Սփյուռքի ձայնը

Շվեյցարահայ համայնքում երիտասարդների թիվը նվազում է․ «Սփյուռքի ձայնը»

Շվեյցարահայ Արմեն Ղարիբյանը փրկարար է, Հայաստանում կամավոր է թե Կարմիր խաչում, թե ԱԻՆ-ում։ Շվեյցարահայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչը թեև հայկական դպրոց է հաճախել, սակայն այսօր այնքան էլ չի մասնակցում համայնքային կյանքին։ «Ճիշտ է հայ երիտասարդները մասնակցում են Շվեյցարիայում հայության կազմակերպած միջոցառումներին, սակայն պետք է նշեմ, որ նրանք համայնքային կյանքում ակտիվ չեն:

Պատճառը՝ տարբեր երկրներ տեղափոխվելն է, համայնքում երիտասարդներին հետաքրքրող միջոցառումների պակասն է և այլն»,-ասում է Արմենը: 23-ամյա շվեյցարահայը նշում է, որ այդ ամենին հետ մեկտեղ ինքը և իր նման շատերն այսօր ապրում են հայրենիքի կյանքով, շատերն էլ տեղափոխվում են Հայաստան: «Այո, ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչը կապված է Հայաստանի և հայաստանցիների հետ:

Ինչպիսի՞ն են նրանք, ի՞նչ մտածողություն ունեն և այլն: Իսկ ինչո՞ւ է հետաքրքրում. քանի որ ես դեռ վերադառնալու եմ Հայաստան, գուցե՝ ընդմիշտ, այստեղ մտադրություն ունեմ շարունակել կրթությունս և այլն»,- ավելացնում է:

Արմեն Ղարիբյանը Հայաստանում շատ խնդիրներ է նկատել է: Վստահ է, որ դրանք կարող են լուծվել, պետք է միայն միասնական աշխատանք և հարգանք մեկը մյուսի նկատմամբ: Նշում է նաև, որ այստեղ լինելով հետաքրքիր իրավիճակների է հանդիպել նաև կամավորության ժամանակ: «Շվեյցարիայում մեկին չես կարող օգնել, ով դա չի ուզում: Հայաստանում գտնվելով, ականատես եղա այն բանի, որ օգնում են նրան, ով դրա կարիքն ունի, անկախ նրանից՝ ցանկանում է նա, թե ոչ:

Ի դեպ, խոսելով Շվեյցարիայում հայության մասին, նշենք, որ Շվեյցարիա ապաստանած առաջին հայերը (17-18-րդ դարեր) եղել են առևտրականներ։ 19-րդ դարի կեսից Շվեյցարիայում հաստատվել են հայ երիտասարդներ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (Շվեյցարիայում են սովորել Գ․ Արծրունին, Ա․ Իսահակյանը, Դ․ Դեմիրճյանը, Առանձարը և հայ այլ մտավորականներ)։ 1907 թվականին Շվեյցարիայի տարբեր քաղաքներում համերգներով հանդես է եկել Կոմիտասը։ Ազգային կյանքը համեմատաբար ավելի կազմակերպված էր Ժնևում, որտեղ 20 դարի սկզբին կազմավորվել էր հայ համայնք։

Հայերի թիվը Շվեյցարիայում սկսել է աճել 1920-ական թվականների վերջին և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ի հաշիվ Ստամբուլից և Եվրոպայի հայ գաղութներից եկած ընտանիքների։ 1920-ական թվականներին Լոզանի և ժնևի միջև գտնվող Բենիեն գյուղում տեղավորվել է Կ․Պոլսից փոխադրված հայկական որբանոցը, որին կից գործել է նախակրթարան։

2012 թ․-ին Շվեյցարիայում հաշվվում է ավելի քան 5 հազար հայ, որոնք բնակվում են Ժնևում, Լոգանում, Ցյուրիխում։ Շվեյցարահայերը հիմնականում առևտրականներ, բարձրորակ մասնագետներ, ձեռնարկատերեր, բանկերի պաշտոնյաներ են։

Զգալի թիվ են կազմում ուսանողները։ Գաղութի ազգային կյանքը կազմակերպում է «Շվեյցարիայի հայոց միությունը» (կենտրոնը գտնվում է ժնևում), որի վարչությունն ընտրվում է 4 տարին մեկ անգամ։ Գործում են նաև«Շվեյցարիայի հայ երիտասարդական միությունը», հայկական Ս․ Հակոբ եկեղեցին (կառուցվել է 1970 թ․-ին, Ժնևում), որին կից՝ մեկօրյա դպրոց և կանանց միությունը, ՀԲԸՄ Շվեյցարիայի մասնաճյուղը ՝ 1910 թ․-ից։ Նշենք նաև, որ Ժնևի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն։ Նույն համալսարանում երկար տարիներ դասավանդել է հայագետ Ռ․ Գոդելը, որի որդին՝ բանաստեղծ Վ․ Գոդելը, հայերենից ֆրանսերեն է թարգմանել հայ գրողների երկեր։

Back to top button