Վերլուծական

ԱԺ արտահերթ ընտրություններ. հետհաշվարկի մեկնարկը տրված է

Հին, թե նոր ԸՕ-ով՝ դեռ հստակեցված չէ, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետհաշվարկի մեկնարկը, ինչպես ասվում է, արդեն տրված է: ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը պնդում են, որ հավատարիմ են մնալու պայմանավորվածություններին եւ առաջիկա 14 օրում որեւէ անակնկալ քայլ չեն անելու:

Այսպիսով՝ խորհրդարանն արդեն հանգիստ մթնոլորտում գնում է ինքնալուծարման: Ով եւ ինչ հավակնություններ ունի դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններից. փորձենք հասկանալ քաղաքական դաշտի տրամադրվածությունները:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ կառավարությունը երեկվանից բանակցում է նոր ԸՕ-ի նախագծի շուրջ: Շատերի համար ընդունելի է օրինակ դրույթը, որ խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 4 քաղաքական ուժ:

Այսինքն՝ եթե ուժերից մեկն անգամ չհաղթահարի սահմանված անցողիկ շեմը, բայց հավաքի ընտրողների ձայների առնվազն 2 տոկոսը, ապա խորհրդարանում տեղ զբաղեցնելու հեռանկար կունենա: Սա թերեւս հետհեղափոխական իրավիճակի լուծումներից մեկն է:

 

Վերլուծաբաններից շատերը կանխատեսում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կրկնելու են Երեւանի ավագանու ընտրությունների պատկերը: Հեղափոխական ուժի համար կանխատեսում են ձայների 80 տոկոսից ավելին:

Այս իրավիճակում Հանրապետական կուսակցության անդամները բաժանվել են երկու թեւի՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու եւ ընտրական այս ցիկլը բաց թողելու կողմնակիցների: Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը առաջինների մեջ է:

Կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, քանի որ ընտրությունների օրը դեռ նշանակված չէ: Այս փուլում ընթանում են հետազոտական, վերլուծական աշխատանքներ, քաղաքական դաշտի եւ հանրային կարծիքի ուսումնասիրություններ:

Ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամ «Ծառուկյան» դաշինքը մեկնարկային բարդ պայմաններում է, ու չնայած դրան հենց այս ուժը վարչապետի հետ հուշագիր ստորագրեց արտահերթ ընտրությունների մասին:

Մինչ նոր ընտրապայքարի մեջ մտնելը՝ նախ անհրաժեշտ է հետեւություններ անել, ասում է կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Կմասկանցե՞ն, թե՞ չեն մասնակցի արտահերթ ընտրությունների՝ հարցը դեռ անպատասխան է թողնում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

2017-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 ուժերից 2 տոկոսը հատել էին «ՕՐՕ» դաշինքն ու «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը: Վերջինն այժմ կրկին վերափոխվել է «Օրինաց երկրի»:

Կուսակցության անփոփոխ ղեկավար Արթուր Բաղդասարյանը վերջին շրջանում հարկ է համարում հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական լուրջ տարաձայնությունների պատճառով հրաժարական է ներկայացրել ԱԺ նախագահի պաշտոնից, հետո՝ Սերժ Սարգսյանի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով հեռացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս արտահերթ ընտրություններից առաջ Բաղդասարյանն անընդհատ հիշեցնում է, որ առաջիններից էր, որ սատարել է «թավշյա հեղափոխությանն» ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին:

Հեղափոխությունը «կուլ է տվել» բոլոր կուսակցությունների ընտրազանգվածը։ 2017- ին «ՕՐՕ» դաշինքով ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը շեշտում է՝ մշտապես խոսել են արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, անգամ եթե չհայտնվեն խորհրդարանում:

Տարբեր ընդհատումներով Հայաստանի խորհրդարանում դեռեւս 1990 թվականից աշխատել է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը: «Հանրապետական» խմբակցության կազմում դեռ քանի օր կզբաղեցնի իր այսօրվա աշխատասենյակը ԱԺ-ում՝ չգիտի:

Գրեթե արդեն հստակեցված է՝ ապագա խորհրդարանում «Ելք» խմբակցություն չի լինի: Ամենայն հավանականությամբ կգործի ավագանու արտահերթ ընտրությունների ձեւաչափը: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի սեւագիրը պատրաստվում է՝ առանձին հանդիպումներ առանձին մարդկանց հետ տեղի ունենում են, ասում է Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այդ հանդիպումները, սակայն, դեռ պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի:

«Ելք» խմբակցության մյուս հատվածը՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններն այս պահի դրությամբ հակված են կրկնել Երեւանի ավագանու ընտրությունների ձեւաչափը «Լույս» դաշինքի տեսքով:

Back to top button