Երաժշտական եռանկյունի

Կանդինսկի օրկեստրա․ «Երաժշտական եռանկյունի»

Նվագախմբերը Հայաստանում մի քանիսն են, ավելի շուտ՝ երեք սիմֆոնիկ նվագախումբ կա և Ազգային կամերայինը: Նրանց գոյությունն ամբողջովին պայմանավորված է պետական կարգավիճակով և հատկացվող պետական բյուջեով:

 Դժվար է պատկերացնել, որ մերօրյա հայկական երաժշտական իրականության մեջ կարող է ծնվել, ձևավորվել և ակտիվ համերգային ընթացք ունենալ նոր նվագախումբ:

«Իմ սկզբնական հետաքրքրությունը երաժշտությամբ պայմանավորված էր թառով: Նվագել սկսել եմ յոթ տարեկանից, զուգահեռաբար ուսումնասիրում էի դաշնամուր և երաժշտության տեսություն՝ մասնավոր կերպով: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ինձ առավել գրավում է դիրիժորությունը, հատկապես ոգևորված էի պարսիկ մեծ դիրիժոր Ալի Ռահբարիի արվեստով», -ասում է «Կանդինսկի օրկեստրա»-ի հիմնադիր և դիրիժոր Քավե Զյուլեն:

«2013-2017-ին ուսումնասիրել եմ կոմպոզիցիա՝ Թեհրանի համալսարանում: Որից հետո երկու տարի վերցրել եմ վարպետության դասեր նույն Ալի Ռահբարիից, որը Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն էր: Մինչ Հայաստան գալը նաև յուրացրել եմ դասական ալտը՝ որպես երկրորդ գործիք»:

Քավե Զյուլեի հայերենի իմացությունը պարզապես ապշեցնում է, հատկապես նկատի առնելով այն հանգամանքը, որ նա տեղափոխվել է Հայաստան 2019-ին: «Պատկերացրեք, որ հայերենի հատուկ դասեր չեմ վերցրել, այլ սովորել եմ լեզուն՝ ուսանողների հետ շփվելով և յութուբյան հայերեն նյութեր դիտելով: Հայաստան եկել եմ խմբավարի մասնագիտացում ստանալու համար և այժմ սովորում եմ Երևանի պետական կոնսերվատորիայում»,- ասում է դիրիժորը:

Մեր հանդիպման բուն առիթը հանդիսացավ մարտ ամսին Արամ Խաչատրյան համերգային դահլիճում կայացած «Կանդինսկի օրկեստրայի» համերգը, ծրագրում Բրուխի ջութակի կոնցերտն էր և Բեթհովենի երրորդ սիմֆոնիան:

Զրույցը շարունակում եմ մենակատարների՝ ջութակահար Դավիթ Հակոբյանի և ալտահար Լիլի Սևոյանի հետ:

«Դավիթ, դուք բացի մենակատար լինելուց նաև ընդգրկված եք բազմաթիվ անսամբլային նախագծերում, «Վելվետ» լարային քառյակի կոնցերտմայստերն եք, և ահա՝ հանդես եք գալիս որպես մենակատար, ներկայացնելով Բրուխի սքանչելի ստեղծագործությունը»:

«Պիտի ասեմ, որ սովոր եմ տարբեր կոլեկտիվներում աշխատելուն, բայց Քավե Զյուլեի հետ աշխատանքը մեծ բավականություն է պատճառում, ինձ դուր է գալիս նրա մանրակրկիտ մոտեցումը և երաժշտության բոլոր նրբերանգները բացելու ցանկությունը», — ասում է Դավիթ Հակոբյանը:

«Համաձայն եմ, որ ստեղծագործական աշխատանքը, փորձերը նոր նվագախմբում, երիտասարդ կոլեգաների հետ մեծ բավականություն է նաև ինձ համար»,- շարունակում է Լիլի Սևոյանը:

Զարմացնում է երիտասարդ նվագախմբի հարուստ երկացանկը՝ Շոստակովիչ, Չայկովսկի, Շուբերտ, Էլգար, Բախ, Ռախմանինով:

«Ես չեմ սահմանափակվում դասականներով, ինձ առավել հետաքրքիր է այսօր գրվող երաժշտությունը, կարծում եմ՝ ժամանակակից նվագախումբը պարտավոր է ունենալ շատ լայն կատարողական ընդգրկունություն», -նկատում է դիրիժորը:

Հաղորդման ընթացքում հնչում են «Կանդինսկի օրկեստրա»-ի, Դավիթ Հակոբյանի և Լիլի Սևոյանի կատարումները:

Back to top button