Երաժշտական եռանկյունի

Հասմիկ Բաղդասարյան՝ ժանրային բացահայտումներ․ «Երաժշտական եռանկյունի»

Կամերային վոկալ երաժշտությունը հարստագույն պաշար ունի: Հարյուրամյակների կուտակումներ, տարբեր դարաշրջաններ, երգեցողության նորացվող տեխնիկական հնարքներ և երաժշտությունը ներկայացնելու բազմաթիվ ձևաչափեր:

«Ինչո՞ւ որպես պրոֆեսիոնալ ոլորտ նախընտրեցիք հենց կամերային երաժշտույթունը» հարցիս երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը պատասխանում է.

«Կամերային երաժշտությունը ներկայացված է առաջին հերթին եվրոպական դասական արվեստով, ինչպես նաև հայկական երաժշտությունը՝ ֆոլկլորն ու հոգևորը, նույնպես կարելի է նկարագրել որպես կամերային: Այդ ոլորտներն ի սկզբանե մեծ ձգողականություն ունեին ինձ համար, աշխատել եմ որպես մեներգչուհի Հայաստանի կամերային երգչախմբում, բայց դա կարծես թե չէր հագեցնում իմ հետաքրքրությունը երգեցիկ ժանրի հանդեպ: Երկու տասնամյակ առաջ ստեղծվեց «Լույս հնգյակը», որն իր ծառայությունն է մինչև օրս բերում Գեղարդավանքում, և որի երգացանկն ամբողջովին կազմված է հայկական հոգևոր երգերից»:

Հետաքրքիր է, որ երգչուհին իր տեղը հաստատել է ոչ միայն հոգևոր երաժշտության, այլ նաև ազգային ժողովրդական, և ինչը շատ կարևոր է՝ ժամանակակից երաժշտության ոլորտում. «Իմ կյանքում առավել մեծ նշանակություն ունեցող նախագծերից կնշեի Մաշտոցյան շարականների շարքը և «Նաղաշ» անսամբլի համերգներն ու ձայնագրությունները:

Առաջինը վերաբերվում է հոգևոր երաժշտությանը, երկրորդը ժամանակակից կոմպոզիտոր Ջոն Հոդյանի ստեղծագործություններն են: Կոմիտասյան թեման միշտ ուղեկցում է ինձ, դեռևս Կոնսերվատորիայում ուսման տարիներից: Այսօր աշխատում եմ «Կոմիտաս թանգարան-ինստիտուտում»՝ որպես համերգային ծրագրերի ղեկավար, և իմ ամենամեծ նվաճումը համարում եմ «Մանկական համերգ» նախագիծը»:

Հասմիկ Բաղդասարյանը չի սահմանափակվում վերը նշված ժանրային սահմաններով, այլ նաև սեփական նախաձեռնությամբ և մշակմամբ ներկայացնում է ազգային երգեր, օրորոցայիններ, ինչպես նաև ռուսական ռոք և բալադային ժանրի ստեղծագործություններ: Հաղորդման ընթացքում հնչում են Հասմիկ Բաղդասարյանի վերջին շրջանի կատարումները:

Back to top button