուց հայտնի է թատերասեր հասարակությանը։ Թատրոնում դերերի պակաս նա երբեք չի ունեցել։ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի լավագույն ներկայացումներում տարբեր կերպարներ մարմնավորած սիրված դերասանը, սակայն, ոչ պակաս հետաքրքիր և բովանդակալից կենսագրություն է ունեցել նաև կինոյում։

Ռեժիսորական բարձրագույն կուրսերի ուսանող էր, երբ նկարահանվեց Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» ֆիլմում։ Հետո՝ Էդմոնդ Քեոսայանցի «Տղամարդիկ» ֆիլմում մարմնավորեց էքսկուսավար Լևոնին։ Սրանք Ռաֆայել Քոթանջյանի՝ կինոյում մարմնավորած թերևս ամենահայտնի դերերն են։ Բայց այս ֆիլմերի կողքին կան բազմաթիվները, որոնցում նա հանդես է եկել փայլուն դերակատարումներով։

Այդ ֆիլմերից մեկի՝ կինոօպերոտոր, ռեժիսոր Կարեն Մեսյանի «Համեստ մարդը» ֆիլմի նկարահանումների մասին զրուցելու իմ հրավերը ընդունած սիրված դերասանին հյուրընկալեցի Հանրային ռադիոյի տաղավարներից մեկում։

Նախքան կինոյում իր անցած ստեղծագործական ճանապարհը ներկայացնելը, Ռաֆայել Քոթանջյանն իրեն բնորոշ բարեկրթությամբ որոշեց մի անակնկալ մատուցել և եթերից ևս մեկ անգամ արձանագրել, որ իր բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների հետևում կանգնած է իր կյանքի ուղեկիցը՝ կինը, ով միշտ թև ու թիկունք է եղել իրեն:

«Նորանկախ Հայաստանի կայացման տարիներին, երբ երկիրը ծանր վիճակում էր գտնվում, մեծ խնդիր էր ներկայացում խաղալը, որովհետև լույս չկար, ջեռուցում չկար, բայց ես որոշեցի ընդունել «Յալթայում» ֆիլմում նկարահավելու առաջարկը և այնպես ստացվեց, որ նկարահանվեցի ոչ թե մեկ, այլ ավելի քան երեք տասնյակ ֆիլմերում։ Եվ ուզում եմ անպայման նշել, որ այդ ամբողջ ընթացքում իմ կողքին էր իմ տիկինը՝ Ալլան, որը դերասանուհի է, բայց իր ամբողջ կյանքը նվիրեց նրան, որ կայանա Ռաֆայել Քոթանջյան դերասանը»։

Ռաֆայել և Ալլա Քոթանջյանների ստեղծագործական կենսագրությունում մի առանձին տեղ է գրավում «Համեստ մարդը» կարճամետրաժ ֆիլմը։ Կարեն Մեսյանի նկարահանած՝ երեսունութ րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմում առողջարանի գլխավոր բժշկի դերում հանդես եկավ Ռաֆայել Քոթանջյանը, իսկ այնտեղ հանգստացող պաշտոնյայի սիրուհուն մարմնավորեց Ալլա Քոթանջյանը։ Տարիներ անց, վերհիշելով կինոնկարի նկարահանումները, Ալլա Քոթանջյանը պատմում է, որ հայկական բազմաթիվ հայտնի ֆիլմերի օպերատոր Կարեն Մեսյանն այս ֆիլմի նկարահանման ժամանակ ոչ թե իր սիրելի կինոխցիկի առջև էր կանգնել, այլ հարմարավետ տեղավորվել էր ռեժիսորական աթոռին։

«Կարեն Մեսյանը շատ հետաքրքիր և տաղանդավոր արվեստագետ էր։ Նկարահանումները տևեցին երեքից չորս օր։ Նրա բարձր պրոֆեսիոնալիզմի, ճիշտ խորհուրդների շնորհիվ, նկարահանումներն ընթացան առանց խնդիրների ու տհաճ «անակնկալների»»,- ասում է Ալլա Քոթանջյանը։

Արձակագիր, գրող «Ավանգարդ» թերթի երկարամյա լրագրող Վիկտոր Բալայանը գրական աշխարհ մուտք գործեց անցյալ դարի 60-70-ականներին։ Նա այն եզակի արձակագիրներից էր, որ զինվում էր փաստերով և իրական դեպքերը հանրությանը ներկայացնում գեղարվեստական լուծումներով։

Վիկտոր Բալայան

Բրեժնևյան «խավարի» տարիների ավարտին, իսկ ավելի ստույգ՝ 1980 թվականին, Վիկտոր Բալայանը «Երևան» հեռուստաֆիլմերի կինոստուդիայի ղեկավարությանը ներկայացրեց իր հերթական կինոսցենարը։ Խմբագրական կոլեգիայի անդամները չվախեցան հաստատել Խորհրդային միության շարքային չինովնիկի ամենօրյա վախերի մասին պատմող կինոսցենարը։ Կինոնկարի նկարահանումը վստահվեց «Հայֆիլմ» կինոստուդիայի երկարամյա կինոօպերատոր Կարեն Մեսյանին։

Կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ վաստակավոր գործիչ Մելիք Մավիսակալյանի երաժշտական ստեղծագործությունների հնչյուններն անտարբեր չեն կարող թողնել և ոչ մի ունկնդրի։ Երաժշտական գրեթե բոլոր ժանրերում ստեղծագործող կոմպոզիտորը, հայկական բազմաթիվ ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է։ «Համեստ մարդը» կարճամետրաժ ֆիլմի համար երաժշտություն գրելու առաջարկն ստանալիս, նրա մտքով չէր էլ անցնում, որ երկար տարիներ կադրից դուրս աշխատելուց հետո, պիտի հայտվի կադրում։

Մելիք Մավիսակալյան

«Այդ տարիներին շատ տարածված էին արևմտահայերի մասին անեկդոտներ։ Աշխատանքի ընթացքում ես մի երկու անեկդոտ պատմեցի Կարենին։ Նրան շատ դուր եկավ արևմտահայերենին՝ իմ անթերի տիրապետումը, և առաջարկեց ինձ «Համեստ մարդը» ֆիլմում նկարահանվել արևմտահայ զբոսաշրջիկի դերում»,- կինոյում դերասանական իր առաջին և վերջին փորձը տարիներ անց էլ առանց ժպիտի չի կարողանում հիշել Մելիք Մավիսակալյանը։

Ինչպես իր նախորդ ֆիլմերը, այնպես էլ «Համեստ մարդը» Կարեն Մեսյանը նկարահանեց մեծ նվիրումով։ Երեսունութ րոպեների ընթացքում նա փորձեց ճշգրիտ ներկայացնել Խորհրդային Հայաստանում ապրող շարքային չինովնիկի «անտանելի կյանքն» ու այդ կյանքից բխող հետևանքները։ Հաջողվե՞ց դա, թե՞ ոչ, այս հարցի պատասխանը մեզանից յուրաքանչյուրը հստակ կունենա ֆիլմը դիտելուց հետո միայն։

Back to top button